Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնյաների սխալ արտահայտություններ ԱՄՆ-ում և ՀՀ-ում. ինչպե՞ս է արձագանքում հասարակությունը

Մարտ 13,2023 11:06

Սովորական քաղաքացիների մոտ միշտ տպավորություն կա, որ երկրների վարչապետները, նախագահները, պատգամավորները, պաշտոնատար այլ անձինք օրինակելի մարդիկ են, դրա շնորհիվ էլ զբաղեցնում են այս կամ այն պաշտոնը: Պաշտոնյան նույնպես մարդ է, ունի հույզեր և զգացմունքներ, որի պատճառով ի վերջո այդ օրինակելիության կեղծ քողը պատռվում է:

Պաշտոնյաներն իրենց «բարձր իմիջին» չհամապատասխանող արտահայտություններ ժամանակ առ ժամանակ անում են թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ Հայաստանում: Այս հոդվածում կհամեմատենք երկու երկրներում նմանատիպ արատավոր դեպքերից մի քանիսը՝ ուշադրություն դարձնելով արձագանքներին, մշակութային տարբերություններին և հետևանքներին:

2020-ի նոյեմբերի 15-ին՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունից օրեր անց, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձավ Երևանի փողոցներում հավաքված և իր հրաժարականը պահանջող քաղաքացիներին: Վարչապետը գրառման մեջ նշեց. «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։»

Գրառումից րոպեներ անց Փաշինյանին աջակցող, ինչպես նաև քննադատող մեկնաբանությունների տարափ սկսվեց: Աջակիցները առաջ էին մղում մի չափից դուրս ընդհանրական թեզ, այն է՝ վարչապետի հրաժարականը պահանջողները թալանչիներ են, և փողոցում են սեփական շահից ելնելով: Սա համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ, դատեք ինքներդ: Սակայն, այս հարցի պատասխանը ոչ մի կերպ չի արդարացնում երկրի քաղաքական թիվ մեկ պաշտոնյայի խտրական այս հայտարարությունը: Գրառման մեկնաբանությունների հատվածում շրջանառվում էին մի շարք քննադատական առողջ մտքեր, որոնք պաշտոնական հաղորդագրության մեջ նշում էր նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Հայտարարությունը սպառնում է հասարակության մի մասի անվտանգությանը: «Ակնհայտ է, որ առաջնագծի զինվորները զինված են ու այդ գրառումը ենթադրում է հենց այդ կոչերի ու սպառնալիքների իրականացում, հաշվեհարդար»,– շեշտում էր ՀՀ ՄԻՊ-ը:

Հայտարարությունը կարող է ներքին անկայունության և լարվածության հիմք հանդիսանալ: «Դրանով, ըստ էության, կոչ է արվում դուրս գալ քաղաքացիական բախումների»,– ասում էր ՀՀ ՄԻՊ-ը:

Հայտարարությունը զինվորականներին, որոնք Սահմանադրության համաձայն՝ պաշտպանում են Հայաստանը արտաքին վտանգից, հրավիրում է Երևան որոշ քաղաքացիների դեմ ուժ գործադրելու համար: «Այդ գրառումը հատկապես դատապարտելի է այն տեսանյութերի ֆոնին, որոնք վերջին օրերին պարբերաբար հրապարակվում էին զինվորական համազգեստով ու զինված անձանց կողմից և պարունակում էին ատելություն, բռնության կոչեր ու սպանությունների սպառնալիքներ»,– ընդգծում էր ՀՀ ՄԻՊ-ը:

Վարչապետը ծառայում է ոչ միայն իր աջակիցներին, այլ նաև հասարակության այն հատվածին, որը չի սատարում կառավարության քաղաքականությանը: Այդ անձինք ևս ՀՀ քաղաքացիներ են և հարկեր են մուծում: Վարչապետն իր անզուսպ և էմոցիոնալ գրառման համար ներողություն չխնդրեց, իսկ իրավական հետևանքներ նույնպես չտեսանք:

2018-ի հունվարի 11-ին ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը ներգաղթի ահագնացող պատկերի վերաբերյալ քննարկման ժամանակ, ըստ հանդիպմանը ներկա դեմոկրատ կոնգրեսականների, կատարել է հետևյալ արտահայտությունը. «Ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ գարշահոտ անցք հիշեցնող երկրներից մարդիկ տեղափոխվեն մեր երկիր»: Քննարկումը փակ էր, բայց հանդիպմանը մասնակցող կոնգրեսականներից մի քանիսը հանրայնացրին կատարվածը: Ըստ իրենց պնդումների, Թրամփն այդ բառերն օգտագործել է Հայիթիից և աֆրիկյան պետություններից ներգաղթյալների հոսքերի մասին խոսելիս:

Թրամփը հերքեց իր հասցեին հնչող մեղադրանքները, սակայն մի շարք քաղաքական գործիչներ դատապարտեցին Թրամփին, այդ թվում՝ Թրամփի կուսակից Միա Լովը: «Սա անարգանք է մեր երկրի արժեքների նկատմամբ»,– ասում էր Լովը: Թեև Թրամփը հերքում էր տարածել, իր գրասենյակը պաշտոնապես չհերքեց կատարվածը և տարածեց հետևյալ հայտարարությունը: «Վաշինգտոնի որոշ պաշտոնյաններ պայքարում են օտարերկրյա պետությունների համար, մինչդեռ նախագահ Թրամփը պայքարում է ամերիկացի ժողովրդի համար»: Թրամփին հակընդդեմ ուժերի համար սա Թրամփին ռասիստ և սպիտակների գերակայություն քարոզող անվանելու հերթական հնարավորությունն էր: Իսկ ընդհանուր պատկերին նայելով՝ սա ամերիկյան հերթական քաղաքական սկանդալն էր:

Հայաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների ոչկոռեկտ խոսքերի արձագանքները մի կարևոր իրականություն են մատնանշում: Թրամփին իր ենթադրվող վիրավորանքի համար քննադատել են նաև կուսակից հանրապետականներ, իսկ Փաշինյանն իր որևէ խոսքի համար երբեք կուսակիցների քննադատությանը չի արժանացնել, որովհետև Հայաստանում կարծում են, որ քննադատել կուսակցության առաջնորդին նշանակում է դուրս գալ նրա դեմ: Վարչապետ Փաշինյանն ու նախագահ Թրամփն ունեն նմանություն: Երկուսն էլ հավատում են, որ միայն իրենց գաղափարներն են ճիշտ, և բացառում են սխալ լինելու հնարավորությունը: Փաշինյանը համոզված է, որ իր հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած քաղաքացիները թալանչիներ են, իսկ Թրամփը համոզված է, որ շատ ներգաղթյալներ հետամնաց են և վտանգավոր: Մտածել, որ դու ճիշտ ես և վերջ, միանգամայն անառողջ է և սխալ: Թրամփն ու Փաշինյանն այս համատեքստում տարբերություն նույնպես ունեն: Թրամփը «գարշահոտ անցքեր հիշեցնող երկրներ» արտահայտությունն արել է (եթե արել է) փակ դռների հետևում, նեղ խոսակցության ժամանակ, բայց Փաշինյանն առանց ծանրութեթև անելու մտքին եկածը տեղադրել է երկրի կարևորագույն թեմանների քննարկման հարթակ դարձած Ֆեյսբուքում:

Պաշտոնյաների նյարդերը տեղի են տալիս հատկապես այն դեպքերում, երբ լրագրողներն անհարմար հարցեր են հնչեցնում: 2013-ի դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցին զուգահեռ Երևանում բողոքի ցույց էր անցկացվում: Շուրջ 100 ցուցարարի բերման ենթարկելու կապակցությամբ «Երկիր» պարբերականի լրագրող Թագուհի Մելքոնյանը ոստիկանապետի տեղակալ Լևոն Երանոսյանից հետաքրքրվում է, թե արդյոք օրինակա՞ն են ոստիկանական գործողությունները: Հասարակ հարցին Երանոսյանը պատասխանում է «ռազբորկաներին» բնորոշ խոսքերով: «Կվեկալեմ հեռախոսդ, եղա՞վ: Ինձ ուրիշի տեղ չդնե՜ս: Կտամ դեմդ կջարդեմ: Ուզո՞ւմ ես անեմ, տենաս», սպառնում էր փոխոստիկանապետը:

Գեներալ-մայորի խոսքերը մնացին անպատիժ, իսկ Հայաստանում լրագրողների հանդեպ ճնշումները տարածվեցին: ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանն, օրինակ, «Ա1+»-ի լրագրողին ասում էր «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»:

2022-ի հունվարին տնտեսության մասին մամուլի ասուլիսի ընթացքում «Fox News»-ի լրագրող Փիթր Դուսիի հասցեին նախագահ Բայդենը հայհոյանք հնչեցրեց: Միջադեպին, սակայն, հաջորդեցին ոչ թե քննադատություններ Ջո Բայդենի մասին, այլ կասկածներ, թե երկրի ղեկավարը, տարիքի պատճառով, չի հասկանում՝ որտեղ ինչպես պահել իրեն: Այս միտքը ամերիկյան ընդդիմադիր շրջանակներում մինչ օրս շարունակում է իր ուրույն տեղը զբաղեցնել: Այնուամենայնիվ, երկրի ղեկավարի կողմից հայհոյանքի արժանանալը կարող էր ծանր հարված լինել, թե՛ լրագրողի, թե՛ ղեկավարի համար: Նույն օրվա երեկոյան, նախագահը սեփական նախաձեռնությամբ հեռախոսազանգ է ունեցել լրագրողի հետ և ներողություն խնդրել թույլ տված հայհոյանքի համար:

Ինչ վերաբերում է լրագրողների նկատմամբ վիրավորանքներին և հայհոյանքներին, ամերիկացիներն ու հայերն այս հարցում ունեն մշակութային հսկայական տարբերություններ: ԱՄՆ-ում հայհոյելը կամ վիրավորելը ամենօրյա երևույթ է: Ի տարբերություն Հայաստանի, ամերիկյան ֆիլմերում և հեռուստահաղորդումներում այսպիսի երևույթները սովորական բնույթ են կրում: Եթե Հայաստանում պաշտոնյան վիրավորում կամ հայհոյում է, դա իրապես ատելության և անարգանքի դրսևորում է: Նմանատիպ դեպքերին պետք է համարժեք արձագանք տալ: ԱՄՆ-ում, սակայն, այսպիսի երևույթները այդքան էլ տգեղ չեն: Ինչպես նշվեց, Բայդենն իր հայհոյանքի համար բարոյականության տեսանկյունից չի քննադատվել, պարզապես իր սթափության հետ կապված կասկածներն էլ ավելի խորացան: Չնայած այս ամենին, Ջո Բայդենը բարի գտնվեց և ներողություն խնդրեց իր կողմից հայհոյանքի արժանացած լրագրողին, իսկ հայկական իրականությունում պաշտոնյան ինչպե՞ս կարող է ծանր տեղը թեթևացնել ու ներողություն խնդրել որևէ մեկից:

Քաղաքացիները պետք է հասկանան, որ պաշտոնատար անձինք ունեն գաղափարներ, մտքեր և հույզեր: Հաճախ դրանք այս կամ այն կերպ պոռթկում են: Պաշտոնատար անձինք էլ պետք է հասկանան, որ ծառայում են ժողովրդին, իսկ ժողովրդին ծառայել նշանակում նաև առաջ տանել լավ քաղաքացու, լավ մարդու օրինակը: Այս երկկողմ հասկացողության շնորհիվ է պահպանվում պետություն-քաղաքացի հանդուրժողականությունը:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031