Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչու է դեմքը թմրում․ պատճառներ, որոնք չարժե անտեսել

Մարտ 13,2023 09:30

Սովորաբար մարմնի որևէ հատվածում թմրածություն է առաջանում, երբ նյարդերը վնասվում, սեղմվում կամ գրգռվում են։ Գլխի աջ ու ձախ կողմերով անցնող նյարդերի շնորհիվ մարդն իր դեմքի շրջանում զգում է ցավ, ջերաստիճանի տատանումներ, հպումներ, ունենում այլ զգացողություններ։

Նյարդերի տարբեր խմբերի կողմից կարգավորվում են մարդու դեմքի շարժումները, և այդ նյարդերի հետ կապված ցանկացած խնդիր կարող է ազդել դեմքի որոշ հատվածների զգայունակության վրա։ Դա կարող է լինել վնասվածքի, ատամնաբուժական միջամտության կամ անգամ անսովոր դիրքով քնելու դեպքում։

Դեմքի թմրածությունը կարող է հուշել մի շարք լուրջ հիվանդությունների զարգացման մասին

Ցրված սկլերոզ

Դեմքի թմրածությունը ցրված սկլերոզի առավել տարածված ախտանշաններից մեկն է։ Այս հիվանդության դեպքում մարդը կարող է կորցնել դեմքի կամ մարմնի այլ հատվածների զգայունակությունը։ Հիվանդության պատճառը կապվում է գլխուղեղի և ողնուղեղի նյարդաթելերի միելինապատ թաղանթի վնասվածքների հետ, որոնք առաջանում են օրգանիզմի իմունային համակարգի գրոհների հետևանքով։

Գոտևորող որքին

Նյարդերի այս ինֆեկցիայի հարուցիչը գոտևորող հերպեսի վիրուսն է՝ նույն վիրուսը, որն առաջացնում է ջրծաղիկ վարակը։ Գոտեորքինը կարող է ցավոտ ցան առաջացնել դեմքի կամ մարմնի մի կողմում։ Երբեմն դա տեղի է ունենում մի աչքի շուրջը։ Ցանի հայտնվելուց մոտ 1-5 օր առաջ մարդը կարող է այդ շրջանում ցավ, այրոց, ծակծկոց, քոր կամ թմրածություն զգալ։

Կաթված

illustration of the vessels of the brain and a brief description of the causes of stroke

 

Կաթվածն առաջանում է, երբ գլխուղեղին թթվածին մատակարարող արյան հոսքն արգելակվում է կամ երբ ներուղեղային արյունազեղում է տեղի ունենում։

Կաթվածի նախանշաններից մեկը դեմքի հանկարծակի թմրածության ու կախվածության առաջացումն է։ Առանց արյան ու թթվածնի գլխուղեղի բջիջներն արագ մահանում են, ինչի հետևանքով խաթարվում է մարմնի՝ այդ բջիջների կողմից կարգավորվող հատվածների աշխատանքը։

Կաթվածի դեպքում ամեն մի րոպեն կարևոր է, և որքան ուշ է սկսվում բուժումը, այնքան մեծ է գլխուղեղի անդառնալի վնասվածքներ ստանալու ռիսկը։

Դեմքի շրջանում և մարմնի այլ մասերում թմրածության ու թուլության առաջացումը, գիտակցության, տեսողության հանկարծակի խանգարումները, գլխապտույտն անհանգստանալու առիթ են, ուստի չպետք է հապաղել բժշկական օգնության դիմելու հարցում։

Տրանզիտոր կամ անցողիկ իշեմիկ գրոհ (ՏԻՀ)

Անցողիկ իշեմիկ գրոհը երբեմն «համր կաթված» կամ միկրոկաթված են անվանում։ Այն տեղի է ունենում, երբ մի քանի րոպեով արգելակվում է արյան հոսքը դեպի գլխուղեղ։ Անցողիկ իշեմիկ գրոհը կարող է ընդամենը մի քանի րոպե տևել և անցնել անախտանիշ կամ առաջացնել կաթվածին բնորոշ ախտանշանները, որոնցից են մարմնի մեկ կեսում թուլությունը և թմրածությունը։ Այս ախտանշանների, խոսքի խանգարման և այլ բնորոշ դրսևորումների դեպքում նույնպես պետք է անհապաղ շտապօգնություն կանչել։

Բելլի կաթված

Բելլի կամ դիմային կաթվածը դեմքի մի կեսի մկանների հանկարծակի թուլացումն է կամ պարալիզը:​ Այս խնդիրը զարգանում է դիմային նյարդի բորբոքման կամ ախտահարման պատճառով: Դեմքի ծռվածությունը սովորաբար ժամանակավոր բնույթ է կրում, և մեծամասնության մոտ լիարժեք վերականգնվում է:

Ուռուցք

Որոշ բարորակ ուռուցքներ կարող են աճել դեմքի զգայունակության, շարժունակության համար պատասխանատու նյարդերի վրա կամ դրանց մոտակայքում։ Ուռուցքը մեծանալով՝ կարող է ճնշել նյարդը՝ առաջացնելով տարբեր ախտանշաններ՝ կախված վնասված նյարդի տեսակից։ Այդպիսի դեպքերում կարող են առաջանալ դեմքի թմրածություն, ծամելու հետ կապված խնդիրներ, դեմքի մկանների թուլություն կամ լսողական խնդիրներ։

Ուղեղի անոթների անևրիզմա

Անևրիզման գլխուղեղի զարկերակի պատի փքվածությունն է։ Փոքրիկ անևրիզման ախտանշաններ չի առաջացնում, սակայն մեծանալով՝ կարող է ճնշում գործադրել գլխուղեղի հյուսվածքների ու նյարդերի վրա՝ առաջացնելով դեմքի մի կողմի թմրածություն։ Կարող է ցավ զգացվել մի աչքում կամ երկտեսություն առաջանալ։

Եթե ուղեղային անևրիզման պատռվում է, զարգանում է ներուղեղային արյունահոսություն, որն առաջացնում է շատ ուժեղ գլխացավ։ Սա անհետաձգելի բժշկական օգնության դիմելու ցուցում է։

Հեմիպլեգիկ միգրեն

Սա միգրենի հազվագյուտ տեսակ է, որը գլխացավի հետ մեկտեղ կարող է մարմնի մի կողմի՝ դեմքի, ձեռքի կամ ոտքի թմրածություն կամ թուլություն առաջացնել:  Այդ ախտանշանները կարող են տևել մի քանի ժամից մինչև մի քանի օր:

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031