Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թուրքիան էլ պետք է պատրաստ լինի, բայց մեզ որեւէ բան չպետք է պարտադրել դրա փոխարեն»

Մարտ 13,2023 14:00

Խորհրդարանական ընդդիմությունն ի թիվս այլ խնդիրների՝ դատապարտում է Թուրքիայի հետ երկխոսության ՀՀ իշխանությունների օրակարգը՝ փաստելով, որ թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր նախապայմաններն ու պայմանները կատարվել են ու կատարվելու են։ Իրավիճակի մասին «Առավոտ»-ը զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, թուրքագետ Գեղամ Մանուկյանի հետ։

-Պարոն Մանուկյան, եթե 2020թ.-ի պատերազմից հետո ՀՀ-ում տեղի ունեցած լիներ իշխանափոխություն եւ եթե այն տեղի ունենա ապագայում, ո՞րն է լինելու Թուրքիայի հետ երկխոսության ձեր օրակարգը։ «Ձեր»՝ նկատի ունեմ ձեզ՝ որպես ընդդիմություն։

-ՀՅԴ-ի անունից ասեմ։ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շուրջ շատ վաղուց հանրային մեծ բանավեճեր են եղել, եւ մեր պատկերացումները հաճախ փաստաթղթավորված ենք ներկայացրել։ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հիմքը երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է։ 1991թ.-ի ՀՀ անկախության հռչակագրից հետո Թուրքիան, այո, առաջիններից էր, որ ճանաչեց ՀՀ անկախությունը, բայց դրանից անմիջապես հետո հարաբերությունները դիվանագիտական մակարդակի բերելու համար պարբերաբար ՀՀ-ին ներկայացրեց նախապայմաններ։ Մեկը այն է, որ ՀՀ-ն պետք է հայտարարի, որ որեւէ տարածքային նկրտում չունի, որ ընդունում է Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերը։ Հետո ավելացավ Արցախի հարցը, ազատագրված տարածքներից զորքերի հետքաշման հարցը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարման հարցը, որը մինչեւ հիմա թուրքական օրակարգում է։ Ի դեպ, ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը հատուկ որոշում է կայացրել. այն կարմիր գիծ է առ այն, որ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը չի կարող կասկածի տակ դնել ՀՀ անկախության հռչակագիրը, որում ամրագրված է նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Չի կարող կասկածի տակ դնել ՀՀ սահմանադրությունը։ Մնացած հարցերում հարաբերությունները, այո, պետք է կարգավորվեն։ Այլ հարց է, որ ՀՀ իշխանությունները պետք է անվտանգային բարձիկներ մշակեն մեր տնտեսությունը, հատկապես՝ գյուղատնտեսությունը պաշտպանելու համար։ Որովհետեւ բոլորին է հայտնի, որ Թուրքիան գյուղատնտեսությունը սուբսիդավորող պետություն է։ Այդ տեսանկյունից անհավասար պայմաններ են ստեղծվելու ՀՀ-ի գյուղատնտեսության եւ Թուրքիայի գյուղատնտեսության համար։ Բազմաթիվ այլ փաստեր կան, որոնց համար օրինակ կարող է ծառայել Վրաստանը, որտեղ քաղաքական-հասարակական լուրջ շրջանակներ անհանգիստ են թուրքական էքսպանսիայով, որը հաճախ վերածվում է նաեւ քաղաքական ազդեցության։ Աջարիայի տարածքում Թուրքիայի ներկայությունը շատ լուրջ մարտահրավեր է Վրաստանի համար։ Սա միակ փաստը չէ։ Այս տեսանկյունից ձեր հարցին կպատասխանեմ՝ հնարավորինս խուսափել թուրքական նախապայմաններից։

-Մարդկանց մոտ հարց է առաջանում՝ ինչպե՞ս։ Ենթադրենք, գործող իշխանությունն այլեւս չկա։ Ինչպե՞ս խուսափել դրանցից։

-Տեւական ժամանակ Թուրքիայի հետ ունեցել ենք սառեցված հարաբերություններ։ Մենք ասել ենք՝ պատրաստ ենք երկխոսության եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն, իսկ մնացածը Թուրքիայի կողմից արվելիք քայլեր պետք է լինեն։ Մենք չենք փակել մեր սահմանը, այլ Թուրքիան։ Մենք պատրաստ ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել, Թուրքիան էլ պետք է պատրաստ լինի, բայց մեզ որեւէ բան չպետք  է պարտադրել դրա փոխարեն։ Աշխարհում շատ երկրներ ունեն դիվանագիտական հարաբերություններ ու չլուծված խնդիրներ՝ Ճապոնա, Ռուսաստան, Հնդկաստան, Պակիստան…

-2022թ. հունվարին Փաշինյանը քննադատվեց այն հայտարարության համար, որով, ըստ էության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պետության եւ իշխանության ուսերից «գցեց» ՀՅԴ-ի վրա՝ ասելով, թե «ՀՀ-ն երբեք չի վարել Հայ դատի քաղաքականություն»։ Էլ ի՞նչ փաստեր կարող եք վկայակոչել՝ ցույց տալու, որ այս իշխանությունը հրաժարվում է նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հանձնառությունից։

-Ամեն տարի դեկտեմբերի 9-ին նշվում է ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրը։ Ամեն տարի այդ օրը միջազգային համաժողովներ են լինում։ 2022թ.-ի համաժողովը Նիկոլ Փաշինյանը վերածեց այն թեզի շրջանառությանը, թե ՀՀ-ում հակաթուրք հասարակություն է։ Ասաց, թե իրեն «թուրք» են ասում, եւ ինքը չի նեղանում… ընդ որում, ասաց, թե իր ենթադրությամբ՝ նման տրամադրություններ կան նաեւ Թուրքիայում։ Մինչդեռ եթե իր աշխատակազմում անգրագետ չլինեին, կհիշեցնեին Էրդողանի հայտարարությունը, որ «ինձ մեղադրում են վրացի լինելու մեջ, եւ ավելի վատ՝ հայ լինելու մեջ»… Մեքսիկայի սենատը վերջերս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, բայց ԱԳՆ-ի պաշտոնական կայքում որեւէ բան չկա։ Նման բանաձեւերի ընդունումից հետո պաշտոնական Երեւանն ավանդաբար արձագանքում էր եւ շնորհակալություն էր հայտնում։ Հիմա ԱԳՆ-ում լռություն է։ Ավելին՝ ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումները նախորդ տարիներին վերածվել են գեղարվեստական-մշակութային միջոցառումների։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031