Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ քաղաքական գործչի չեմ հեգնել»․ Գրիգոր Մինասյանը՝ Փաշինյանի ու ՀՀԿ-ի մասին

Մարտ 13,2023 13:49

«Նախկինում ՀՀԿ-ի առանցքային դեմքերից էիք, նախկինում խոսե՞լ եք այն խնդիրների մասին, որոնք այսօր եք բարձրաձայնում»․ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին այսօր նման հարց հղվեց խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ՝ «ՀՀ կառավարության ծրագրի 2022թ․-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին»  զեկույցը գլխադասային հանձնաժողովում ներկայացնելուց հետո։

«Համեմատականները՝ ներկա, թե նախկին, չեն միտված նրան, որ մեղքը բարդվի մեկ այլ քաղաքական ուժի վրա։ Ուղղակի համեմատական է, թե որեւէ գործընթաց հիմա ինչու է այսպես լինում։ Օրինակ՝ մեր ընդդիմադիր գործընկերները հարցադրում էին անում, թե սահմանադրական բարեփոխումների ընթացն ինչու է դանդաղ, եւ ես բացատրում էի, որ մոդելը նոր է եւ կա երկու մարմին՝ խորհուրդ եւ մասնագիտական հանձնաժողով»,-նախ նշեց Գրիգոր Մինասյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե նախկինում ինչու չի բարձրաձայնել նույն մտահոգությունները, Գրիգոր Մինասյանը պնդեց, որ բազմիցս բարձրաձայնել է․ «Դրանք արտացոլվել են հայտարարություններով, հարցազրույցներով»։

Նկատառմանն ի պատասխան, որ ինքը ժամանակին հեգնում էր Նիկոլ Փաշինյանին՝ քարոզարշավին տանիքներ բարձրանալու համար, Գրիգոր Մինասյանն ասաց․ «Ես որեւէ քաղաքական գործի չեմ հեգնել երբեք։ Եղել են քաղաքական բանավեճեր եւ հայտարարություններ՝ քաղաքական էթիկայի շրջանակներում»։

Հարցին, թե իր կենսագրական տվյալներում ինչո՞ւ չկա նշում, որ ինքը ժամանակին ՀՀԿ անդամ է եղել, Գրիգոր Մինասյանը պատասխանեց․ «Եղել եմ եւ դադարեցրել եմ»։ Հարցը կրկին հնչեց, եւ Գրիգոր Մինասյանն ի պատասխան միայն ասաց՝ «Շնորհակալություն»։

Լրագրողները նաեւ հարցրին՝ «Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ նախկին իշխանության բրենդը կոռուպցիան է, այդ դեպքում ո՞րն է այսօրվա իշխանության բրենդը»: Գրիգոր Մինասյանը պատասխանեց․ «Պայքար կոռուպցիայի դեմ»։

Հիշեցնենք, որ 2017թ․-ին՝ ՀՀ-ում իշխանափոխությունից կարճ ժամանակ առաջ, Գրիգոր Մինասյանը որպես ՀՀԿ-ի ավագանու թեկնածու հայտարարում էր, որ ընտրություններն Արարատ լեռն ու Անին վերադարձնելու, կտուրները մագլցելու եւ հեծանիվ քշելու մասին չեն։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031