Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ հատվածում խաչմերուկ առկա չէ, պարտավորեցրեք, ավելացնեն

Մարտ 13,2023 13:00

Վարչական դատարանը ծանրաբեռնված է Ճանապարհային ոստիկանության՝ ՃՈ դեմ հայցապահանջներով: ՀՀ ոստիկանության կամ նորանուն ՆԳՆ ոստիկանության դեմ ՀՀ վարչական դատարանում այս տարվա հունվարից մինչ օրս 180 հայցադիմում կա: Ճանապարհային ոստիկանության դեմ հայցապահանջներում հայցվորները թե կին, թե տղամարդ վարորդներն են: Կանայք նախորդ տարիների համեմատ նկատելի գերակշռում են:

Ուշագրավ դիտարկում. կին վարորդների գործերով քննությունը հիմնականում որոշված է գրավոր ընթացակարգով (Մերի Ավետիսյանի գործ, Արուս Լեւոնյան, Արփինե Ղազարյան, Աննա Խաչատրյան, Վարդուհի Բադալյան, Ռուզաննա Պետրոսյան…), նրանց մեջ քիչ չեն հայտնիները: Դատարանն առաջնորդվում է հիմնականում հետեւյալով՝ «Միաժամանակ, առկա չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված գործը գրավոր ընթացակարգով քննելու բացառող որեւէ հիմք, ուստի, դատարանը գտնում է, որ սույն վարչական գործի քննությունն անհրաժեշտ է իրականացնել գրավոր ընթացակարգով»: Սակայն երբեմն, մեկ այլ «արդարացմամբ» է որոշում գրավոր ընթացակարգը. «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 1.1-րդ մասի համաձայն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123-րդ, 123.3-րդ, 123.4-րդ հոդվածներով, 123.5-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 123.6-րդ, 124-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.7-րդ, 129.2-րդ, 131-րդ, 135.2-րդ եւ 137.4-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը` անկախ ներկայացված հայցատեսակից, իրականացվում է գրավոր ընթացակարգով»…

Հայցապահանջների գերակշիռ մասը բաժին է ընկնում Ճանապարհային ոստիկանությանը: Մասնավորապես, հայցվորները պահանջում են իքս ակտը՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու վերաբերյալ, բեկանել եւ անվավեր ճանաչել, որոշումն անվավեր ճանաչել, ՃՈ վարչական տույժ նշանակելու մասին որոշումներն անվավեր ճանաչել … թերեւս ամենաուշագրավ պահանջներից էին Մ. Մելիքսեթյանի՝ ՀՀ ներքին գործերի նախարարության, ոստիկանության, ճանապարհային ոստիկանության տեսուչի կողմից Կողբ գյուղում կազմված թիվ 1064 արձանագրության մեջ փոփոխություններ կատարելուն, մասնավորապես՝ 1064 արձանագրության 5.3 տողի առաջին սյունակից ձախ շրջադարձ նշումը հանելուն, իսկ արձանագրությանը կից ՃՏՊ վայրի սխեմայում, որ այդ հատվածում խաչմերուկ առկա չէ, ավելացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին եւ՝ «Աստծո ժողովուրդ» կրոնական կազմակերպության վտարման մասին:

Դատարանը հաճախ մերժման որոշում է կայացնում, ինչպես Անահիտ Ավետիսյանի գործով էր: ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության փետրվարի 22-ին «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 2215677346 որոշման համաձայն՝ Ա. Ավետիսյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 5.000 ՀՀ դրամի չափով տուգանքի։ Նա հաջորդ օրը՝ փետրվարի 23-ին հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության՝ պատասխանողի նշյալ որոշումը վերացնելու պահանջի մասին: Դատարանը հղում էր կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասին, որով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերի արտադատական պաշտպանության միջոցն սպառված չի համարվում, եւ հետեւաբար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1.2-րդ մասի պահանջը բավարարված չի համարվում, եթե՝ շահագրգիռ անձը վարչական բողոքը ներկայացրել է օրենքով սահմանված 30-օրյա ժամկետի խախտմամբ՝ չներկայացնելով ժամկետի բացթողումը հարգելի համարելու եւ բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, եւ վարչական մարմինն իրավաչափորեն վարչական բողոքը թողել է առանց քննարկման:

Որոշման պատճենը 3 աշխատանքային օրվա ընթացքում անձամբ հանձնվում է այն անձին, որի վերաբերյալ այն ընդունվել է, ինչպես նաեւ տուժողին` նրա խնդրանքով: Որոշումը համարվում է անձամբ հանձնված, եթե՝ այն ստորագրությամբ առձեռն հանձնվել է հասցեատիրոջը, կամ հասցեատերը հրաժարվել է որոշումն ստանալուց, եւ առկա է որոշումը հանձնողի նշումն այդ մասին, թե հնարավոր չէ որոշումը հանձնել առձեռն, ապա որոշումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հետադարձ ծանուցմամբ տվյալ վարչական վարույթի ընթացքում անձի հայտնած հասցեով, իսկ դրա բացակայության դեպքում՝ անձի հաշվառման հասցեով: Դատարանն արձանագրել է, որ սույն գործով Ա. Ավետիսյանի կողմից նշված գործերով վարչական ակտերի արտադատական պաշտպանության միջոցը սպառված չէ, այսինքն՝ վարչական կարգով բողոքարկման պայմանը բավարարված չէ: Ըստ դատարանի՝ վարչական մարմինն իրավաչափորեն վարչական բողոքը թողել է առանց քննարկման, քանի որ հայցվորի կողմից խախտվել է վիճարկվող որոշման դեմ վարչական բողոք ներկայացնելու երեսնօրյա ժամկետը եւ չի ներկայացվել ժամկետի բացթողումը հարգելի համարելու եւ այն վերականգնելու վերաբերյալ միջնորդություն:

Միայն մի գործով է (Կարեն Գրիգորյանի), որ կողմը պատասխանողի անունը ճիշտ է գրել. «Արձանագրում եմ, որ հայցադիմումի եւ կից փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հայցադիմումում որպես պատասխանող Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը նշելը վրիպակի արդյունք է, քանի որ «Խնդրում եմ» մասում հայցվորս խնդրում է անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկային ծառայության 05.12.2022 թվականի թիվ 8180167242 որոշումը, իսկ հայցադիմումին կից ներկայացված որոշումները կայացվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկային ծառայության կողմից»:

Պետտուրքի հետ կապված վերադարձնելու օրինակները նույնպես քիչ չէին: Ինչպես գիտեք, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն ներկայացվել սահմանված կարգով եւ չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը, կամ նման միջնորդությունը մերժվել է: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հայցադիմումին կցվում են օրենքով սահմանված կարգով եւ չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ եթե օրենքը նախատեսում է պետական տուրքի մասնակի վճարման կամ վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հնարավորություն, ապա հայցադիմումին պետք է կցվի համապատասխան միջնորդությունն այդ մասին: Իսկ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ենթակետի ուժով՝ այն վարչական ակտերի վիճարկման պահանջով հայցադիմումների համար, որոնցով կիրառվել է դրամական արտահայտությամբ վարչական պատասխանատվության միջոց 10 հազար դրամից մինչեւ 100 հազար դրամը ներառյալ, պետական տուրքը սահմանված է բազային տուրքի 5-ապատիկին գումարած 10 հազար դրամը գերազանցող մասի 1 տոկոսի չափով: Օրինակ, մի գործով, հայցվորը վիճարկել է վարչական ակտ, որով նրան առաջադրվել է տուգանք 20.000 դրամի չափով: Ըստ դատարանի, հայցվորի կողմից վճարման ենթակա էր 5100 ՀՀ դրամ պետական տուրքի գումար, սակայն, հայցադիմումին կցված է միայն 4000 դրամ վճարումը հավաստող ապացույց, եւ չէր ներկայացվել միջնորդություն՝ արտոնություն կիրառելու մասին, միջնորդություն պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն ներկայացված չլինելու հիմնավորմամբ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031