ԱՄՆ-ում նկարահանվելիք ֆիլմի երկրորդ սեզոնում գլխավոր դերը կրկին Ավոյինն է
Երգիչ, դերասան եւ շոումեն Ավո Ադամյանի մոտ, այսպես ասած, երկրորդ շնչառություն է բացվել: «Առավոտի» հետ զրույցում նա տեղեկացրեց, որ ընդգրկված է նոր հեռուստանովելներում, նկարահանումներ, գլխավոր դերեր, հյուրախաղեր եւ համերգներ՝ նաեւ Եվրոպայում, ներառյալ Ֆրանսիան, Հոլանդիան ու Բելգիան:
Ավոն նշեց, որ ավարտվել են «Սերը թակարդում» հեռուստանովելի աշխատանքները, որտեղ իրեն գլխավոր դերն էր վստահվել, խաղընկերն էլ մոդել, գեղեցկուհի Էլեն Սահակյանն է: Բարձր վարկանիշ ունեցող այս հեռուստանովելի ավարտին Ավո Ադամյանը ներկայացրել է իր նոր երգը՝ «Տիեզերքի մատը խառն ա», որի երաժշտության հեղինակը Վարդան Գալստյանն է:
Ֆիլմի պրոդյուսեր Գոհար Գրիգորյանի խոսքով, Ավոն իր ազնիվ, պրոֆեսիոնալ խաղի, երգի շնորհիվ ունի հետեւորդների մեծ բանակ եւ լսարան:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, «Սերը թակարդում» ֆիլմի առաջին սեզոնն ավարտվել է Հայաստանում, եւ այժմ պատրաստվում են մեկնել ԱՄՆ, որպեսզի Ավոն նկարահանվի նույն հեռուստանովելի երկրորդ սեզոնում: Ներկայումս Ավո Ադամյանը դարձյալ Եվրոպայում է:
Պրոդյուսեր Գոհար Գրիգորյանը մեզ հետ զրույցում եւս նշեց, որ հեռուստանովելի երկրորդ սեզոնն են պատրաստվում իրականացնել ԱՄՆ-ում, ինչպես նաեւ աշխատում են նոր երգերի ու տեսահոլովակների վրա:
Ավո Ադամյանը հիշեցրեց, որ արդեն քանի տարի համագործակցում է US Armenia հեռուստաընկերության, նաեւ իր բնորոշմամբ՝ տաղանդաշատ սցենարիստ Անուշիկ Պետրոսյանի հետ, որոնց հետ աշխատանքը ոչ միայն հետաքրքիր է, պրոֆեսիոնալ հիմքերի վրա, այլեւ հաճելի:
Ավո Ադամյանն այսօր Հայաստանում շարունակում է լինել ամենապահանջված ու ամենազբաղված արտիստներից մեկը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.03.2023