Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր համատեղ ապագան կհաջողի միայն այն դեպքում, երբ հայկական մտածողությունն ու կենսակերպը դառնա պետականակենտրոն». Զարեհ Սինանյան

Մարտ 12,2023 20:12

«Ապագա հայկականը» հանրային նախաձեռնության հիմնադիրներից Արթուր Ալավերդյանը շատ տպավորված է համաժողովի եռօրյա աշխատանքներով: Այսօր, օրվա եւ համաժողովի աշխատանքների ավարտին ամփոփելով եռօրյա աշխատանքները, պարոն Ալավերդյանը նկատեց՝ համաժողովը շատ հաջող կայացավ, ակտիվ  եւ արդյունավետ քննարկումներ եղան. «Շատ կարեւոր արդյունքներ արձանագրեցինք: Ընդհանրապես, մարդկանց ներգրավվածությունը, շատ մեծ նշանակություն ունի: Այն աշխատանքը, որը որ տեսանք, մեզ մեծ ուժ եւ ոգեւորություն է տալիս՝ այս գործընթացը շարունակելի դարձնելու համար: Եվ այն արդյունքները, որոնք որ արձանագրեցինք՝ կազմակերպել, կյանքի կոչել: Որդեգրում ենք այդ արդյունքները եւ պիտի աշխատենք դրանց վրա՝ հասցնելու դրանք իրականացման փուլ: Նաեւ պետք է մեր մյուս նպատակների շուրջ աշխատենք՝ նորից կազմակերպելով այսպիսի համաժողովներ»: Նա հուսով է, որ միասնականությունն ու ներգրավվածությունն էլ ավելի կընդլայնվի:

Արթուր Ալավերդյան

ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, որը երեկ էր վերադարձել Մերձավոր Արեւելքից, այսօր համաժողովի փակման արարողության ժամանակ խոսք ասաց. «Համաժողովի երեք հիմնական ուղղությունները՝ պատմական պատասխանատվություն, Հայաստան-Սփյուռք միասնականության եւ բնակչության աճ, իրապես կարեւոր թեմաներ են հայկական իրականությունում: Լիահույս եմ, որ մասնակիցների քննարկումները, առաջարկները, փորձագիտական մոտեցումները՝ կբերեն կոնկրետ քայլերի եւ եզրակացությունների իրագործման: Սակայն, ամենից առաջ ո՞րն է հայկականի ապագան: Վերջին տարիներին, հայրենիքում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, վերաիմաստավորել են հայ մարդու համար հայկականի, աշխարհի եւ մեր ապագայի վերաբերյալ պատկերացումները: Այդ պատկերացումների տարբերությունների, հակադրությունների եւ տարակարծությունների ֆոնին, այնուամենայնիվ, միանշանակ է մնում, որ մեր համատեղ ապագան կհաջողի միայն այն դեպքում, երբ հայկական մտածողությունն ու կենսակերպը դառնա պետականակենտրոն, երբ երկխոսությունները լինեն կառուցողական, նախեւառաջ լուծումների մասին, երբ հայրենիքի հանդեպ սիրո նվազագույն մեկնակետը կսկսվի միասնականության եւ համերաշխության գծից»:

Զարեհ Սինանյանը հիշեցրեց, որ երբ իր գլխավորած գրասենյակն անցյալ տարվա հոկտեմբերին համահայկական համաժողով էր կազմակերպում, շատերը պնդում էին, որ այն պետք է չեղարկել, քանի որ ճիշտ ժամանակն ընտրված չէ ու հավելեց, որ իրենք վստահ էին, որ հենց այս վճռորոշ ժամանակներում հայրենիքն ու Սփյուռքը պետք է քննարկեն մարտահրավերները: Իր գնահատմամբ, գագաթաժողովը անցավ բարձր արդյունավետությամբ, ներառականությամբ եւ խորքային քննարկումներով, որի արդյունքները հիմք հանդիսացան Հայաստան-Սփյուռք ռազմավարության մշակման համար: Նա ուրախալի է համարում, որ այս համաժողովում էլ Հայաստան-Սփյուռք թեմային համապատասխան կարեւորություն է տրվել : Ինքը՝ Զարեհ Սինանյանը, որպես պետական պաշտոնյա, Հայրենիք-Սփյուռք հարաբերություններն ընկալում է որպես երկկողմանի պատասխանատվության ճանապարհ, փոխօգնության եւ փոխներգրավվածության ուղի: Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, ըստ բանախոսի, եղել են եւ կան չհաղթահարված խնդիրներ, սակայն նման երկխոսությունների նպատակը նաեւ դրանց հաղթահարումն է:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031