Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ոչինչ չի կարող փոխարինել այն ծաղիկներին ու այն տաքուկ համբույրին, որ պիտի նվիրեին մեր հերոս որդիները»․ «Մենք պիտի ապրենք». գիրք` անմահացածների հիշատակին (ֆոտոշարք, տեսանյութ)

Մարտ 12,2023 13:42

Գորիսի պետական թատրոնի շենքի կամարների ներքո մեկ առ մեկ հնչում են Գորիսի, Տաթեւի ու Տեղ համայնքների այն 63  քաջորդիների անունները, որոնք նահատակվել են 44-օրյա պատերազմում։ Հիշատակի ու խնկարկման օր է․ այստեղ են զոհվածների հարազատները, մարզային եւ համայնքային իշխանության ներկայացուցիչներ, հատուկ բանակային կորպուսի հրամանատարը, զինվորականներ, բազմաթիվ հյուրեր։

«Մենք պիտի ապրենք» հուշամատյան-գրքի շնորհանդեսն է։ Գիրքը կազմել է լրագրող, հասարակական գործիչ Էլմիրա Բալասանյանը։ Հիշում է՝ անցած տարի` մայիսի 9-ին հղացավ հուշամատյան ստեղծելու գաղափարը եւ գաղափարի մասին կիսվեց Գորիսի համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանի հետ։ Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ քննարկելուց հետո ձեռնամուխ եղավ գրքի կազմմանը։ «Չէի ասի` հեշտ էր, բարդ էր հատկապես նախնական զրույցները հերոսների ծնողների ու հարազատների հետ։ Զրուցում էի, հավաքում նյութերը։ Չգիտեմ, թերեւս ամեն մի հերոսի հետ կարծես մահանում էի ես ու հետո նորից վերակենդանանում, քանի որ նրանց հիշատակը պիտի փոխանցեի սերունդներին»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Էլմիրա Բալասանյանը։

Նյութերը հավաքագրելուց հետո դիմում է իր ընկեր լրագրողներին, մանկավարժներին, մտավորականներին՝ խնդրելով գրել նահատակվածների մասին հոդվածները։ «Ցանկացա, որ տարբեր մարդիկ աշխատեին գրքի վրա, որպեսզի  հետաքրքիր հոդվածներ ծնվեին, նույն ձեռագրով բոլորի մասին չգրվեր։ Արդյունքում՝ 30 մարդ գրեց 63 հերոսի մասին։ Շնորհակալ եմ բոլորին, բայց ուզում եմ առանձնացնել խմբագիր Ծովինար Տիրատուրյանին»,-ասում է տիկին Բալասանյանը։

Անմահացածների լուսանկարներն ու պատմությունները հերթով զետեղվում են մեծ էկրանին, դրան զուգահեռ հուշեր են պատմում տղաների հարազատները, ընկերները։ Նահատակված հերոս Անդրանիկ Աղաջանյանի մայրը` Աշխեն Առաքելյանն իր խոսքում կարեւորում է  խաղաղությունը։ «Ոչ մի գեղեցիկ ուղերձ, ոչ մի գեղեցիկ շնորհավորանք չի կարող փոխարինել այն ծաղիկներին ու այն տաքուկ համբույրին, որոնք մեզ պիտի նվիրեին մեր հերոս որդիները, սակայն դրանք դարձան երկնային։ Ու հիմա մենք սփոփվում ենք նման միջոցառումներով»,-դիմելով հերոսածին մայրերին՝ ասաց տիկին Աշխենը։

«Պատերազմը դեռ չի ավարտվել։ Մեր հիմնական գոյամարտն առջեւում է։ Մենք պետք է ազնիվ գտնվենք եւ սթափ գնահատենք իրավիճակը, ուղիղ նայենք մեզ սպառնացող վտանգներին եւ ապավինենք մեր ուժերին։ Հաստա՛տ է, դեռ պիտի խոսենք մեր հաղթանակների, մեր պատմական հողերը ետ բերելու մասին։ Հավե՛րժ փառք հայրենի եզերքի ազատության եւ պաշտպանության համար ընկածներին»,-գրել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը «Մենք պիտի ապրենք» գրքի առաջաբանում։

Նահատակվածների հարազատներին ու բոլոր հյուրերին «Մենք պիտի ապրենք» հուշամատյան-գրքերն  են նվիրում։ Անմահացածներին երբեք չպիտի մոռանալ եւ ինչպես գրքի համահեղինակներն են նշում՝ «թող այս ցանկն այլեւս չավելանա» եւ արժանավայել խաղաղություն լինի ամենուրեք․․․

ՀԳՇնորհակալ եմ Էլմիրա Բալասանյանին, որ ինձ էլ վստահեց գրելու հերոսների մասին եւ «Մենք պիտի ապրենք» գրքում պատիվ ունեցա ներկայացնելու  25-ամյա բժիշկ Բաբկեն Բազունցին։ Շնորհակալ եմ, տղե՛րք, ձեր հերոսության համար, իրոք՝ պիտի ապրենք, արարենք ու չմոռանանք ձեր սխրանքը։

 

 

 

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031