44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի նահատակված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, այսօր «Հայելի» ակումբի ուղիղ եթերում ասաց. «Ինչքան ենք խոսել: Դեռ երբ էր՝ ասացի, որ այսօրվա իշխանությունը Արցախն արդեն հանձնել է եւ այսօր անցել են Հայաստանը հանձնելուն: Այստեղ միակ ցավն այն է, որ ոչ Հայաստանում, ոչ Արցախում ժողովրդի արթնացում չգրանցվեց: Եթե ժողովուրդը ոտքի կանգներ, այս ստահակները վաղուց արդեն հեռացված կլինեին: Ես չեմ կարողանում հասկանալ, թե իմ ժողովրդի հետ ինչ է կատարվում, որովհետեւ իսկապես գոյութենական վտանգի առջեւ ենք կանգնել, իսկապես, արդեն Հայաստանն է վերջը: Ես չէ՝ լուրջ մասնագետներ են խոսել, որ վերջնանպատակը Սյունիքն է, իրենց ասած՝ Զանգեզուրի միջանցքը: Եվ երբ դա էլ իրացվի՝ վերջ:
Հիմա ոմանք մտածում են, որ շուտով Թուրքիայում ընտրություններ են, որ Էրդողանը կտապալվի: Բայց եթե անգամ տապալվի, ինչ, պրոհայկական ղեկավար պետք է գա՞: Դա է՞ ձեր հույսը: Հույսը պետք է դնել այստեղի մեր ռեսուրսի վրա»,-ասաց տիկին Մելիքյանը՝ միեւնույն ժամանակ քննադատելով ընդդիմությանը, որը անհասկանալիորեն պասիվ է: «Ընդդիմությունն ասում է, թե ավելի լուրջ են մտածում ու նախապատրաստվում բողոքի նոր ալիքների, որպեսզի այս անգամ էլ ծրագիրը չտապալվի: Հուսամ: Բայց մտածելու պրոցեսում հետեւում ենք թողել խայտառակ աշունը եւ երկար ձմեռը: Ոչինչ չարեցին: Լավ, կարելի է՞ր այդ հինգ-վեց ամսում եթե իրենք ճիշտ են ասում, այդ ամենը պլանավորել: Տեսեք, ամբողջ փետրվարը ինչ եղանակ էր եւ հնարավոր էր մարդկանց հանել փողոց, որովհետեւ սրանց հեռացնելու այլ ճանապարհ բացի փողոցից, չկա: Ես սահմանադրությունը հարգում եմ, բայց սրանք այսօր սահմանադրությունն էլ են բռնաբարել: Բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե սրանց կարելի է սահմանադրական ճանապարհով հեռացնել, նշանակում է՝ նստել եւ սպասել, թե երբ Հայաստանն արդեն չի լինի: Իսկ այս ամենն այնպիսի ռեկորդային արագությամբ է տեղի ունենում, որ, այո, արդեն մտավախություն ունեմ, որ մինչեւ այս տարվա վերջ այս տեմպերով առաջ գնալու պարագայում այլեւս պետականություն չենք ունենա:
Դրա համար ինչո՞ւ զարմանալ սրանց ասածների ու հայտարարությունների վրա: Նրանք մինչեւ հիմա ինչ ասել ու արել են, մարսել են: Բայց իհարկե, սրտի անկյունում, այնուամենայնիվ վախ ունեն՝ բա որ… Բայց առայժմ, ժողովուրդն այսպես թմբիրի մեջ է, բոլոր կառույցներն էլ՝ անգործ, ու միավորումը խայտառակ կերպով չի ստացվում:
Չգիտեմ, թե հրաշքով ազգը զարթնի, մենք էլի ունենք փրկվելու հնարավորություն»,-ասաց տիկին Մելիքյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ