Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ո՞վ ենք, ի՞նչ կոճակների վրա պիտի աշխատենք, որ գնանք առաջ». Խաչատուր Սուքիասյանը՝ Վահան Քերոբյանին

Մարտ 13,2023 18:44

2022 թվականի ընթացքում, Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության շրջանում, ՀՀ տնտեսությունում գրանցված տնտեսական աճը՝ 12,6 տոկոս, 2008 թվականից ի վեր գրանցված ամենաբարձր աճն է: Այս մասին, այսօր, ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նա ներկայացնում էր «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:

Գրանցված աճին, ըստ նախարարի, նպաստել են արդյունաբերության, առեւտրի, ծառայությունների ու շինարարության ոլորտներում գրանցված աճերը, ապրանքների արտահանման աճը կազմել է 77,7 տոկոս, Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության ծավալը՝ 14 միլիարդ 128 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլար, նախորդ տարվա համեմատ աճը՝ 68 տոկոս, ներմուծման ծավալը կազմել է 8 միլիարդ 768 միլիոն ԱՄՆ դոլար:

ԵԱՏՄ-ի հետ համագործակցության տեսանկյունից, ըստ նախարարի, տեղաշարժեր են գրանցվել մի շարք ոլորտներում: Մեկ տարվա կտրվածքով, մոտ 50 հազար ոչ հայեր են եկել Հայաստան՝ Ուկրաինայից, ՌԴ-ից, Բելառուսից եւ նրանց մի մասն իր տնտեսական գործունեության առանցքը մասանբ տեղափոխել է Հայաստան. 2022-ի ընթացքում, ՌԴ քաղաքացիություն ունեցող հիմնադիրներով, պետական գրանցում են ստացել 7328 կազմակերպություններ եւ ԱՁ-ներ: Գործունեության հիմնական ոլորտներն են՝ ծրագրային ապահովման մշակում՝ մոտ 3900 ընկերություն, մեծածախ եւ մանրածախ առեւտուր՝ 679 եւ այլն: Էական աճ է գրանցվել նաեւ ԵԱՏՄ-ից ժամանած զբոսաշրջիկների մասով. 2022-ին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների ընդհանուր թվից՝ 1 միլիոն 665 հազար 658 մարդուց, 790 հազար 400 մարդ է, աճը՝ 2,2 անգամ՝ նախորդ տարվա համեմատ, Բելառուսից՝ նախորդ տարվա համեմատ այցելուների աճը 2,4 անգամ շատ է:

2022-ին, Հայաստան եկած տրանսվերները կազմել են 5 միլիարդ 190 միլիոն ԱՄՆ դոլար, նախորդ տարվա համեմատ աճը եղել է 2,5 անգամ, որից՝ ՌԴ-ից փոխանցված տրանսֆերտները կազմել են 3,6 միլիարդ դոլար, աճը՝ 2,4 անգամ: ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունը անցած տարի կազմել է 5 միլիարդ 267 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է  92,7 տոկոսով, իսկ արտահանումը Հայաստանից՝ ԵԱՏՄ երկրներ, կազմել է մոտ 2,5 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 2,8 անգամ, ներմուծումը կազմել է 2,7 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար աճել է 49 տոկոսով: 5 միլիարդ 33 միլիոն ԱՄՆ դոլար էլ ՌԴ-ի հետ առեւտրաշրջանառությունն է կազմել:

Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նկատեց, որ այն քաղաքացիները, որոնք եկել են Հայաստան, երբ գնան եւ եկամտահարկի մասով ենք նվազումներ ունենալու, եւ այլ ու հետաքրքրվեց՝ կառավարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկել փոխարինող ուղղություններ եւ ճյուղեր գտնելու համար: Պատգամավորն ուսումնասիրել է նաեւ ՀՀ-ի ու հարեւան Վրաստանի եւ Ադրբեջանի տնտեսական կառուցվածքը եւ այդ երկրների ՀՆԱ-ն՝ հետաքրքիր դինամիկա է տեսնում. օրինակ, այս երկրների ՀՆԱ-ն 2016-ին եւ 2022-ին՝ բավական փոփոխություն կա, բայց վերլուծություններ չկան, որ մարդիկ հասկանան, թե դոլարային արդյունքով որքա՞ն է ՀՆԱ-ն, դոլարի փոխարժեքի տատանման արդյունքում ի՞նչ շարժեր կան, լոգիստիկ ծառայությունների համար Ադրբեջանը տարեկան որքա՞ն գումար է Վրաստանին փոխանցում եւ այլն եւ մենք «ո՞վ ենք, ի՞նչ կոճակների վրա պիտի աշխատենք, որ գնանք առաջ»:

Նա հետաքրքրվեց նաեւ՝ ԵԱՏՄ-ում, օրինակ, ի՞նչ նոր արտադրությունների կարիք կա, որը կարող ենք այդ շուկայում վաճառել: Նրա կարծիքով, լուրջ կոոպերացիա պետք է ունենանք, որպեսզի փոխկապակցվածություն լինի, ինչը նաեւ քաղաքական կայունության կբերի:

Վահան Քերոբյանը պատասխանեց, որ նաեւ միջազգային ռեյտինգայի գործակալությունների գնահատմամբ, այն օտարերկրացիներն, ովքեր հիմա բնակվում եւ աշխատում են Հայաստանում, չի ենթադրվում, որ մոտ ապագայում գնալու են: Նախարարության ամենշաբաթյա գնահատականներով, այդ մարդկանց թիվը դեռ մի բան էլ ավելանում է: Նաեւ ասաց, որ կառավարությունը ամեն ինչ վերահսկում է, ամեն ինչ շատ լավ է: Խաչատուր Սուքիասյանը պնդեց, որ ուզում է կոնկրետ թվեր տեսնել՝ կոնկրետ ոլորտների համար: Նախարարը հակադարձեց, որ ոչ կրթությունն է իր ոլորտը, ոչ IT-ն: Խաչատուր Սուքիասյանն էլ հավելեց, որ Քերոբյանն է ասել՝ 49,1 տոկոս աճ կա, ուստի, ինքն էլ ուզում է հասկանալ՝ դա ի՞նչ է:

Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031