«Տարիներ շարունակ Հայաստանում դեմոգրաֆիական խնդիրների թիվ մեկ պատճառը եղել է զբաղվածությունը եւ եկամուտների ցածր մակարդակը: Ես համաձայն եմ դրա հետ: Այսօր էլ մենք ունենք թափուր աշխատատեղեր, բայց մենք չունենք բավարար եկամտի մակարդակ: Իսկ 2020 թվականից հետո, արդեն մարդիկ համատարած, երկրից բացակայողները, նշում են անվտանգության խնդիրը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ապագա հայկականը» առաջին համահայկական համաժողովի «Բնակչության աճ» հանձնախմբի փորձագետ Լիլիթ Ղանթարչյանը:
Համաժողովի աշխատանքի արդյունքներով այսօր ուրվագծվեցին Հայաստանում բնակչության աճին վերաբերվող խնդիրների պատճառները եւ նախանշվեցին դրանց հնարավոր լուծումները:
Մեր զրուցակիցը վստահեցնում է, որ համաժողովի արդյունքները լավ հիմք կլինեն պետության համար՝ առկա խնդիրների լուծման առումով քայլեր անելու համար: Մինչեւ տարեվերջ կլինի Հայաստանի ժողովրդագրությանն ուղղված ռազմավարությունը, որի հիմքում դրվում է բնակչության թվի ոչ միայն քանակական, այլ որակական աճի ապահովմանը:
«Այսօր մենք խնդիր ունենք բնակչության ներկայիս թվի պահպանմանը: Մենք խոսում ենք բնակչության թվի ավելացման մասին, բայց շատ կարեւոր է պահպանել հենց եղածը»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ խնդիրները պետք է լուծվեն միասնաբար, համագործակցելով:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ