Բահրեյնում անցկացվող Միջխորհրդարանական միության 146-րդ համաժողովի օրակարգում ներառված հրատապ հարցի քննարկմանը ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Ծովինար Վարդանյանը:
«Տիկնա’յք եւ պարոնա’յք,
Մենք քննարկում ենք ճգնաժամերն ու մարդկային ողբերգությունները, որոնցում ներգրավված են մեծ թվով մարդիկ, եւ այս համատեքստում «Իրազեկության բարձրացում եւ գործողությունների կոչ Աֆղանստանի, Սիրիայի Արաբական Հանրապետության, Ուկրաինայի, Եմենի եւ այլ երկրների ժողովուրդներին հուզող լուրջ հումանիտար ճգնաժամերի ու կանանց եւ երեխաների հատուկ խոցելիության վերաբերող» հրատապ հարցը:
Մենք` խորհրդարանականներս, առաջին եւ ամենամեծ միջխորհրդարանական ֆորումի անդամներս, պետք է պատասխանատվություն զգանք այն բոլոր տառապանքների եւ կորուստների համար, որոնց բախվում են հասարակ մարդիկ` հատկապես կանայք, տարեցներն ու երեխաները պատերազմների, կլիմայի փոփոխության եւ այլ աղետների ժամանակ:
Կարդացեք նաև
Բայց մենք պետք է պայքարենք ոչ միայն մեծ աղետների, այլեւ ավելի փոքր մասշտաբի ճգնաժամերի դեմ, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի հումանիտար աղետը, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի` դեպի արտաքին աշխարհ տանող միակ ճանապարհի փակման հետեւանքով: Ստեղծված իրավիճակի արդյունքում Լեռնային Ղարաբաղի շուրջ 120.000 էթնիկ հայ, ներառյալ մոտ 30.000 երեխա, մնացել է առանց առաջին անհրաժեշտության ապրանքների եւ ծառայությունների հասանելիության: Նրանք զրկված են կենսական անհրաժեշտ դեղորայքից եւ բժշկական օգնությունից, քանի որ Կարմիր խաչի եւ խաղաղապահների կողմից մատակարարվող մարդասիրական օգնությունը չի համապատասխանում պահանջարկին: Էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարման խափանումները հանգեցրել են սարսափելի դժվարությունների:
Չնայած Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը կիրառել է միջոցներ, որոնք պահանջում են Ադրբեջանից վերացնել շրջափակումը, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը շտապ կոչ է արել ապաշրջափակել այն, իսկ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումն այն մասին է, որ Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժը, սակայն Ադրբեջանը շարունակում է փակ պահել միջանցքը:
Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը երեկ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կարող են ինտեգրվել ադրբեջանական հասարակությանը եւ օգտվել Ադրբեջանի քաղաքացիների բոլոր իրավունքներից ու ազատություններից:
Արդյո՞ք սա նշանակում է, որ Կարմիր խաչի միջոցով շատ սահմանափակ օգնության տրամադրումն Ադրբեջանի իշխանությունների կողմից տրված արտոնությունն ու ազատությունն է:
Freedom House-ի վերջին զեկույցում Ադրբեջանը որպես անազատ երկիր է վկայակոչվում` 100-ից հավաքելով 9 միավոր: Ադրբեջանը չի կարող երաշխավորել սեփական քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Արդյո՞ք Ադրբեջանի ղեկավարությունը նկատի ունի, որ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է օգտվեն հենց այդ իրավունքներից ու ազատություններից:
Մյուս կողմից Ադրբեջանական պետության ղեկավարը հայերի զանգվածային արտաքսման կոչ է անում: Դա չի կարելի այլ կերպ մեկնաբանել, քան էթնիկ զտման պետական քաղաքականություն: Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման, հայ ռազմագերիներին պատանդ պահելու, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ագրեսիայի հաճախակի գործողությունների փաստն ինքնին ապացուցում է Լեռնային Ղարաբաղում միջազգային ներկայության հրատապ անհրաժեշտությունը` տեղում իրավիճակը դիտարկելու եւ հայրենիք ունենալու իրավունք ունեցող մարդկանց իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար:
Շնորհակալություն»,- եզրափակել է Ծովինար Վարդանյանը:
ՀՀ Ազգային ժողով