Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-Ադրբեջան «խաղաղության պայմանագիրը» դրվելո՞ւ է հանրաքվեի»․ Գրիգոր Մինասյանի պարզաբանումը

Մարտ 13,2023 15:30

«Դատավորը չի կարող քննադատել այլ դատարանի վճիռն ու գործունեությունը։ Դա նախատեսված է ոչ միայն մեր դատական օրենսգրքով, այլեւ միջազգային նորմերով։ Սա իր առաջին կարգապահական վարույթը չէ»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ անդրադառնալով ԲԴԽ-ի կողմից դատավոր Զարուհի Նախշքարյանի  լիազորությունների դադարեցմանը։ Մինասյանը վստահեցրեց, որ դատական համակարգում իրենց համար չկան յուրայիններ եւ ոչ յուրայիններ։

Նկատառմանն ի պատասխան, որ իշխանափոխության օրերին թմբուկ զարկածներն էլ են դատավոր դարձել, Գրիգոր Մինասյանը խորհուրդ տվեց ուսումնասիրել դատավորների թեկնածուների կենսագրությունները։

Լրագրողները նաեւ հիշեցրին՝ հեղափոխության տարում Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ ՀՀ-ում բոլոր կարեւոր հարցերը պետք է լուծվեն հանրաքվեի միջոցով։ Գրիգոր Մինասյանն արձագանքեց, որ այդ հարցը քննարկելու են սահմանադրական բարեփոխումների շրջանակում․ «Հանրաքվեի առաջին թեսթը լինելու է նոր սահմանադրության ընդունումը։ Առաջարկվելու է որոշել շեմը, թե որ հարցերն են որոշվելու հանրաքվեով։ Գաղափարը շատ լավն է։ Մասնագետների հետ պետք է շեմը քննարկել»։

Հարցին՝ ՀՀ-Ադրբեջան «խաղաղության պայմանագիրը» դրվելո՞ւ է հանրաքվեի, Գրիգոր Մինասյանը պատասխանեց․ «Կարելի է սահմանադրական բարեփոխումների շրջանակում քննարկել այդ հարցը, քանի որ տարբեր կառույցների ներկայացուցիչներ ու մասնագետներ կան հանձնաժողովում։ Ես այդ հարցն անպայման կփոխանցեմ»։

Հարցին՝ մինչեւ այս պահն ինչո՞ւ չի քննարկվել այդ կարեւոր հարցը, Գրիգոր Մինասյանը պատասխանեց․ «Հիմա այն շրջափուլում ենք, որ քաղաքական մարմինն ու մասնագիտական հանձնաժողովն են քննարկում բոլոր այն հարցերը, որոնք հանրային հետաքրքրություն են ներկայացնում։ Ես կառաջարկեմ այդ հարցը ներառել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031