Լրահոս
Օրվա լրահոսը

Զրույց նախարարի հետ՝ «տոռմուզ անող» գյումրեցի պաշտոնյայի ու աշխարհում դեռ նմանը չունեցող տեսակի լիմոն արտադրելու մասին (տեսանյութ)

Մարտ 12,2023 15:30

Գյումրու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի դահլիճում «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագիրը կրող  բիզնես ֆորումի ժամանակ «Վարդենի ջերմոց» տնտեսության համահիմնադիր ու համասեփականատեր Ցոլակ Չադրյանը բարձրաձայնեց Լարսի ճանապարհի պարբերաբար փակ լինելու պատճառով մեծ վնասներ կրելու հարցը։

«Լավ գիտենք, որ մեր արտադրանքի ամբողջ 90 տոկոսը սպառվում է Ռուսաստանի Դաշնությունում, ասում ենք ԵՏՄ շուկա, բայց դա Ռուսաստանի Դաշնությունն է։ Անցած տարի ինչ ահռելի կորուստներ ենք ունեցել գյուղմթերք արտադրողները։ Լավ գիտեք, եթե ասենք թաց, թարմ ապրանքը 20 օր կանգնում է մաքսակետում, այլ այլընտրանք չունի, քան վերջնական արդյունքում այդ ապրանքի թափվելը։

22 միլիոն դրամի չափ կորուստ եմ ունեցել, համոզված եմ՝ հարյուրավոր միլիոն դրամի կորուստ էլ ունեցել են մյուս ոլորտները։ Կոնկրետ իմ ոլորտի հետ կապված ասեմ՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրվում է  ավելի քան 10-20 անգամ ավելի շատ վարդ և ելակ, քան ներքին շուկային անհրաժեշտ է։ Ավել վարդի ու ելակի մեծ բաժինը սպառվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Եվ մենք բոլորս հասկանում ենք, որ եթե նույնիսկ մի օր ճանապարհը փակվում է, բոլորս ինչ խնդիրների առաջ ենք կանգնում։

Ինչ եմ առաջարկում ես՝ որպես գործարար, մենք մեր տնտեսությունը պիտի դիվերսիֆիկացնենք և  զբաղվենք այնպիսի մշակաբույսերի արտադրությամբ, որոնք սպառվեն ոչ միայն մեր ներքին շուկայում, այլ դրսի։ Կարտահանվի ոչ որպես առաջնային ապրանք, այլ երկրորդային, հնարավորություն կունենանք երկար ժամանակով պահել մեր արտադրանքը։

Շուկան ուսումնասիրելուց պարզ դարձավ, որ լավանդան, որը դիտարկենք որպես այլընտրանքային ցորենին, 10 անգամ ավելի եկամտաբեր է։ Բոլոր պայմանները կան՝ բնակլիմայական, ջրային ռեսուրսները, արևային օրերի ժամերն են հաշվարկած, շատ հավանական է այն դառնա լուրջ այլընտրանք ցորենին կամ գարուն։

Ուսումնասիրելով նաև ներքին շուկան՝ տեսել եմ, որ 3-3,5 հազար տոննա մենք ցիտրուս, կիտրոն ենք ներկրում, որի բաժինը ներքին արտադրանքի 1-2 տոկոս է»,-ասաց գործարարը։

Նա  նշեց, որ 420 հազար դոլարի վարկեր ունի, որը վերցրել է բավականին բարձր տոկոսադրույքով՝ 13 տոկոսով։ Ասաց, որ Հայաստանի Հանրապետությունում մեծ չափի կիտրոն արտադրող չկա, իսկ իրենք 1,5 տարի ժամանակ են տրամադրել այդ մշակաբույսին, այն ձեռնտու է։

Գործարարը բիզնես ֆորումին մասնակցող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեց՝ եթե որպես նորարարություն հիմք դնեն, պատրա՞ստ է կառավարությունն աջակցելու։

Ցոլակ Չադրյանն անդրադարձավ նաև Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի աշխատաոճին՝ դժգոհեց, որ բյուրոկրատական քաշքշուկ է տիրում հողերի ձեռք բերման, ուղղակի վաճառքի ու ճարտարապետահատակագծային առաջադրանքների ստացման հետ կապված։

Նա նշեց՝ եթե այդ խնդիրները չլուծվեն, մարդիկ կլքեն երկիրը։ Նա նաև տեղեկացրեց, որ կլրանա իր դիմում տալու մեկ տարին։

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հակադարձեց, թե հարևանից համաձայնություն բեր։

Գործարարը շարունակեց՝ ասելով, որ քաղաքապետարանը երեք պատասխան է տվել, որից մեկում գրել է,  թե այն ընկնում է Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողերի տարածքում, քաղաքաշինության նախարարությունն էլ նշել է, որ նման բան չկա։

Գործարարը նաև ասաց՝ քանի որ ընդհանուր օգտագործման տարածք չէ, որևէ հարևանից ուղղակի թույլատրություն վերցնելու կարիք չկա։

Քաղաքապետը նորից հակադարձեց․ «Բա պատուհանի տակի հարևա՞նը»։

Ցոլակ Չադրյանը նշեց, որ քաղաքապետարանում կա  պաշտոնյա, որը հատուկ ծնվել է «տոռմուզ» անելու քաղաքի քաղաքաշինական գործերին։

«Ռուչնոյ տոռմուզ է», -այսպես բնութագրեց գործարարը։  Նա անուն չհնչեցրեց, ասաց՝ բոլորը գիտեն այդ պաշտոնյանի անունը, սակայն փոխարենը հնչեցրեց մականունը, դահլիճում նստածները սկսեցին ծիծաղել։

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն էլ ժպտալով հիշեցրեց, որ տվյալ պաշտոնյան նաև Վարդան Ղուկասյանի կառավարման տարիներին է աշխատել։ Նշենք, որ Ցոլակ Չադրյանը ևս եղել է քաղաքապետարանի պաշտոնյա, Ծրագրերի տեղեկատվության և վերլուծության բաժնի վարիչի պաշտոնն էր զբաղեցնում Վարդան Ղուկասյանի  օրոք (նախկին քաղաքապետի ազգականն է)։

Նա ասաց․ «Մենք վատն էինք, գնացինք, դուք եկաք, հանեք էդ մարդուն, որպեսզի քաղաքի թոքերը շնչեն, նա հատուկ ծնվել է, որպեսզի քաշքշուկ անի, գյումրեցին որ անուն է կպցնում մեկին, էդ անունը պատահական չէ»։

«Դե անունն էլ ասա միանգամից»,-տեղից բացականչեց քաղաքապետը։

«Դու կասես», -հակադարձեց գործարարը։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, լսելով այս խոսակցությունը, առաջարկեց մեդալի հակառակ կողմն էլ նայել։

«Թուրքիայի մի քաղաք կա, որտեղ մարդ չի մահացել, որովհետև քաղաքապետը ոչ մի ծանոթով շինթույլտվություն չի տվել։ Ի նկատի ունեմ հինգ օրում շինթույլտվություն տալը շատ վատ բան է, շենքը հետո փլվելու է, և էս քաղաքը, կարելի է ասել, դրա զոհն է։ Դրա համար պետք է մենք բոլորս փոխենք մեր ապրելու ստանդարտները։ Ես ձեր ասած մարդու մասին չեմ խոսում, ես խոսում եմ ընդհանուր միջավայրի», -ասաց էկոնոմիկայի նախարարը։

Իսկ լիմոն արտադրելու հետ կապված՝ նախարարը կարծիք հայտնեց, որ Հայաստանում պիտի արտադրվի այնպիսի լիմոն, որն աշխարհում չկա։

«Երբ որ մենք խոսում ենք հնարավորությունների մասին, ի նկատի չունենք, որ Հայաստանում սկսենք անել մի բան, որը մինչ այդ չէինք անում, նկատի ունենք աշխարհում սկսենք անել մի բան, որը մինչ այդ չի արվել։ նորարության մասին մեր պատկերացումը դա է»,-ասաց նախարարը։

Նա նաև նշեց, որ Վրաստանից լաստանավերով բեռները տեղափոխելու տարբերակի՝ որպես  Լարսի ճանապարհի այլընտրանքի մասին,  շաբաթական 3-4 խոսակցություն է ունենում, բայց հստակ չի կարող ասել՝ երբ կլինի։

«Նավեր  ֆիզիկապես էլ չկան, որոնք որ կան կամ նավն է սանկցիայի տակ, կամ տերը, և այն սանկցիաները, որոնք կիրառվում են հիմա, թույլ չեն տալիս, որ մենք կանոնավոր աշխատեցնենք»,-ասաց Վահան Քերոբյանը։

Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում ինչ-որ պահի կհասնեն հանգուցալուծման։

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, մանավանդ արդյունաբերությունը չի կարող զարգանալ, եթե երկաթուղային կապը Եվրասիական մայրցամաքի հետ չվերականգնենք, որովհետև ծանր արդյունաբերության հարց կա, որը երկաթուղի է պահանջում, ժամկետ չեմ կարող խոստանալ»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031