ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով այն փաստին, որ իրեն թույլ չէին տվել մասնակցել Եվրոպայի ամենախոշոր և իշխող քաղաքական ուժի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության, կարևոր միջոցառմանը՝ քաղաքական համաժողովին, որը տեղի է ունեցել Հելսինկիում՝ մարտի 9-10-ին, մասնավորապես գրում է.
«ԵԺԿ Գլխավոր քարտուղար Թանասիս Բակոլասը իր պաշտոնական էջում խիստ քննադատել էր Հայաստանի իշխանությունների արարքը և եվրոպական քաղաքական վերնախավի այլ ներկայացուցիչներ նույնպես անընդունելի էին համարել ՀՀ գործող վարչակազմի վերաբերմունքը քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ:
Տես այստեղ՝։
Հիմա ուզում եմ ձեզ ներկայացնել մի փաստաթուղթ՝ այն գրավոր «հիմքը», որով ՔԿ համապատասխան քննչական խումբը՝ քննիչ Տ. Շոխոյանի ստորագրությամբ մերժել է իմ մասնակցությունը:
Կարդացեք նաև
Ինչպես տեսնում եք գրությունից, ներկայացված միջնորդությունը մերժվել է, քանի որ քրեական վարույթով նախաքննությունը գտնվում է ակտիվ փուլում, ինտենսիվ կատարվող վարութային գործողությունների արդյունքում, իբրև թե, ակնկալվում են ստացվել տվյալներ, որոնք իրենց հերթին, կարող են հանգեցնել հրատապ և անհետաձգելի գործողությունների կատարման անհրաժեշտության, նշված ժամանակահատվածում և այդ թվում՝ իմ մասնակցությամբ:
Այսօր մարտի 13-ն է, և ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ նշյալ ժամանակահատվածում ինձ հետ կապված և ոչ մի քննչական, այդ թվում՝ «անհետաձգելի» գործողություն տեղի չի ունեցել, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԵԺԿ Քաղաքական համաժողովին մասնակցելու նպատակով երկրից բացակայելու արգելքը ժամանակավորապես վերացնելու առնչությամբ միջնորդությունը մերժվել է բացառապես քաղաքական հիմքով:
Կրկին համոզվեք, որ որևէ օբյեկտիվ հիմք, որևէ հատուկ կարևորության գործողություն չկար, որ կխոչընդոտեր իմ հնարավոր մասնակցությանը, և ինձ արգելելու որոշման հիմքում ընկած է Նիկոլ Փաշինյանի անձնական որոշումը, որը փաթեթավորել է ծառայամիտ Քննչական կոմիտեի և իր համապատասխան աշխատակիցների նմանատիպ գրություններով:
Ավելորդ չէ հիշեցնել, որ համաշխարհային քաղաքական կարևոր իրադարձություններին մասնակցելն ինձ համար հնարավորություն է հերթական անգամ բարձրաձայնել Արցախին և Հայաստանին վերաբերող խնդիրները, ինչը ապացուցել եմ իմ ողջ քաղաքական կենսագրության ընթացքում. թե՛ փաստը, թե՛ իմ համեստ ուժերի շրջանակներում դրա արդյունավետությունը»: