«Ապագա հայկականի» գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանի կարծիքով, պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ՝ առկա խնդիրների նախանշումով եւ ապագայի տեսլականների ուրվագծումով ու միայն միասնականությամբ է հնարավոր կերտել այն Հայաստանը, որի մասին միշտ երազել ենք, բայց որի համար, ցավոք, բավարար ջանքեր չեն գործադրվել:
«Ապագա հայկականը» հանրային նախաձեռնության եռօրյա աշխատանքների ամփոփմանը նախաձեռնության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր չկարողացավ միանալ՝ Արցախում ինտերնետ կապի խնդիրների պատճառով:
Նախաձեռնության մեկ այլ համահիմնադիր Ռիչարդ Ազարնիան իր խոսքում նշեց, որ համաժողովը շատ կարեւոր էր, քանի որ վերջին երեք տարիների ընթացքում Հայաստան-Սփյուռք առաջին երկխոսությունն է ստացվել, որը հնարավորություն է տալու նաեւ միասնական ճանապարհով գնալ, լուծումներ գտնել: Նա նույնիսկ չի կարեւորում, թե ի՞նչ հարցերում են ընդհանրությունների հանգել, որ հանգել են՝ արդեն իսկ կարեւոր է. «92 տոկոս էր, որ Արցախը 10 միլիոն հոգի Արցախի համար հանձնառու էր… դա կարեւոր էր, շատ հետաքրքիր էր: Բայց միայն Արցախի համար չէ, իմ կարծիքով, այս խոսքով ասել եք՝ հայության համար ենք պարտական: 100 տոկոսի երբեք չենք հասնի, 100 տոկոսը սովետական համակարգ է, բայց հասել ենք մի տեղ, որ իրար հասկացել ենք, իրար ընդունել ենք եւ հայության համար ճանապարհ ենք սկսել ցույց տալ»:
«Ապագա հայկականի» պարտականությունը, սրանից հետո, ըստ բանախոսի, պատասխանատու է, որ այս ծրագրերը իրագործվեն: Նա հույս հայտնեց, որ վեց ամիս կամ մեկ տարի հետո, արդեն գործնական քայլերի ականատես կլինենք:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ