«Կառավարության ծրագրում նախատեսված է, որ գործադիրն ապահովում է իրավապաշտպանների անխոչընդոտ աշխատանքի համար նախատեսված պայմանները։ Կարճ ժամանակ առաջ պետական կառույցները գնահատականներ չտվեցին ոստիկանական բաժանմունքում փաստաբանների հանդեպ բռնության դեպքին»․ այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում «ՀՀ կառավարության ծրագրի 2022թ․-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Պատգամավորը բարձրաձայնեց նաեւ ԲԴԽ-ի կողմից որոշ դատավորների հանդեպ կարգապահական վարույթների ընտրողաբար հարուցման հարցը։
Գրիգոր Մինասյանն ասաց․ «Մեր միջազգային գործընկերների պահանջներից է նաեւ բխում, որ դատավորները հնարավորություն ունենան բողոքարկելու ԲԴԽ-ի որոշումները։ Նախագիծը պատրաստ է եւ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով։ Հիմնականում դրական է կարծիքը։ Հավանության արժանանալու դեպում ԲԴԽ-ում երկպալատ համակարգ է ձեւավորվելու։ Կարգապահական վարույթը սկզբում քննելու են ԲԴԽ չորս անդամներ՝ երկու գիտնական եւ երկու իրավաբան, հետո եթե որեւէ կողմ գոհ չէ որոշումից, հնարավորություն կունենա բողոքարկելու վերին պալատում։ Նոր դատարան չենք կարող ստեղծել, ուստի սա գործող սահմանադրությամբ միակ ձեւն է։ Այս մոդելով ձեր մտահոգությունները կփարատվեն»։
Գրիգոր Մինասյանը նաեւ հետեւյալ նկատառումն արեց, որ ԲԴԽ-ում լրատվամիջոցներն ու այլ դատավորները սովորաբար ներկա են լինում կարգապահական այն վարույթների քննություններին, որոնք վերաբերում են հանրային հնչեղություն ունեցող եւ պարբերաբար հայտարարություններ անող դատավորներին, իսկ մյուս դեպքերում դահլիճում լրագրողներ չեն լինում։
Կարդացեք նաև
Արծվիկ Մինասյանը ելույթի ընթացքում հայտարարեց, որ ամեն գնահատականից առաջ Գրիգոր Մինասյանը համեմատություններ է անում նախկինների օրոք եղած իրավիճակի հետ․ «Եթե նախկինում ամեն ինչ լավ լիներ, այսօրվա քաղաքական ուժը չէր գա իշխանության։ Հետեւաբար, եղել են նաեւ խնդիրներ։ Բայց անընդհատ համեմատելը ճիշտ չէ։ Ձեր պնդումներն իրականություն չեն, օրինակ, սահմանադրության հետ կապված։ Նիկոլ Փաշինյանին ի՞նչն է խանգարում սահմանադրությունը չխախտել։ Ըստ սահմանադրության՝ իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունք կա։ Նիկոլ Փաշինյանին ո՞վ էր ստիպում հրահանգել շրջափակել դատարանները։ Նախկինները չէին, չէ՞։ Բազմաթիվ դրվագներ այսօր ոտնահարվում են եւ արհամարհվում։ Գործադիր իշխանությունն առաջինն է ոտնահարում թափանցիկության սկզբունքը։ Կամ, պատգամավորական հարցումը պաշտպանված է սահմանադրությամբ, բայց հոկտեմբերից գրավոր հարցում եմ ուղարկել եւ կառավարությունը մինչեւ հիմա պատասխան չի տալիս։ Հիմա ես ո՞ւմ բողոքեմ»։
Գրիգոր Մինասյանը դիտարկումների հետ չհամաձայնեց․ «Գործադիրի գործողությունները նպաստում են դատական համակարգի բարեփոխմանը։ Ասում եք, որ անընդհատ համեմատում եմ նախկինի հետ։ Ոչ, ուղղակի ասում եմ, թե ինչ է արվել եւ ինչի համեմատ է դա արվել։ Ամեն ինչ համեմատության մեջ է»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ