Արդեն տեղեկացրել ենք, որ Արցախի առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը իր դիմումի համաձայն հրաժարվել է զբաղեցրած պաշտոնից։ Ներկայացնում ենք նրա հրաժարականի պատճառները՝ ըստ հրապարակված դիմումի։
«Հարգելի գործընկերներ, իմ շատ սիրելի հայրենակիցներ,
որպես Արցախի Հանրապետության առողջապահության նախարար դիմում եմ ձեզ վերջին անգամ։ 2022թ. դեկտեմբերի 20-ին ստանալով Արցախի Հանրապետության առողջապահության համակարգը ղեկավարելու առաջարկ, առանց վարանելու ընդունել եմ այն եւ թողնելով ընտանիքս, հանձն եմ առել իմ հայրենիքի՝ Արցախ աշխարհի, նվիրյալ ծառա լինելու գործը։ Այդ որոշումը հեշտ է տրվել, քանզի համոզված էի, որ Արցախում առաջնորդվում են բացառապես «իմ թիմը իմ ժողովուրդն է» կարգախոսով։ Սակայն…
Ստանձնելով Արցախի Հանրապետության առողջապահության համակարգի ղեկավարումը, առանց ավելորդ ցուցադրողականության, պոպուլիզմի, առանց համակարգում լուրջ կադրային վայրիվերումների, իսկույն սկսել ենք գործել՝ բացառապես ի շահ մեր ժողովրդի։
Կարդացեք նաև
Շրջափակման պայմաններում շուրջ 70 օր ղեկավարելով Արցախի Հանրապետության առողջապահության համակարգը, հրատապ լուծումներ ենք տվել բազմաթիվ կենսական հարցերի, որը, սակայն, չի խանգարել սկսել ոլորտում ինստիտուցիոնալ փոփոխություններ՝ սեղմնաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրեր։
Ամենեւին էլ կառչած չլինելով առողջապահության նախարարի աթոռից, ցանկանում եմ տեղեկացնել, որ ստանձնածս պաշտոնից հրաժարվելու անմիջական եւ միակ պատճառն այն է, որ իմ պաշտոնավարման ընթացքում, առանց ինձ տեղեկացնելու, այսպես ասած՝ իմ մեջքի հետեւում, առողջապահության համակարգի ղեկավարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է արվում մեկ ուրիշի՝ դրանով իսկ տպավորություն ստեղծելով, որ գործընթացը գաղտնի է։ Մինչդեռ եթե չեն ցանկանում աշխատել քեզ հետ, ապա դա պետք է ասվի ուղիղ, առանց այլեւայլությունների՝ հարգելով դիմացինին։ Համոզված եմ՝ ինչպես ինձ համար, այնպես էլ շատ-շատերի համար նման երեւույթը անընդունելի է։ Ով սովոր է կեղծ լինել ուրիշների հետ, նա ի վերջո դադարում է անկեղծ լինել ինքն իր հետ…
Ավարտելով խոսքս, շնորհակալությունս եւ պատրաստակամությունս եմ հայտնում իմ գործընկերներին՝ սպիտակ բանակի բոլոր ներկայացուցիչներին՝ վստահ լինելով, որ դուք ի զորու եք կատարելու ձեր առջեւ ծառացած խնդիրները։
Բարին ընդ ձեզ»։