«Հայացք Երևանից» – Ամեն երկիր ունի դիվանագիտության իր «ձեռագիրը», ինչպես՝ ամեն հացագործ, որքան էլ համեմատությունը կոպիտ հնչի: Բրիտանական դիվանագիտությունն, օրինակ, ուրիշի ձեռքով իր մրցակիցներին տապալելն է, ամերիկյանը՝ օգնություն տրամադրելով, ուզածին իր վերահսկողության տակ վերցնելը եւ այլն: Սրանք շատ գծապատկերային բնութագրեր են. բնականաբար յուրաքանչյուր դեպք, իրավիճակ ու ժամանակաշրջան իր ուղղումներն է մտցնում այդ «ձեռագրի» մեջ՝ սակայն պահպանելով գործելակերպի հիմնական սխեման:
Դիվանագիտության պատմություն իմանալը կարեւոր է, որովհետեւ այդտեղ կարելի է գտնել դիվանագիտական հնարքներ, որոնք ներկայում կիրառվում են եւ կիրառվելու են նաեւ ապագայում: Այնպես որ, ունենալով դիվանագիտական դպրոցներ, երկրները կարող են օգտագործել անցյալի ուսանելի փորձն ու հմտությունները:
Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները մենք հաճախ համեմատում ենք 1920 թ.-ի հարաբերությունների հետ, ինչը գրեթե նույնական է, այսինքն՝ թուլության պահին մրցակիցների հետ համաձայնության գալ զիջումների միջոցով: Օրինակ՝ 1939 թվականին սովետա-գերմանական հարաբերությունների տեխնիկան եւս նույն էր եւ շատ նմանություններ ուներ ռուս-թուրքական այսօրվա հարաբերությունների հետ, մասնավորապես՝ մտածողության ու օգտագործվող հնարքների առումով:
Տեսեք՝ 1939 թվականին, երբ Գերմանիան հարձակվեց Չեխոսլովակիայի վրա, Խորհրդային Միությունը դիմեց Լեհաստանին՝ Չեխոսլովակիային ռազմական միջանցք տրամադրելու խնդրանքով, որպեսզի օգնության հասնի չեխերին, սակայն Լեհաստանը դա թույլ չտվեց: Այն ժամանակ լեհ-գերմանական մեղրամիս էր, եւ լեհերն ասում էին, որ էլ երբեք ռուս զինվորի ոտքը չի մտնի լեհական տարածք: Միաժամանակ՝ Խորհրդային Միությունը դիմել էր Բրիտանիային ու Ֆրանսիային, որը Եվրոպայում ամենակարող ռազմական ուժն էր (համենայն դեպս՝ այն ժամանակ այդպես էր համարվում), սակայն այդ երկրները խուսափեցին Գերմանիայի դեմ պատերազմելուց:
Կարդացեք նաև
Արդյունքում Գերմանիան Լեհաստանին կաշառեց՝ չեխական տարածքներից մի կտոր զիջելով նրան, եւ սկսեց նախապատրաստվել նույն Լեհաստանի բռնազավթման գործընթացին: Բրիտանիային դա ձեռնտու էր, որ Լեհաստանը որպես թափարգել (բուֆեր) վերանա, եւ սովետա-գերմանական բախում լինի: Սակայն կնքվեց Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը: Լեհաստանը կիսեցին, տնտեսական ու ռազմական մեծ համագործակցություն սկսվեց, ինչպես հիմա Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ: Խորհրդային Միությունը ժամանակ շահեց, եւ առաջին հարվածը Ֆրանսիան ստացավ:
Գերմանիայի ու Խորհրդային Միության միջեւ պատերազմը, այնուամենայնիվ, տեղի ունեցավ, բայց ավելի ուշ եւ այլ դիպաշարով: Դա շատ նման էր ռուս-թուրքական այսօրվա հարաբերություններին՝ երկուսն էլ ժամանակ են շահում, սակայն Արեւմուտքին պետք է Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ թափարգելի վերացումը, որը մենք ենք եւ Վրաստանը, որպեսզի ուղիղ առճակատում սկսվի: Սա Արցախյան պատերազմի նպատակներից մեկն էր: Հիմա Լեհաստանի դերում մենք ենք կամ՝ Արցախը: Մոլոտով-Ռիբենտրոպ գաղտնի պակտի նման, ամենայն հավանականությամբ, կա նաեւ Լավրով-Չավուշօղլու «գաղտնի պակտ», որի մասին, թերեւս, կիմանանք 100 տարուց հետո:
Թե ինչպես հետագայում կզարգանան իրադարձությունները, այս պահին դժվար է ասել, բայց մի բան պարզ է՝ Ռուսաստանը փորձում է Արեւմուտքի հետ ռազմական հակամարտության պատճառով Թուրքիային զիջումներ անել, ինչպես 1920 թվականին էր արել, սակայն հիմնական իրադարձություններն առջեւում են: Մեր ռազմավարությունը պետք է լինի ժամանակ շահելը՝ մինչեւ իրավիճակի փոփոխություն, իսկ Ադրբեջանին հարկավոր է, որ հիմա առավելագույնը ստանա՝ օգտվելով իր համար բացված այս հնարավորությունների պատուհանից: Սա է այսօրվա իրադարձությունների հիմնական տրամաբանությունը: