Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղյակ ենք մտահոգությունների մասին՝ կապված քաղաքական հնարավոր միջամտության մասին դատական համակարգում, լրագրողների մասնագիտական գործունեության նկատմամբ որոշակի սահմանափակումների մասին». Մարինա Կալյուրանդ

Մարտ 13,2023 16:13

«Մենք պետք է լինենք անկեղծ և բարձրաձայնենք մտահոգությունների մասին: Օրինակ՝ ցանկացած զարգացում, որը վտանգի տակ է դնում ժողովրդավարական կառավարության հիմնարար սկզբունքները, պետք է կանխվի: Մենք տեղյակ ենք քաղհասարակության մտահոգությունների մասին»,-Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 3-րդ նիստի ժամանակ հայտարարեց ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի համանախագահ Մարինա Կալյուրանդը:

Նա նկատեց՝ Հայաստանը վերջին տարիներին մեծ առաջընթաց է գրանցել՝ դառնալով տարածաշրջանային առաջնորդ ժողովրդավարության և լավ կառավարման հարցում: Նա նաև նշեց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը (CEPA) լավ հիմք է տալիս համագործակցության համար:

Խոսելով մտահոգությունների մասին՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի համանախագահը նշեց. «Մենք տեղյակ ենք քաղհասարակության մտահոգությունների մասին՝ կապված քաղաքական հնարավոր միջամտության մասին դատական համակարգում, ինչպես նաև անկախ պետական մարմինների գործունեության և լրագրողների մասնագիտական գործունեության նկատմամբ որոշակի սահմանափակումների մասին: Ես ևս մեկ անգամ կարևորում եմ դատական համակարգի անկախության և մամուլի ազատության ապահովումը»:

Կրկին անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ Մարինա Կալյուրանդը նշեց. «Երբեմն մենք դիմում ենք կոչով երկու կողմերին, բայց վերջին տարիներին մենք հիմնականում դիմում ենք Բաքվին՝ հատկապես հայ ռազմագերիների վերադարձի, մշակութային ժառանգության պահպանման հարցերով, 2022-ի սեպտեմբերի իրադարձությունների հարցով, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցերով: Հաճախ այս պատճառով մեր կառույցի, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավորների վրա Բաքվի կողմից լինում են հարձակումներ: Մինչդեռ այդ հարձակումների փոխարեն Բաքուն պետք է ավելին անի՝ ցույց տալու համար իր հանձնառությունը խաղաղության հասնելու հարցով: Մենք Ադրբեջանին կոչ ենք անում համաձայնել ԵՄ առաքելության ներկայությանը իր սահմանին, ինչպես նաև միջազգային փաստահավաք առաքելությանը և դեպի Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության հարցում: Իսկ եթե Բաքուն հրաժարվում է, ուրեմն նրանց համար մեր մտահոգությունները չպետք է լինեն զարմանալի»:

Մարինա Կալյուրանդը հայտարարեց, որ Հայաստանի հետ կնքվելիք ԵՄ-Հայաստան բանաձևում, որը շուտով դրվելու է քվեարկության, կոչ է արվում ստեղծել անցումային արդարադատության մեխանիզմներ՝ կազմված երկու կողմերի հանձնաժողովների կողմից: Նա կարևորեց այն, որ Ադրբեջանը հաշվետվողական լինի: Այս առիթով նա փաստեց՝ այդպես էլ տեղեկություն չկա, թե ինչ ցույց տվեց Բաքվի ուսումնասիրությունը հայ զինծառայողների նկատմամբ անմարդկային հանցագործության հարցով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031