Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզի փաստաբանները պատրաստվում են գործադուլ անել. Փաստաբան

Մարտ 13,2023 14:20

Շիրակի մարզի փաստաբանները պատրաստվում են գործադուլ անել, եթե խնդրին լուծում չտրվի, պատկան մարմինները պետք է հասկանան, որ Շիրակի մարզում իրավիճակը ծայրահեղ խնդրահարույց է։ Այս մասին այսօր Փաստաբանների պալատում մարզի փաստաբանների տված ասուլիսի ընթացքում հայտարարեց փաստաբան Արամայիս Հայրապետյանը:

Ասուլիսին ներկա փաստաբանների հայտարարությամբ, Շիրակի մարզի քրեական, քաղաքացիական, վարչական դատարանների դատավորները պարբերաբար փոխվում են՝ ինքնահոսի թողնելով դատական գործերը: Նրանք պնդում են, որ դատավորների հաճախակի փոփոխությունների պատճառով Շիրակի մարզի դատարանները պարալիզացվում են, արդյունքում՝ դատարանների վերջին մեկ տարվա աշխատանքը գրեթե 70% անարդյունավետ է եղել: Ստեղծված իրավիճակում տուժում են քաղաքացիները, նսեմացվում է նրանց վերաբերմունքը արդարադատության նկատմամբ, չեն գործում իրավական պաշտպանություն ապահովելու մեխանիզմները։

«Այսինքն, քաղաքացիները, որոնց գործերը գտնվում են դատաքննության փուլում, կլինի՝ քրեական, քաղաքացիական, թե վարչական, տարիներ շարունակ չեն կարողանում հասնել իրենց գործով որևէ ելքի։ Ստացվում է, որ որևէ դատավոր գործն ընդունում է իր վարույթում, սկսում է գործի քննությունը, հասնում է որոշակի փուլի, տեղափոխվում է այլ դատարան և նոր եկած դատավորը ստիպված է լինում գործը սկսել զրոյից։ Այդ գործերն այնքան են կուտակվել, որ հաստիքների նույնիսկ համալրման դեպքում Շիրակի մարզում գործերի քննության ողջամիտ ժամկետ հնարավոր չէ պահպանել։

Վերջին երկու-երեք տարում Շիրակի մարզում 13-14 դատավորների տեղափոխություն է եղել, այսինքն՝ ողջ կազմի: Ավելին, Շիրակի մարզում ամենաերկար մնացած դատավորը մնացել է մոտ մեկ տարի։ 1-1.5 տարի աշխատում են, անգամ՝ մի քանի ամիս աշխատում են, հետո տեղափոխվում Երևան կամ այլ մարզեր, որի արդյունքում նրա վարույթում գտնվող քրեական գործերը գումարվում են նոր գործերին, տրվում է այլ դատավորի, ստացվում է, որ ամիսներ շարունակ քրեական գործը քննում են, ռեսուրսներ վատնում, բայց գործը որևէ լուծում չի ստանում»,- նշեց փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

Նրա խոսքով, դատավորների պարբերաբար տեղափոխության պատճառով զանգվածաբար խախտվում են քաղաքացիների իրավունքները, քաղաքացիները տարիներ շարունակ չեն իմանում՝ իրենց գործով ելքն ինչպես է լինում։

Արամայիս Հայրապետյանը բերեց իր պաշտպանյալներից մեկի օրինակը, երբ ՄԻԵԴ-ը Շիրակի մարզի դատարանի վարույթում գտնվող գործով ընդդեմ ՀՀ-ի որոշում է կայացրել՝ ժամկետների խախտման համար՝ պարտավորեցրել փոխհատուցում տրամադրել, բայց գործը կրկին նորից է պետք է սկսվի, քանի որ դարձյալ դատավոր է փոխվել։

Փաստաբանները տեղեկացրեցին, որ ամիսներ շարունակ ԲԴԽ-ից հանդիպում են պահանջում՝ նույնիսկ Փաստաբանների պալատն է դիմել ԲԴԽ-ին, սակայն արձագանք չկա։

 

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031