«Մարտի լույս 13-ի գիշերը ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի մի բնակչուհի և գողության մասին հաղորդում տվել: Ահազանգով մեկնել են ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը և պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները: Տղամարդը կացնով սպառնացել է ոստիկանության ծառայողներին։ Նրա հարձակումը կանխելու, ինչպես նաև իրենց կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու համար կիրառվել է հրազեն։
Տղամարդը տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: Հրազդանի 45-ամյա բնակիչը, որը նախկինում դատապարտվել էր, մահացել է։ Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են»,- հայտնում է ոստիկանությունը։
Ոստիկանության աշխատակիցները մոտեցել են անասնագոմին և բարձրախոսով ներկայացել, որ իրենք ոստիկանության աշխատակիցներ են ու պահանջում են, որպեսզի այնտեղ գտնվող անձը դուրս գա, հայտնում է Shamshyan.com-ը։
Բազմաթիվ անգամներ զգուշացնելուց հետո անասնագոմից դեպքը ծածկած դուրս է գալիս մի տղամարդ, որի ձեռքին կացին է լինում։
Կարդացեք նաև
Վերջինս պահանջում է որպեսզի ոստիկանության և Պարեկային ծառայության աշխատակիցները չմոտենան իրեն, հեռանան և պահանջում է, որպեսզի չփորձեն իրեն բռնել։ Հակառակ դեպքում՝ ձեռքին եղած կացնով կսպանի բոլորին։
Դրանից հետո, տեսնելով, որ ոստիկաններն ու պարեկները չեն հեռանում ու դարձյալ պահանջում են, որպեսզի նա ցած դնի կացինն ու ինքնակամ հանձնվի, այդ տղամարդը դարձյալ չի ենթարկվում։ Եվ կացինը ձեռքին սկսում է, անկանոն շարժումներ կատարելով, հարձակվել ոստիկանության ծառայողների վրա։
Այդ ժամանակ Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի պարեկներից մեկն իրեն ամրակցված ատրճանակից նախազգուշական 2 կրակոց է արձակում դեպի օդ։ Սակայն այդ կրակոցներն էլ չեն կանխում քաղաքացու հարձակումը պարեկների ու ոստիկանների վրա, որից հետո զգալով, որ վտանգը դառնում է իրական, պարեկը 1 անգամ կրակոց է արձակում իրենց ուղղությամբ եկող տղամարդու վրա։ Վերջինս վայր է ընկնում։ Ու ահազանգով դեպքի վայր ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը վիրավորին «կրծքավանդակի հրազենային վիրավորում, մարմնական վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխում են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Սամվել Փ․-ն է, որը գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։
Դեպքի վայրում էլ հայտնաբերվել է կացինը։