«Մեդլայն Կլինիկ» ԲԿ-ի հայտարարությունը
2020 թվականին, երբ երկրագնդում մոլեգնում էր Covid-19 կորոնավիրուսային մարդասպան վարակը, իսկ ռազմաճակատից, ցավալիորեն, չէր դադարում մեր վիրավոր հերոսների հոսքը, «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնն անմնացորդ նվիրումով ներգրավվեց մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների՝ այդ թվում, համավարակի դեմ պայքարին: Մեծ ջանքերի և ներդրումների շնորհիվ, մենք արագորեն ստեղծեցինք առանձնացված բուժկենտրոններ ու կազմավորեցինք արհեստավարժ և նվիրված բուժական անձնակազմ:
Այսպիսի ծայրահեղ դժվարին, անկանխատեսելի ու անվերահսկելի պայմաններում, երբ համաշխարհային գիտությանը հայտնի չէին Covid-19 վարակի դեմ պայքարի բուժական միջոցները ու մարդկանց կյանքի ու առողջության համար պայքարում անընդհատ կիրառվում էի փորձարարական մեթոդներ՝ «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի գերմարդկային ճիգերի և շուրջօրյա աշխատանքի շնորհիվ, մեզ հաջողվեց փրկել հազարավոր կյանքեր, վերականգնել հազարավոր մարդկանց առողջությունը, իսկ մահացությունների թիվը հասցնել նվազագույնի: 2020-ից 2022 թվականների ընթացքում «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնը ընդունել և սպասարկել է 6948 կորոնավիրուսով վարակված պացիենտների:
Մեր ջանքերը արժանվույն գնահատվեցին թե՛ մեր պացիենտների, թե՛ հանրության, և թե՛ պետության կողմից: Մասնավորապես՝ մահացության նվազագույն ցուցանիշն ապահովելու հանգամանքը հաշվի առնելով, կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և իրականացման գործում ներդրած ավանդի համար «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնի հիմնադիր Բաբկեն Շահումյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվեց «Մխիթար Հերացու» մեդալով, իսկ մինչ օրս մեր պացիենտներից և նրանց հարազատներից մենք ստանում ենք հարյուրավոր շնորհակալական խոսքեր և հաղորդագրություններ:
Կարդացեք նաև
ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման ծրագիրը ֆինանսավորվել է ՀՀ կառավարության հատկացրած միջոցներով, սակայն՝ պետության սահմանափակ ռեսուրսները հաշվի առնելով, «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնը պացիենտների բժշկական օգնության և սպասարկման ծախսերը հաճախ հոգացել է նաև իր սեփական շահույթից: Պետական ֆինանսավորումը, յուրաքանչյուր պացիենտի համար սահմանափակված էր որոշակի ժամանակահատվածով, այդուհանդերձ՝ հարյուրավոր պացիենտների բուժումը և վերականգնումը պահանջել է անհամեմատ ավելի երկար ժամանակահատված, և «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնը, առանց երկմտելու, այդ ժամանակահատվածի բուժումը հոգացել է ինքնուրույն՝ գերակա համարելով մարդկանց կյանքն ու առողջությունը և գիտակցելով իր մասնագիտական առաքելությունը:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի առնչությամբ ս.թ. մարտի 10-ին տարածված հայտարարությունը՝ կապված կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման ծրագրի շրջանակներում հատկացված պետական ֆինանսավորման հնարավոր յուրացման վերաբերյալ, մեր համոզմամբ, հիմնված է բժշկական գիտության և բուժական ընթացակարգերի վերաբերյալ ոչ ճիշտ պատկերացումների ու մեկնաբանությունների վրա, ինչը հանգեցրել է սխալ եզրահանգումների:
Այս եզրահանգումները, բնականաբար, նախնական են, քանզի նախաքննությունը շարունակվում է: «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնը սույն գործի նախաքննության ընթացքում պատրաստակամորեն համագործակցել է և շարունակելու է համագործակցել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հետ՝ ինչպես պետական միջոցների յուրացման կասկածն ու մեղադրանքը փարատելու, այնպես էլ այդպիսի յուրացման տրամաբանության ու հնարավորությունների բացակայությունը ակներև դարձնելու համար:
Մենք ևս գտնում ենք, որ կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման ծրագրի վերաբերյալ հանրությունը իրավունք ունի և պետք է ստանա բոլոր ճշմարիտ պատասխանները:
Ստեղծված իրավիճակն ու դժվարությունները, անշուշտ, աշխատանքային են և ժամանակավոր: Դրանք որևէ ազդեցություն չունեն և չեն ունենա «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնի գործունեության վրա, որը նույն նվիրվածությամբ շարունակելու է ծառայել մեր հանրությանը՝ բոլոր կարիքն ունեցողներին ապահովելով բժշկական օգնության և սպասարկման արհեստավարժ ու բարձրակարգ ծառայություններով:
«Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնի ադմինիստրացիա