Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչմիթիզականությունից» մինչև «սեփական կետից» բանակցություններ վարելու արդյունքում ունենք շարունակվող ռազմական ագրեսիա, անատամ խաղաղապահություն, խաղաղության անփառունակ քարոզ. Սամվել Բաբայան

Մարտ 13,2023 17:34

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ազատ և անկախ ապրելու իր կամքն ամրագրել է 1991թ․ ԼՂՀ-ի հռչակման մասին Հռչակագրով, 1991թ․ հանրաքվեի արդյունքներով, 1992թ․ ԼՂՀ-ի պետական անկախության մասին Հռչակագրով։ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին Գերագույն խորհրդի 1992թ․ որոշմամբ պարտավորվել է սատար կանգնել ԼՂՀ-ի ու նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը և անընդունելի է համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում։

Եթե այս համատեքստում ԼՂ-ի հակամարտության կարգավորման բանակցային առաջարկներում դիտարկելու լինենք տարածքների և կարգավիճակի հարցերը, ապա կստանանք հետևյալ պատկերը.

Ըստ «Փաթեթային» առաջարկի (1997թ․), Ադրբեջանին է վերադարձվում յոթ շրջանը, Լաչինի միջանցքի վերահսկողությունը վերապահվում է ԵԱՀԿ-ին, նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում ԼՂ-ն ստանում է ինքնավար կարգավիճակ Ադրբեջանի կազմում, ԼՂ-ի քաղաքացիներին տրվում է Ադրբեջանի անձնագիր` «Լեռնային Ղարաբաղ» հատուկ հավելագրումով։ Ըստ «Փուլային» առաջարկի (1997թ․) Ադրբեջանին են վերադարձվում յոթ (հինգ+երկու) շրջանը, ԼՂ-ի և Լաչինի շրջանի կարգավիճակի հարցը թողնվում է ապագային։ Ըստ «Ընդհանուր պետության» առաջարկի (1998թ․), ԼՂ-ն հանրապետության ձևի պետական և տարածքային միավոր է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն, ԼՂ-ի և Հայաստանի միջև կապն ապահովվում է Լաչինի միջանցքով։ Ըստ «Մեղրիի» առաջարկի (1999թ․), նախկին ԼՂԻՄ-ի տարածքը, Շուշիի և Լաչինի շրջանները փոխանցվում են Հայաստանին, Մեղրիի շրջանը՝ Ադրբեջանին: Տարածքային փոխանակման և միջանցքային տրամաբանություն ուներ նաև «Քի Ուեսթի» առաջարկը (2001թ․)։ Ըստ «Մադրիդյան սկզբունքների» (2007թ․), ԼՂ-ի հարակից տարածքները վերադարձվում են Ադրբեջանին, ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակը որոշվում է պլեբիսցիտի միջոցով, ԼՂ-ի և Հայաստանի կապը ապահովվում է Լաչինի միջանցքով։ «Կազանյան սկզբունքները» (2011թ․) որոշակի խմբագրումներով կրկնում են Մադրիդյան սկզբունքները։ Նույն սկզբունքներն ընկած են մեկ այլ փաթեթային առաջարկի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման առաջին էտապի և հետագա քայլերի մասին դեկլարացիայի (2016թ․) հիմքում, ըստ որի Ադրբեջանին է վերադարձվում նախկին ԼՂԻՄ-ի շուրջ յոթ շրջանը՝ պայմանով, որ պահպանվելու է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք, ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է համաժողովրդական հանրաքվեով։ 2020թ․նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողությանն են վերադարձվել ոչ միայն նախկին ԼՂԻՄ-ի հարակից յոթ շրջանները, այլև բուն ԼՂԻՄ-ի տարածքի զգալի մասը, Լաչինի միջանցքի վերահսկողությունը վերապահվել է ՌԴ-ին, ԼՂ-ի կարգավիճակի մասին խոսք անգամ չկա։

Այս ամբողջը ԼՂ-ի բանակցային պրոցեսի գաղտնազերծում չէ, այլ տարբեր տարիների գաղտնազերծված փաստաթղթերի հիմնական թեզիսների մեկտեղում՝ ցույց տալու, որ «ոչմիթիզականությունից» մինչև «սեփական կետից» բանակցություններ վարելու արդյունքում ունենք շարունակվող ռազմական ագրեսիա, անատամ խաղաղապահություն, խաղաղության անփառունակ քարոզ և այդ ֆոնին մարդկային, տարածքային և նյութական շարունակական կորուստներ, հումանիտար աղետ, Բաքվի կողմից պարտադրվող ինտեգրացիա և այլն։

Եվ սա ոչ թե հայ ժողովրդի պատմության մի տխուր դրվագ է, այլ փառահեղ հաղթանակների քաղաքական առևտուր, ռազմական ձեռքբերումների դիվանագիտական փոշիացում, վերջապես՝ մի ամբողջ ժողովրդի ճակատագրի խեղում։ Միայն թե չասեք, թե Արցախի իշխանությունները անմեղսունակ են և չգիտեին, թե ինչ է բանակցում Հայաստանը։ Երբ ԱՀ-ի և ՀՀ-ի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում (Տես՝ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի խոսքը Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, 12.03.2019թ., https://goo.su/vzCKm) հայկական կողմից ի պաշտոնե բանակցող ՀՀ-ի վարչապետն առաջարկում էր հստակեցնել «բանակցային գործընթացի հիմք հանդիսացող» Մադրիդյան սկզբունքների (Տես՝ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի մամուլի ասուլիսը Կապանում, 25.01.2020թ., https://goo.su/OrAT) տարընթերցումների տեղիք տվող արձանագրումները, արդյո՞ք չէր նշանակում, որ երկու երկրների ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ միայն տեղյակ էր, այլև համաձայն։

Եթե յոթ շրջանները ԱՀ-ի 2006թ․ և 2017թ․ Սահմանադրությամբ երկրի տարածքային ամբողջականության մասն են կազմել, ապա ինչպես է Հայաստանն Արցախի իմացությամբ բանակցել նույն շրջանները վերադարձնելու շուրջ։ Չէ՞ որ Արցախի սահմանները փոփոխելու իրավունք ունի միայն ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով։ Մի՞թե Արցախում ժողովրդավարություն չէ։ Թե՞ Արցախի Սահմանադրության վերջին հոդվածն էլ դուք չեք քարոզել և ընդունել։ Թե՞ Արցախի ժողովրդի ինքնապաշտպանության կառավարումն էլ դուք չեք զիջել՝ հանուն աթոռի։

Բազմաթիվ փակագծեր չբացելով ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Արցախի և Հայաստանի հազար ու մի կապերով կապված և միմյանց կցորդ հանդիսացող իշխանությունները ռազմաքաղաքական հանցագործներ են և, որպեսզի արժանի պատիժ չստանան, պատրաստ են մինչև անգամ Արցախը հանձնել։ Դա է պատճառը, որ նույնիսկ հիմա՝ առանց երկիրը ծանր իրավիճակից դուրս բերելու հստակ տեսլականի, մեկը մյուսին հերթ չտալով, շտապում են իշխանության մաս կազմել, իշխանություն ժառանգել։ Այդ մարդիկ, եթե մի կորեկի չափ գիտակցություն ունենան, որ պաշտոնը և իշխանությունը պատասխանատվություն և բեռ է, այլ ոչ թալանի տեղ, մոտիկ անգամ չէին գա։ Բայց արի ու տես, որ ճիշտ հակառակն է։

Եվ եթե այսքանից հետո գտնվում են մարդիկ, ովքեր շարունակում են պնդել, թե ես ինչ-որ անհատի, շրջանակի, ուժի եմ ներկայացնում, Արցախը հանձնելու կամ ինտեգրացիայի մտադրություն ունեմ, ապա այլ բան չի մնում, քան ուղղակիորեն հարցնել․ ո՞վ է Արցախը հանձնում՝ ձեզ ծանոթ դեմքե՞րը, որոնցից ժառանգել եք այն, ինչ ունեք այսօր, թե՞ ես, որ 2․600-ից 12.700 քառ․ կմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եմ ժառանգություն թողել ձեզ՝ կանոնավոր, մարտունակ բանակով հանդերձ․․․

Սամվել ԲԱԲԱՅԱՆ

Սամվել Բաբայանի մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031