Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է կատարվում Գյումրու նոր մաքսատան դիմաց․ խցանումներ, մեծ հերթեր

Մարտ 13,2023 20:44

Գյումրու նորակառույց Հյուսիսային մաքսատան դիմաց մաքսազերծման ենթակա ավտոմեքենաների մեծ կուտակումներ են, հերթն անհաշվելի է։

Հերթի մեջ գտնվող ֆուռերի քանակը օրերս փորձել էր հաշվել «Գյումրու ժուռնալիստների Ասպարեզ ակումբի» խորհրդի նախագահ, ավագանու նախկին անդամ Լևոն Բարսեղյանը՝ ուղիղ եթեր մտնելով, ցույց տալով պատկերն ու միաժամանակ նաև հիշեցնելով, որ երկու տարի առաջ քաղաքային իշխանությանն առաջարկել էր ավտոկայանումները Գյումրիում դարձնել վճարովի՝ վերանայելով 2012 թվականին Գյումրու ավագանու կողմից ընդունված որոշում առ այն, որ պետք է անվճար լինեն։

«Մինչև հիմա զրո է ավտոկայանման վճարը»,- ասում է Լևոն Բարսեղյանը՝ նշելով, որ հիմնականում հերթի մեջ արտասահմանյան մեքենաներ են՝ վրացական պետհամարանիշներով, մաքսատանն էլ չեն հասցնում սպասարկել։

«Վատ չէ, որ գալիս-գնում են ու ծանրաբեռնվածությունն իսկապես մեծ է, բայց ի՞նչը կխանգարեր, եթե այս ավտոմեքենաների ատոկայանման համարի ավագանին վճար սահմանած լիներ, հաշվում եմ 90 ավտոմեքենա, ես ամենափոքր թիվ եմ ասում, հինգ դոլար ասենք օրական, դրանք օրերով կանգնած են։ 5 դոլարը բազմապատկեք 90-ով կամ 100-ով, օրական 500 դոլար Գյումրու բյուջեին վնաս կլինե՞ր։

Երբ կարևոր հարցեր են լինում, պարզվում է բյուջեում փող չկա, բայց 10 օրվա ընթացքում 5 հազար դոլար կարող էր մտնել բյուջե։

Մի խոսքով, այ էս տեսակ, այ էս ձևով Գյումրու հնարավոր եկամուտները մնում են դրսում, այս ֆուռերի համար կամ բեռնափոխադրողների համար որևէ բեռ չէ Գյումրիում կայանման համար, փողոցում, մասնավոր տարածք չէ, մեր համայնքային տարածքն է , վճարել օրական 5 դոլար, նույնիսկ 10 դոլար, 10 օրում քաղաքը կարող էր ունենալ 5 հազար դոլար լրացուցիչ եկամուտ, արտասահմաններում առասպելական թվեր են։

Ամեն անգամ, երբ որևէ մեկին համայնքապետարանում կասեն այս ինչ գործի համար փող չկա, ասեք, որ լիքը փող կա, օրինակն այդ համայնքի բյուջե չմտնող լիքը փողերից, ես ներկայացրեցի», ասում է Լևոն Բարսեղյանը։

Շաբաթ օրը Գյումրիում կազմակերպված բիզնես ֆորումի ժամանակ լրագրողները Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է այդ վիճակը , ինչո՞վ են պայմանավորված ավտոմեքենաների մեծ հերթերը։

«Այցելել եմ մաքսատուն, տեսել եմ մեծ հերթերը, դրանք պայմանավորված են նաև նրանով, որ մենք, ժամանակին հաշվի առնելով Գյումրի քաղաքի շահերը, որոշել ենք, որ ավտոմեքենաների մաքսազերծումը պետք է տեղի ունենա Գյումրիում և նման դեպքում հերթերից զարմանալ պետք չէ, ամբողջ ծավալը գալիս, կուտակվում է։

Իհարկե, վերջին ամիսներին այնքան շատացավ, որ մենք ժամանակավոր թե՛ Արևելյան մաքսատանը՝ Վանաձորում և թե՛ Երևանում կազմակերպեցինք գործընթացը։ Այնտեղ հոսքերի հետ կապված խնդիրներ առաջացան, և հիմա Գյումրիում, բնականաբար, մեծ հերթեր են։

Կապված է նաև նա հետ, որ ԵԱՏՄ որոշ երկրներ այնուհետև ապրանքները վերարտահանում են»։

Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ օրական 200-ից ավելի տարանցման հայտարարագիր է գրվում Գյումրու մաքսատանը և ավելի քան 200 մաքսազերծման պրոցես է կատարվում։

Այն, ըստ ՊԵԿ նախագահի, հսկայական մեծ հոսք է, որը նախկինում չկար։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031