Իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանի փաստմամբ՝ ՄԱԿ-ի դատարանի վճիռների չկատարումն օրինականացնում է նաեւ պատժամիջոցների կիրառումը՝ որպես պատասխանատվության ձեւերից մեկը:
«Իրավական ակտերի ընդունմանը հաջորդում են քաղաքական բնույթի գործողություններ, եւ որպես կանոն՝ քաղաքական մարմիններն իրենց ճնշումն են գործադրում, որ պետությունները հաշվի նստեն դատական ակտերի հետ»,- «Առավոտի» հարցին՝ ի՞նչ մեխանիզմներ կան Ադրբեջանին՝ ՄԱԿ-ի դատարանի որոշումը չկատարելու համար պատասխանատվության ենթարկելու համար, քանի որ փետրվարի 23-ին էր ընդունվել որոշումը, սակայն Ադրբեջանը համառորեն դա չի կատարում, այսպես պատասխանեց «Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը:
Նշենք,որ ՄԱԿ-ի դատարանը փետրվարի 22-ին հրապարակեց որոշում, որով մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու՝ Հայաստանի դիմումը եւ պարտավորեցրեց Ադրբեջանին՝ մինչեւ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:
Ըստ Սիրանույշ Սահակյանի՝ ԵԽ-ում վճիռների կատարման գործընթացում ներգրավված է Նախարարների կոմիտեն, որը գործադիր բնույթի որոշումներ է կայացնում եւ բավականին լայն լիազորություններ ունի՝ ընդհուպ մինչեւ պետության անդամակցության դադարեցում եւ այլն: ՄԱԿ-ի մասին էլ ասաց. «ՄԱԿ-ի շրջանակներում ներգրավում են Անվտանգության խորհրդին, որը ՄԱԿ-ի հովանու ներքո գործող ամենաազդեցիկ կառույցն է: Եվ ինքնին վճիռը չկատարելն իրավական պատասխանատվություն է առաջ բերում, եւ այստեղ կարող են օրինական կերպով կիրառվել պատժամիջոցներ: Վճիռների չկատարումն օրինականացնում է նաեւ պատժամիջոցների կիրառումը՝ որպես պատասխանատվության ձեւերից մեկը»:
Կարդացեք նաև
Հիշեցրինք՝ մի առիթով կարծիք էր հայտնել, որ Ադրբեջանը չունի բավարար ռեսուրս տեւական ժամանակ կյանքի չկոչելու միջազգային դատարանի որոշումը, սակայն փաստեցինք, որ դեռ վճռի պահանջները կատարված չեն, իրավապաշտպանն արձագանքեց. «Երբ ես նշել էի, որ Բաքուն այդքան ռեսուրս չունի տեւական ժամանակ դիմակայելու, նկատի ունեի քաղաքական ճնշման գոյության պայմաններում պատժամիջոցների սպառնալիքի կամ դրանց կիրառման արդյունքում չկատարելը: Բայց որպեսզի այդ բացասական հետեւանքները վրա հասնեն Ադրբեջանի նկատմամբ, պետք է ակտիվ դիվանագիտական աշխատանք կատարվի, եւ լիազորություններ ունեցող կառույցները սկսեն իրենց բանաձեւերի, կոչերի պատժամիջոցների, սպառնալիքների կամ իրական սպառնալիքների միջոցով ներգործել Ադրբեջանի վրա: Եվ թե ինչպիսի ներգործություն կլինի, դա մեծամասամբ կախված է Հայաստանի դիվանագիտական աշխատանքից»:
Հարցին՝ օրինակ՝ ի՞նչ պետք է ՀՀ-ն անի այս առումով, Սիրանույշ Սահակյանը պատասխանեց. «Այդ խնդիրները պետք է բարձրաձայնվեն, դիվանագիտական աշխատանքի շնորհիվ պետք է համախոհ երկրներ ի հայտ գան, որոնք մշտապես միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պետք է պահեն խնդիրը եւ աստիճանաբար ձեւավորեն կոշտ միջոցներ, ձեռնարկեն պատամիջոցներ, եւ գործընկեր որոշ երկրներ պետք է արդեն սկզբունքային դիրքերից հանդես գալով՝ կիրառեն առաջին պատժամիջոցները: Դա կարող է լինել Ֆրանսիան, ԱՄՆ-ն, բոլոր այն երկրները, որոնք այս գործընթացում քաղաքականապես սատարել են ՀՀ-ին եւ այս պահին իրենց ձեռքում ունենալով նաեւ դատական ակտը՝ լեգիտիմ եւ հիմնավոր կերպով կարող են պատժամիջոցներ կիրառել»:
Իրավապաշտպանը փաստեց՝ որոշումն արդեն ուժի մեջ է, եւ հիմիկվանից էլ կարող են պատժամիջոցները կիրառվել: Նաեւ պարզաբանեց. «Թե որ փուլում կկիրառվեն, այստեղ քաղաքական նպատակահարմարության հարց գոյություն ունի: Եվ միջազգային հանրությունը դիտարկում է նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացումները եւ նոր որակական բնութագրերը: Կարծում եմ՝ մի գործոն կա, որն առայժմ զերծ է պահում գործընկեր երկրներին պատժամիջոցներ կիրառելուց: Դա հայ-ադրբեջանական երկխոսությունն է, որն իմիտացվում է՝ որպես դրական երկխոսություն, ունակ առաջացնելու, ասենք, դրական արդյունքներ երկու պետությունների համար: Եվ միջազգային հանրությունը, կարծում եմ, այս պահին աջակցում է երկխոսության գործընթացին եւ այն չվնասելու, չխոչընդոտելու նկատառումներից ելնելով՝ զերծ է մնում պատժամիջոցների կիրառումից: Իհարկե, դրա հետեւում կան նաեւ այդ երկրների շահերը, բայց կարծում եմ՝ դրանք ինչ-որ պահի կարող են կողքի դրվել, եթե նաեւ ՀՀ-ն սկզբունքային դիրքերից հանդես գա: Բայց ընթացող երկխոսության պայմաններում ակնհայտ է, որ պատժամիջոցները բացասական ազդեցություն են թողնելու եւ խափանելու են երկխոսության հարթակները, իսկ միջազգային հանրությունը ցանկանում է աջակցել այդ հարթակներին, այլ ոչ թե կազմաքանդել դրանք»:
Հետաքրքրվեցինք՝ նախադեպ կա՞, որ ՄԱԿ-ի դատարանի որոշումը չկատարելու համար պատժամիջոցներ են կիրառվել երկրի նկատմամբ, Սիրանույշ Սահակյանը պատասխանեց. «Այո, նախադեպեր կան: Բացի այդ, մենք պատմական փուլում ենք ապրում, քանի որ պատժամիջոցների այն տարափը, որը մենք տեսել ենք վերջին հնգամյակում, աշխարհին անծանոթ է, եւ այստեղ թե՛ միակողմանի միջոցներ են ձեռնարկվում պետությունների կողմից, թե՛ տարբեր կառավարությունների հովանու ներքո է դա իրականացվում: Դրանց հիմքում ընկած են մարդու իրավունքներին եւ միջազգային իրավունքին առնչվող այլ պարտավորությունների խախտումները: Եվ այո, դրանք կապվում են նաեւ միջազգային դատական ատյանների որոշումների չկատարման հետ: ՌԴ-ն, Բելառուսը դրա դասական օրինակներն են, դրանց առնչությամբ եւս իրավական գործընթացներ կան: Մենք ունենք Լեհաստանի հետ կապված խնդիրներ, Լյուքսեմբուրգի դատարանի ակտերի չկատարման առումով, որտեղ եւս հակազդման միջոցներ են ձեռնակվում: Այսինքն՝ կա նաեւ միջազգային պրակտիկա»:
Հստակեցմանը՝ մեկ շաբաթվա կտրվածքով, կամ առաջիկա օրերին Ադրբեջանը կկատարի՞ ՄԱԿ-ի դատարանի վճիռները, ի՞նչ է հուշում ընդհանուր իրավիճակը, Սիրանույշ Սահակյանը պատասխանեց. «Օրերի եւ շաբաթների կտրվածքով նման կանխատեսում չունեմ, որովհետեւ ակտիվ դիվանագիտության տարրեր չեմ նկատում, բայց մի փոքր ավելի միջնաժամկետ կամ երկրաժամկետ հեռանկարում կարծում եմ, որ դատական ակտի պահանջները կենսագործվելու են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.03.2023