Փայլակի ուսանողական ընկերը Կապի գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր ճարտարագետն էր և հաշվի առնելով ընկերոջ հայտնի ճարտարագետ լինելը, հաճախ էր նրան հորդորում իրենց մոտ աշխատանքի անցնելու նպատակով: Փայլակն էլ չէր մերժում նրա առաջարկը, միայն ասում էր, որ երբ նրան ինստիտուտը տեղափոխվի իրենց միկրոշրջան, որը մոտ է լինելու իր բնակավայրին, այն ժամանակ էլ ինքը կընդունի նրա առաջարկը:
Այդ ժամանակներից ամիսներ անցան, նույնիսկ տարին էլ գլորվեց, երբ հանկարծ Փայլակի աշխատասենյակում հնչեց հեռախոսազանգը:
-Բարև Փայլակ,-հնչեց հեռախոսի ընկալուչում,-Ռուբենն է, հիշո՞ւմ ես իմ առաջարկի մասին:
-Բարև Ռուբեն ջան, հիշում եմ,-սիրալիր պատասխանեց Փայլակը:
Կարդացեք նաև
-Դե՛, որ հիշում ես, ուրեմն իմացիր, մեր աշխատանքը արդեն տեղափոխում ենք ձեր միկրոշրջան և մոտակա օրերին ամբողջովին կավարտենք տեղափոխումը, քեզ տասն օրից սպասում եմ իմ աշխատասենյակում, մեր նոր կառույցի տեղի մասին էլ քեզ արդեն ասել եմ, գալուց առաջ զանգահարիր և մենք կպայմանավորվենք հանդիպման մասին:
-Շատ լավ,-արձագանքեց Փայլակը և մի փոքր զրույցից հետո նրանք հրաժեշտ տվեցին իրար:
Երկու շաբաթ անց Փայլակը զանգահարեց ընկերոջը, և նրանք պայմանավորվեցին հանդիպելու հաջորդ օրը:
Նշանակված ժամին Փայլակը ներկայացավ ընկերոջը և կարճատև զրույցից հետո գլխավոր ճարտարագետը Փայլակին ուղեկցեց դեպի տնօրենի աշխատասենյակ, որի դուռը հենց իր աշխատասենյակի դիմաց էր գտնվում.
-Կամո Արսենովիչ, այն ընկերոջս մասին, որ Ձեզ բազմիցս ասել էի, հիմա եկել է, կարո՞ղ ենք ներս գալ:
-Խնդրեմ, ներս եկեք,-աշխույժ տոնով արձագանքեց տնօրենը, տեղից բարձրացավ և առաջինը ձեռքը մեկնեց Փայլակին, ապա՝ Ռուբենին, որից հետո նրանց առաջարկեց տեղ զբաղեցնել իրեն մոտիկ սեղանի շուրջ:
Տնօրենի ընդարձակ աշխատասենյակը դաավորված էր բավականին համեստորեն, հսկա աշխատասեղանի վրա, որի մոտ նստում էր նա, դասավորված էին զանազան հաշվետվական մատյաններ, գրքեր և բազմապիսի գրենական պիտույքներ: Իսկ ահա դրան ուղղահայաց ուղղությամբ տարածվում էր հսկա դիսպետչերական սեղանը, որի շուրջ անցկացվում էին սեմինարներ, խոհրդակցություններ, կառավարչական համաժողովներ։
Փայլակը սիրալիր բարևեց տնօրենին և տեղավորվեց նրա առաջարկած աթոռին, որը դրված էր տնօրենի սեղանին ուղղահայաց ուղղությամբ առաջին տեղում, իսկ Ռուբենը անցավ երկարավուն սեղանի մյուս կողմը և տեղ զբաղեցրեց տնօրենի սեղանին մոտիկ, Փայլակի դեմ-դիմաց, որտեղ երևի միշտ նստում էր տնօրենի մոտ անցկացվող կառավարչական հավաքների կամ անհատական հանդիպումների ժամանակ:
Ավարտելով փոքրիկ հարցուփորձը Փայլակի հետ՝ ինստիտուտի տնօրենը եզրափակեց հանդիպումը հետևյալ վերջաբանով.
-Մենք ներկայումս զբաղվում ենք Խորհրդային Միության խոշորագույն քաղաքների կենտրոնական հեռագրային կայանների արդիականացման ծրագրերի աշխատանքների մշակումով, որը ենթադրում է ներկայիս էլեկտրամեխանիկական հեռագրային կայանների փոխարինումը ժամանակակից էլեկտրոնային հաշվիչ մեքենաներով և նրան հարակից օժանդակ սարքավորումներով, իսկ դուք կղեկավարեք հենց այն լաբորատորիայի աշխատանքները, որը հիմնականում զբաղվելու է վերահսկիչ սարքավորումների մշակմամբ և ներդրմամբ: Մանրամասների մասին ձեզ կծանոթացնի Ռուբեն Կարպիչը,-ժպտալով դեպի Ռուբենը թեքվեց տնօրենը:
-Մենք կարո՞ղ ենք գնալ,-հարցրեց Ռուբեն Կարպիչը,-հասկանալով, որ հանդիպումը ավարտված է:
-Այո, թող Փայլակը դիմում գրի ընդունման մասին, կբերես կստորագրեմ և հրամանը անմիջապես կձևակերպենք:
Ռուբեն Կարպիչն ու Փայլակը ցտեսություն ասելով, հրաժեշտ տվեցին տնօրենին և դուրս եկան նրա աշխատասենյակից:
Մի քանի օր անց Փայլակը արդեն ստանձնել էր համապատասխան լաբորատորիայի ղեկավարի պաշտոնը, ծանոթացել գործերի էությանը և անցել ծանրաբեռնված աշխատանքի:
Աշխատանքներով ծանրաբեռնված ամիսները, որոնց ընթացքում մշակվեցին և փորձարկվեցին հեռագրային հաղորդագրությունների կենտրոնների վերահսկման համար հաստատված և մշակված վերջնական աշխատանքները հետևում մնացին և արդեն սկսվում էր նրանց տեղակայումները խոշոր քաղաքների հեռագրային հաղորդագրությունների կենտրոնական կայաններում:
Իհարկե, հեռագրային կայանների կապուղիների նոր համակարգի աշխատանքային մոդելը փորձարկման ենթարկվելու ժամանակ բացահայտվում էին բազմաթիվ թերություններ ու սխալներ, որոնք արագորեն շտկվում էին և ներդրվում հենց գիտահետազոտական ինստիտուտի հաշվողական կենտրոնում, այնտեղ տեղադրված հսկա էլեկտրոնային հաշվիչ մեքենաների և արհեստական կապուղիների մոդելի բազայի վրա:
Նկատված թերությունները ինչպես մաթեմատիկական ծրագրավորման, այնպես էլ հարակից օժանդակ սարքավորումների մոտ վերացնելու համար որոշակի ժամանակ պահանջեցին, որից հետո համակարգի աշխատանքը պետք է ընդունվեր կենտրոնական ինստիտուտի հանձնաժողովի կողմից: Այդ գործընթացն էլ իր հերթին էր ժամանակ և ջանքեր պահանջում, որն էլ ավարտելուց հետո պետք էր համակարգը ներդնել և փորձարկել արդեն իրական գործող հեռագրային կայաններում:
Ամեն ինչ իր դրական հունով էր ընթանում և երկու տարի հետո արդեն Խորհրդային Միության խոշոր քաղաքների կենտրոնական հեռագրային հաղորդագրությունների կայանները աշխատում համակարգով: Չմոռանամ ասել, որ կենտրոնական կայանների արդիականացմանը զուգընթաց արդիականացվում էին նաև նրան ենթակա կապի կայանները՝ հագեցվելով նորագույն հաշվողական տեխնիկայով և վերապատրաստված անձնակազմով:
Կապի մեր Գիտահետազոտական ինստիտուտում արդեն ձևավորվել էր այդ աշխատանքների նախնական հարմարաբերման և փորձարկման կոլեկտիվ, որի մասնագետները մեկ-երկու ամիս առաջ մեկնում էին գործուղման այն քաղաքները, որտեղ մոտակա ժամանակներում պետք է հանձնվեր հեռագրային նորագույն կայանը և նախապատրաստում էին նրա հանձնումը ընդունող հանձնաժողովին:
Երբ ամեն ինչ արդեն պատրաստ էր լինում այնտեղ էին մեկնում այսպես կոչված վերադասի անդամները, որպեսզի այն հանձնեին տեղի հանձնաժողովին:
Ինչպես կռահեցիք, այնտեղ էր լինում Կապի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը, մաթեմատիկական ծրագրավորումների բաժնի վարիչը, էլեկտրոնային հաշվիչ մեքենաների սպասարկման բաժնի վարիչը, հիմնական ծրագրավորողները, էլեկտրոնային օժանդակ սարքավորումների բաժնի վարիչը, հսկող և կարգավորող օժանդակ սարքավորումների լաբորատորիայի վարիչը, և որոշ առաջատար այլ մասնագետներ:
Եվ ահա այդպիսի մի հեռավոր քաղաքում պետք է նախապատրաստական աշխատանքներ կատարելուց հետո կենտրոնական հեռագրային կայանը հանձնվեր տեղի մասնագիտացված անձնակազմին:
Փայլակը իրերի բերումով մեկ օր ուշ ժամանեց գործուղման վայր և հաջորդ օրը ներկայացավ տեղի անձնակազմին, ծանոթացավ կառավարման վահանակի աշխատանքի ընթացքին: Գործերը կարծես դրական հունով էին գնում, բայց հանկարծ նա նկատեց, որ հեռագրային կայանում տեղի ունեցող հոսանքի որոշակի տատանումների դեպքում կառավարման վահանակի ազդանշանային լամպերը սկսում են անորոշ կերպով թարթել և աղավաղել ստացվող տեղեկատվությունը: Իրենից առաջ այստեղ եկած մասնագետը երևի դրա վրա ուշադրություն չէր դարձրել կամ էլ նրանից հետո տեղի աշխատողներն էին փորձել աշխատեցնել կառավարման վահանակը և ինչ-որ պատճառով վնասել էին կառավարման բլոկը:
Իր հետ բերած պահուստային բլոկների մեջ Փայլակը դժբախտաբար չգտավ անհրաժեշտ բլոկը, իսկ տեղում վերանորոգել այն այնքան էլ դյուրին գործ չէր: Վնասված էլեմենտը հայտնաբերելու և վերանորոգելու համար անհրաժեշտ սարքավորումներ, գործիքներ և էլեմենտներ էին պահանջվելու:
Չհայտնելով իր ղեկավարությանը այդ մասին, որպեսզի իրարանցում չառաջացնի համակարգը հանձնաժողովին հանձնման շեմին, նա որոշեց գործել միայնակ: Նախ զանգահարեց իր տեղակալին և խնդրեց, որ այդ քաղաք եկող ինքնաթիռի ուղևորներից մեկի միջոցով ուղարկի նորմալ աշխատող կառավարման բլոկ, ինքը ուղևորին կդիմավորի օդանավակայանում և կվերցնի նրանից, իսկ ապա, ժամանակ շահելու նպատակով հանդիպեց նաև տեղի հեռագրային հաղորդակցությունների կենտրոնական կայանի պետին և նրան հայտնեց, որ կառավարման վահանակին էլեկտրոնային հաշվիչ մեքենայից (ԷՀՄ) եկող կապուղու լարերը չպետք է լինեն սովորական, այլ լինեն էկրանավորված, որպեսզի նրանք զերծ մնան հոսանքի արտաքին աղբյուրների տատանումներից և աղավաղումներից:
Իհարկե, կայանի պետը չուներ այն բարձր մասնագիտական որակները, որ հակառակվեր Փայլակի անհարկի առաջարկին և խոստացավ անպայման ձեռք բերել էկրանավորված պղնձյա լարեր, հեռագրային վահանակը հոսանքի արտաքին աղավաղումներից պաշտպանելու համար:
Երեք օր հետո միայն կայանի պետը մեծ դժվարությամբ կարողացավ ձեռք բերել ցանկալի էլեկտրահաղորդալարերը, որոնցով փոխարինեց սովորական հաղորդալարերը:
Իսկ մինչ այդ Փայլակը արդեն հասցրել էր բոլորից գաղտնի մեկնել օդանավակայան և վերցնել հեռագրային վահանակի ստուգված կառավարման բլոկը և ստուգել նրա աշխատանքը կառավարման վահանակի վրա:
Երբ ամեն ինչ ավարտվեց բարեհաջող կերպով ու բոլորից գաղտնի, նա հրավիրեց կայանի պետին և ցուցադրեց նրան վահանակի նորմալ աշխատանքը, առաջարկելով նրան կատարել կայանի տարբեր էլեկտրասարքերի միացում-անջատում, որի դեպքում կառավարման վահանակի տեղեկատվություն հաղորդող էլեկտրական լամպերը իրենց պահում էին նորմալ վիճակում և սկսում էին գործել այն ժամանակ, երբ տվյալ կապուղով հեռագրային փորձնական հաղորդումներ էին կատարվում:
Հաշված օրեր էին մնում կայանը շահագործման հանձնելու համար: Փայլակը ամեն օր լինում էր հեռագրային կայանում, մասնակցում նախապատրաստական աշխատանքներին:
Այդ օրը նա նստած հսկիչ վահանակի մոտ հետևում էր կայանի փորձնական աշխատանքին, երբ նրան մոտեցավ իրենց խմբի ծրագրավորողներից մեկը և ասաց, որ Կարո Արսենիչը նրան իր մոտ է կանչում:
Փայլակը մտորումների մեջ ընկավ: Ինչ կարող է պատահած լինել, որ տնօրենը իր մոտ է կանչում: Երևի ցանկանում է իմանալ ղեկավարման վահանակի պատրաստ լինելու մասին, եզրակացրեց Փայլակը և տեղից վեր կենալով քայլերն ուղղեց դեպի տնօրենին հատկացված աշխատասենյակը:
-Կանչե՞լ եք Կամո Արսենիչ,-աշխատասենյակի դուռը բացելուց և բարևելուց հետո, հարցրեց Փայլակը:
-Այո, Փայլակ,-բարևին պատասխանելուց հետո, արձագանքեց Կամո Արսենիչը և շարունակեց,-նոր ինձ ծրագրավորողները հայտնեցին, որ օժանդակ սարքավորումներից մեկի վրա թերություն է հայտնաբերվել, հեռագրային մեկ կապուղի չի արձագանքում հաղորդումներին, իսկ մեկի վրա կրկնակի են հաղորդումները լինում, գնա տես ինչով կարող ես օգնել:
-Բայց Կարո Արսենիչ, այդ սարքը մենք չենք մշակել և արտադրել, այն Կիևի մասնաճյուղին է պատկանում,-զարմացավ Փայլակը:
-Գիտեմ, սակայն նրանց մասնագետներից ոչ ոք չի ժամանել, իսկ կայանը արդեն շուտով պիտի հանձնենք:
-Ես այդ սարքի էլեկտրական սխեմային ու աշխատանքի սկզբունքին ծանոթ չեմ,-կռահելով տնօրենի միտքը, արտաբերեց Փայլակը:
-Գիտեմ, բայց հուսով եմ, որ դու գլուխ կհանես դրանից և կվերացնես թերությունը:
-Կփորձեմ,-վհատված տրամադրությամբ արտաբերեց Փայլակը և հրաժեշտ տվեց տնօրենին:
Այ, քեզ փորձանք, հազիվ էր կարգի բերել կառավարման վահանակի աշխատանքը, հիմա էլ պետք է կարգի բերի ուրիշի մշակած սարքը: Տնօրենի ժամանակավոր աշխատասենյակից դուրս գալով Փայլակը քայլերը դժկամությամբ ուղղեց դեպի այն սենյակը, որտեղ տեղադրված էր տվյալ սարքը: Բայց հենց ճանապարհին էլ նա մտքում կռահեց թերության գաղտնիքը, մնում էր գտնել այդ տեղը անծանոթ սարքի խճճված լաբիրինթոսում:
Պարզ է, մտքում մտմտաց Փայլակը, մոնտաժող բանվորը մեկ կապուղու լարը դրել է մյուս կապուղու լարի վրա ու միասին ձգել, դրա պատճառով էլ մեկ կապուղին ցույց չի տալիս, իսկ մյուսը կրկնակի է ցույց տալիս, ուղղակի այդ խառնիճաղանջ լարերի մեջ պետք է գտնել դրանք և ուղղել սխալը:
Մի քանի ժամ փնտրելուց հետո Փայլակը հայտնաբերեց սխալի տեղը, ուղղեց այն և կեսգիշերին մոտեցավ այնտեղ հերթապահող ծրագրավորող ընկերոջը:
-Համլետ ջան, մի այդ թեստը դիր, տեսնենք ճիշտ եմ գուշակել սխալը:
-Փայլակ ջան, մի փոքր սպասիր, հիմա աշխատանք է գնում, հենց որ վերջանա, թեստը կմիացնեմ,-արձագանքեց Համլետը և շարունակեց հետևել կայանի աշխատանքին:
Առավոտյան տնօրենը կրկին Փայլակին իր մոտ կանչեց և հենց նա մտավ աշխատասենյակ ու ողջունեց տնօրենին, իսկ նա ժպտալով ասաց.
-Ասում էի, չէ, Փայլակ, որ դու կարող ես, ապրե՛ս:
Մի քանի օր անց կենտրոնական հեռագրային հաղորդագրություւների կենտրոնական կայանը հաջողությամբ հանձնեցին շահագործման և կոլեկտիվի մի զգալի մասը երկարատև գործուղումից հետո, վերադարձավ հայրենի ինստիտուտ աշխատանքները շարունակելու համար, իսկ մի փոքր մասն էլ մնացի մի քանի օր ևս տեղի մասնագետներին օգնելու համար:
Ասածս ինչ է՞… Առաջին դեպքում Փայլակը հնարամտորեն խուսափեց տնօրենի պարսավանքից և պատվով կատարեց իր առաջադրանքը, իսկ մյուս դեպքում ստացավ բարձր գնահատական թե՛ տնօրենի և թե՛ աշխատակազմի կողմից, և կայանը անթերի հանձնվեց ընդունող հանձնաժողովին:
Բա՜, որ ասում են այստեղ է հայի խելքը…
Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ