Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրեմն, եկեք այսօրվանից միասին սարեր շրջենք». Արմինե Հովհաննիսյան

Մարտ 12,2023 14:13

«Ապագա հայկականը» առաջին համահայկական քաղաքացիական համաժողովի երրորդ օրվա աշխատանքների քննարկման թեման է բնակչության աճը: «Օրրան» բարեգործական հիմնադրամի նախագահ, «Բնակչության աճ» հանձնախմբի աշխատանքները համակարգող Արմինե Հովհաննիսյանն այսօր համաժողովի աշխատանքների մեկնարկին ներկայացրեց հանձնախմբի աշխատանքի ամփոփ արդյունքները: Հանձնաժողովում 30-ից ավելի փորձագետ է աշխատել հանձնաժողովում՝ կամավոր հիմունքներով: Հիմնական քննարկվող հարցերն են՝ պետական քաղաքականության ոլորտում ի՞նչ քայլեր անել, որոնք կբարելավվեն ժողովրդագրական պատկերը, ինչպե՞ս ժողովրդագրական աճը դարձնել գերնպատակ, ինչպե՞ս բնակչության աճին նպաստել հանրային լայն աջակցությամբ ու նախաձեռնություններով: Համաժողովի քննարկման համար առանձնացված թեմաներն են՝ Հայաստանի ժողովրդագրական վիճակը ներկայում. բնակչության բնական աճ, ներգաղթ եւ արտագաղթ:

«Ոմանց համար Հայաստանը մեր վեհ լեռներն ու խորը ձորերն են, ոմանց համար էլ Հայաստան հայրենիքը՝ մեր  հինավուրց վանքերը, ամրոցները խաչքարերն են, ոմանց համար էլ կարող է լինեն Արցախի տատիկն ու պապիկը, իրենց գյուղը, իրենց տունը, իրենց փողոցի աղբյուրը: Բայց ինչ էլ, որ լինի՝ Հայաստանը հայրենիք կդադարի լինելուց, եթե հայ մարդն այս հողի վրա չի ապրում եւ չի արարում: Մարդը պետք է լինի մեր գերագույն արժեքը: Ցավալի փաստ է, որ այսօր հայրենիքը հայաթափվում է, դատարկվում է՝ շատ արագ տեմպերով. հազարավոր մարդիկ արտագաղթում են, ծնելիության անկում կա, ծերացող բնակչություն, հազարավոր երիտասարդներ անմահացան՝ վերջին պատերազմներում: Եթե այսպես շարունակվի՝ կորուստներն անդառնալի են»,- ասաց տիկին Հովհաննիսյանը՝ հավելելով, որ թվային փաստերը պետք է բոլորիս շատ մտահոգի:

Իսկ թվային փաստերն այսպիսինն են. Հայաստանում ծնելիությունը պակասել է 50 տոկոսով, ծնվածների թիվը չի ապահովում վերարտադրությունը: Պարզ վերարտադրության համար, ամեն ընտանիքում 2-3 երեխա պետք է ծնվի. մեզ մոտ այդ ցուցանիշը 1,7 է, ունեք ծերացող հասարակություն: Միգրացիոն շարժերում կրկին բացասական ցուցանիշներ են. պաշտոնական տվյալներով, 2022 թվականին, Հայաստանից հեռացել է 72,941-ով ավել մարդ, քան վերադարձել է: Մտահոգիչ է պատկերը նաեւ ամուսնալուծությունների մասով. յուրաքանչյուր երրորդ ընտանիքը կանգնած է այդ խնդրի առջեւ: Այս բացասական թվերի համար, ըստ մասնագետների, համավարակից եւ արտագաղթից բացի, էական նշանակություն ունի նաեւ անվտանգային վիճակի վատթարացումը եւ եթե մոտ ապագայում հնարավոր լինի կանխել ժողովրդագրական առումով անդառնալիության կետին հասնելը՝ դա կլինի մեծ ձեռքբերում:

«Այսօր մենք հավաքված ենք՝ առերեսվելու այս դժվարին հարցերին. ե՛ւ պատասխանել, ե՛ւ մտածել, ե՛ւ մտորել՝ ի՞նչ անել, ինչպե՞ս անել, ո՞րն է ճանապարհը: Պահը հրատապ է, պատասխանատվությունը լուրջ եւ գործելու հրամայականն անքննելի է: Պատմությունը մեր սերունդն է ընտրել այս ճակատագրական պահին: Բավ չէ միայն խոսել, առաջարկներ անել, կարծիքներ փոխանակել. այս ամենի կողքին պետք է կյանքի կոչենք ծրագրեր: Ժամանակն է գործել: Ոչ մի անհատ, ոչ մեկս միայնակ, այս խրթին հարցերին չենք կարող լուծում տալ, բայց մենք բոլորս միասին կարող ենք, այլընտրանք չունենք, պետք է կարողանանք: Ուրեմն, եկեք, այսօրվանից, միասին սարեր շրջենք»,- ասաց տիկին Հովհաննիսյանը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031