ՀՀ առողջապահության նախկին նախարար, այժմ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն օրերս բողոքի նոտաներ էր հղել՝ կապված Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից կովիդի համավարակի աշխատանքների շուրջ հարուցված քրեական վարույթի շրջանակներում իրականացված գործողությունների հետ։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով այս մասին լրագրողների հարցադրումներին՝ ասաց․ «Ես հավատում եմ, որ պետության կայացման հենասյուներից են մրցակցությունը պետական մարմինների միջեւ, քաղաքական գործիչների ազատ արտահայտման երաշխավորումը։ Դրա շրջանակում նորմալ է, որ մարդն ունի իր պատկերացումն ու դժգոհությունը, մանավանդ, որ իրեն կարծես թե որպես անձ այս գործն առնչվում է։ Ուստի նորմալ է, որ ազատ խոսքի շրջանակում արտահայտվի եւ եթե դժգոհություն ունի, բարձրաձայնի։ Դա ավելի կմոտիվացնի իրավապահ համակարգին՝ ավելի լավ աշխատել։ Բոլորս էլ ավելի լավ պետք է աշխատենք»։
Հարցին՝ որտեղի՞ց գիտեք, որ Արսեն Թորոսյանին այս գործն առնչվում է, որովհետեւ կոմիտեն առայժմ չի տվել նրա անունը, Մինասյանը պատասխանեց․ «Ես տեսել եմ պարոն Թորոսյանի հայտարարությունը, եւ նա բարձրաձայնում է հարցը, որ այդ հրամաններն իր օրոք են եղել եւ անգամ խնդրել է, որ ինքը ներգրավվի։ Այդ առումով բնական է, որ այս կամ այն ձեւով ներգրավված է եղել»։
Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարող իշխանության օրոք նման կոռուպցիոն սկանդալ է լինում ու 11 հոգու են ձերբակալում, Գրիգոր Մինասյանը պատասխանեց․ «Բա հենց սա է կոռուպցիայի դեմ պայքարը, որում չկան յուրայիններ։ Ես միայն ուրախ եմ, որ նման քրեական վարույթներով ողջ պետական ապարատն ու համայնքային աշխատողները հասկանում են, որ յուրայիններ չկան։ Միայն ուրախանում եմ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ