Բաց նամակ ՀՀ վարչապետին
Բազում հարցեր կան, որոնց մասին կարելի է եւ գրել, եւ չգրել, սակայն այս մասին չի կարելի լռել: Ելնելով կենսաթոշակառուների սոցիալական ոչ բարվոք վիճակից, կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի ամսվա հենց սկզբին վճարվեն կենսաթոշակները, որպեսզի մեկ օր շուտ նրանք կարողանան հետաձգելի վճարումները կատարեն, քանզի նրանց ճնշող մեծամասնությունն այլ աղբյուրից եկամուտ չունի: Եվ ահա այս պայմաններում, 2023թ. հունվարից ուժի մեջ մտած կենսաթոշակների անկանխիկ վճարման պատճառով կենսաթոշակառուների այն հատվածը, որին իրավունք էր վերապահված փետրվար եւ հաջորդ ամիսներին շարունակել կենսաթոշակներն ստանալ «Հայփոստի» բաժանմունքներից, զրկվեց այդ հնարավորությունից՝ փետրվար ամսի նրանց կենսաթոշակները փոխանցվեցին «Արդշինբանկի» բաժանմունքներ, որպեսզի կենսաթոշակառուներն այնտեղից անվճար ստանան բանկային քարտեր եւ 3 աշխատանքային օրվա ընթացքում այնտեղից ստանան նաեւ իրենց փետրվար ամսվա կենսաթոշակները: Մարտի 6-ի դրությամբ այդ նույն թոշակառուների կենսաթոշակները ոչ միայն դեռեւս չեն փոխանցվել փոստային բաժանմունքներ, այլ չեն փոխանցվել անգամ «Արդշինբանկի» բաժանմունքներ: Այլ խոսքով, կենսաթոշակառուների ոչ փոքր խումբը մարտի 6-ի դրությամբ չեն ստացել մարտ ամսվա իրենց հասանելիք կենսաթոշակները: Նորից եմ նշում, կենսաթոշակառուների համար դրանց 1 ժամ ուշացնելն անգամ շատ վատ է անդրադառնում նրանց սոցիալական անբարենպաստ վիճակի վրա եւ դա այն դեպքում, երբ նրանցից շատերը ապրում են միմիայն դրանով: Հետաքրքիր է, թե միասնական սոցիալական ծառայությունն ամբողջ փետրվար ամիսն ինչով է զբաղված եղել, որ չի կարողացել ամբողջ փետրվար ամսվա ընթացքում կատարել այդ վերաձեւակերպումները եւ մարտի սկզբին չի փոխանցել փոստային բաժանմունքներ այդ մարդկանց կենսաթոշակները, որով մեծ խտրականություն է առաջացել կենսաթոշակառուների միջեւ (այդտեղ էլ սեւ ու սպիտակներ կա՞ն):
Սոցիալական ծառայության հարգելի ղեկավարներ, ձեր աշխատանքի միակ վերջնարդյունքը կենսաթոշակառուներին ժամանակին կենսաթոշակների վճարումն է, որը նորմալ չեք կատարում: Եթե միայն փետրվար ամսվա ուշացումը լիներ, կհասկանայինք ու ըմբռնումով կմոտենայինք, սակայն մարտ ամսի ուշացումը եկավ փաստելու, որ նվազագույնը՝ անլուրջ եք մոտենում այդ խոցելի խմբի սոցիալական ոչ բարեհաճ վիճակին եւ ոչ բարեհաճ էլ սպասարկում եք՝ ուշացնելով կենսաթոշակների վճարումները:
Ես՝ հոդվածիս հեղինակը, անձնապես չեմ ճանաչում միասնական սոցիալական ծառայության ղեկավարներին, հետեւաբար, չէի ուզենա նրանցից թեկուզ մեկին պատժել: Ուղղակի, թող սա նախազգուշացում դառնա, որպեսզի նրանք ավելի լրջմիտ վերաբերվեն առանց այն էլ բավականին խոցելի այդ խմբին …
Կարդացեք նաև
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
11.03.2023