Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «ՀԱՊԿ-ում Հայաստանը դեմ քվեարկեց Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելուն»

Մարտ 13,2023 16:50

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, «Համախմբում» նախաձեռնության աջակից Էդգար Ղազարյանը այսօր «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսում՝ պատասխանելով օրերս ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի քվոտային Հայաստանի իշխանությունների հրաժարվելու պատճառի մասին հարցին, ասաց․ «ՀԱՊԿ-ը միակ ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որին Հայաստանը անդամակցում է: Ցանկացած երկիր պետք է ունենա իր անվտանգային համակարգը, որի կարեւոր բաղադրիչներն են երկրի զինված ուժերը, դիվանագիտությունը, պետական կառավարման համակարգը, տնտեսությունը, կրթական համակարգը, այլ պետությունների հետ համագործակցությունը, միջազգային կազմակերպություններին անդամակցությունը: Հիմա ակնհայտ է, որ այս իշխանությունները խնդիր են դրել իրենց առջեւ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից ու գործողությունների շարքը դրա վկայությունն է:

Ցանկացած նորմալ մարդու մեջ հարց է առաջանում. եթե դուրս եք գալիս եւ մեր անվտանգային համակարգից այդ մի բաղադրիչը դուրս եք բերում, ինչո՞վ եք պատրաստ դա փոխհատուցել, այդ բացը լրացնել: Իսկ որ սրանք հետեւողականորեն ՀԱՊԿ-ի դեմ արշավ են սկսել, դա ցույց են տալիս վերջին մի քանի տարվա՝ ադրբեջանաթուրքական հեղափոխությունից հետո պատմական փաստերը:

2017 թվականին ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ է դրել ԱԺ հայտարարության նախագիծ, ըստ որի Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից: Այսինքն, նա դեռեւս պատգամավոր եղած ժամանակ հետեւողականորեն պայքարել է դրա համար:

Այնուհետեւ, ադրբեջանաթուրքական հեղափոխությունից հետո առաջին քայլերից մեկը եղել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար, Հայաստանից ներկայացված դիվանագետ, ռազմական գործիչ, ընդ որում, ոչ սովորական՝ բավարար կրթությամբ, գիտելիքներով ու փորձառությամբ, նաեւ մարտական գեներալ, արցախյան պատերազմին մասնակցած եւ ՀՀ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին հետ կանչելը: Այնուհետեւ, ըստ Ալեքսանդր Լուկաշենկոյի տված տեղեկատվության, պարզվեց, որ նրանց կողմից ընտրված գլխավոր քարտուղարին Հայաստանում ձերբակալեցին եւ տարան դատարան կալանքի՝ առանց ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին տեղյակ պահելու: ՀԱՊԿ-ի նման կազմակերպությունը վարկաբեկելու, խայտառակելու այլ ձեւ տեսականորեն հնարավոր չի պատկերացնել: Այն գործը, որ հարուցված էր, ուներ բացառապես քաղաքական մոտիվներ՝ իրավական բաղադրիչ գոյություն չուներ եւ այդ գործն էլ փչվել է»:

Էդգար Ղազարյանը նաեւ ներկայացրեց ՀԱՊԿ-ի դեմ կատարված քայլերի հաջորդականությունը։ Մասնավորապես, հիշեցրեց՝ պայմանավորվածությամբ սահմանված այբբենական կարգով նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրված Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածության վրա վետո դնելը եւ այդպես մոտ մեկ տարի կազմակերպության լիարժեք գործունեությունը արգելափակված պահելը:

Շարունակելով թվարկումը՝ Էդգար Ղազարյանն ասաց. «2021 թվական: Երբ ադրբեջանական ներխուժումը եղավ Սեւ լճի տարածքում,, իսկ դրանից առաջ Շորժայի հատվածում, ասացին, որ իրենք դիմել են ՀԱՊԿ-ին եւ վերջինը մեզ չի օգնում: Հետո պարզվեց, որ սուտ են ասում, ՀԱՊԿ-ին ռազմական օգնության համար չեն դիմել: 2022-ի սեպտեմբերի 13-14-ին, երբ նորից ադրբեջանական ներխուժում եղավ Հայաստանի տարածք, արդեն իսկապես ռազմական օգնության համար դիմել են ՀԱՊԿ-ին: ՀԱՊԿ-ը եկել, մշակել է աջակցության փաթեթ, որն իր մեջ ներառել է դիվանագիտական աջակցությունը, ռազմատեխնիկական աջակցությունը եւ պատրաստակամություն է հայտնել դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան, քվեարկության ժամանակ բոլոր երկրները կողմ են եղել Հայաստանին օգնություն տրամադրելու հարցում, բացի մի երկրից: Եվ այդ երկիրը եղել է Հայաստանը, դա էլ եղել է ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանում: Այսինքն, երբ որ դու ոչ թե որոշումների նախագծին ես ծանոթանում, այլ նախագծերը նախապատրաստվում են նախագահող երկրի՝ Հայաստանի ընդհանուր համակարգմամբ: Այսինքն, Հայաստանը դեմ քվեարկեց Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու հարցում:

Դրանից հետո Հայաստանը հրաժարվեց մասնակցել ՀԱՊԿ-ի զորավարժություններին Ղազախստանում, այս տարի Հայաստանը հրաժարվեց ընդունել ՀԱՊԿ-ի զորավարժությունները Հայաստանում, հիմա էլ ասում են. ձեր կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի հաստիքը մեզ ընդհանրապես պետք չի: Սա ակնհայտորեն դեմարշ է կազմակերպության նկատմամբ: Սա ակնհայտորեն արվում է՝ թուլացնելու համար մեր երկրի անվտանգային համակարգը այն ժամանակաշրջանում, երբ որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, Գերմանիայում հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարում է, որ Լաչինի միջանցքում տեղի ունեցող իրադարձությունները եւ այսպես կոչված արեւմտյան Ադրբեջանի մասին խոսույթը, վկայում են, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ ագրեսիայի Հայաստանի նկատմամբ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031