Լրահոս
Օրվա լրահոսը

«7 օրից պիտի գիպս դնեն եւ այդպես՝ արձակուրդները կվերջանան»․ ասում է վթարից տուժած 9-ամյա Գեւորգն ու մտածում՝ թե ի՞նչ է անելու նվեր ստացած պլանշետը (ֆոտոշարք, տեսանյութ)

Մարտ 11,2023 23:34

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ այցելել է Կապանի բժշկական կենտրոն, որտեղ նրանք տեսակցել են մարտի 10-ի  ավտովթարից հետո հիվանդանոցում  բուժում ստացող աշակերտներին եւ ուսուցիչներին։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը տուժած երեխաներին գրքեր ու պլանշետներ նվիրեց, իսկ նախարար Ժաննա Անդրեասյանը քաղցրավենիք ու հյութեր էր բերել։

9-ամյա Գեւորգ Հովակիմյանը 4-րդ դասարանում է սովորում։ Անհամբեր գարնանային արձակուրդներին է սպասում, բայց ոտքը կոտրվել է։ «Ասում են՝ 7 օր պիտի այսպես մնա, հետո գիպս դնեն, հենա՝ գարնանային արձակուրդները կպրծնի»,-ասում է Գեւորգը։ Շատ է վախեցել, բայց վախը կամաց-կամաց անցնում է։ «Ուրիշ ավտոբուս էր, ուրիշ մարդ էր քշում, մեր վարորդը չէր, ղեկը չկարողացավ պտտել, ընկանք գետը»,-հիշում է Գեւորգը։

Ոգեւորված թվարկում է ստացած  նվերները՝  գիրք, պլանշետ, անլար ականջակալ եւ այլ իրեր եւս։ Չգիտի դեռ՝  գիրքը կկարդա թե չէ, բայց պլանշետը հաստատ պետք կգա։ Հետո միտքը՝ փոխում է, եթե ոչ մեկին պետք չգա, հնարավոր է «թանկով ծախի»։ «Բա նվե՞րը կվաճառեն»՝ հարցնում ենք։ «Դե եթե ոչ մեկին պետք չգա, չօգտագործենք, կծախեմ»,-ասում է Գեւորգն ու շարունակում․ «Բիզնեսմեն եմ դառնալու, առնեմ-ծախեմ, տոկոսով փող տամ»։

Գեւորգի եղբայրը՝ 12-ամյա Սուրեն էլ էր ավտոբուսում։ Սալջարդ ունի՝ առավոտյան դուրս է գրվել եւ տուն է գնացել։ Տեսնելով, որ հիվանդասենյակի բոլոր երեխաները պլանշետով են զբաղված՝ զանգահարում է եղբորը։ «Սուրո, այստեղ լինեիր՝ դու էլ նվերներ կստանայիր, իմը չեմ տալու քեզ»,-նախապես զգուշացնում է փոքր եղբայրը՝ ավագ եղբորը։ Մայրը՝ Տիգրանուհի Բադալյանը հանգստացնում է մեծ տղային։ «Տղա՛ս, անհոգ մնա, ասացին, որ ում դուրս են գրել, նրանք էլ են  ստանալու նույն նվերները»,-Սուրենին ասում է Տիգրանուհին ու նշում՝ Աստծո կամոք հրաշք է տեղի ունեցել։

Երեկվանից՝ կյանքը վերարժևորվել է Տիգրանուհու  համար։ «Երբ  զանգեցին՝ ասացին, հասկացա, որ իմ աշխարհները ավտոբուսի մեջ են։ Շտապ հասա հիվանդանոց,  չգիտեմ ոնց գտա պալատը։ Բոլորին արգելում էին բարձրանալ, երեւի զգացին, որ մամա եմ՝ թույլատրեցին։ Գտա տղաներիս ու ասացի՝ Աստված ջան, իրականում հրաշք է»,-ասում է Տիգրանուհին։ Դեռ չգիտի՝ կկարողանա՞  վախը հաղթահարել ու նորից տղաներին Օխտարի դպրոցը տանել։ «Ուսուցումից գոհ եմ․ քաղաքում դասարանները ծանրաբեռնված են, դրա համար եմ երեխաներին  Օխտարի դպրոցը տանում»,-մեզ հետ զրույցում նշում է Տիգրանուհին։ Գոհ է բժիշկներից, բուժքույրերից։ «Գեւորգս շատ հարցասեր է․ հարցնում է՝ ինչ դեղ են սրսկում, ինչ գործողություններ են անելու․բոլոր բուժաշխատողները առանց տրտնջալու պատասխանում են նրա հարցերին»,-նշում է Տիգրանուհին։

Հրաժեշտ ենք տալիս տուժածներին՝ նրանց մաղթելով շուտափույթ ապաքինում։ «Բա էլ չեք գալու, կարող է էլի բաներ հիշեմ՝ պատմեմ»,-ասում է Գեւորգը։

Հիշեցնենք, երեկ՝ մարտի 10-ին,  ժամը 14.30-ի սահմաններում Կապան-Նորաշենիկ ճանապարհին վթարի է ենթարկվել Օխտարի միջնակարգ դպրոցի ավտոբուսը։  Այս պահին 7 երեխա, 4 ուսուցիչ եւ ավտոբուսի վարորդն են բուժում ստանում Կապանի բժշկական կենտրոնում, մեկ հոգի տեղափոխվել է մայրաքաղաք։ Երեխաների վիճակը բավարար է, մեծերից 3-ի  վիճակը  գնահատվում է ծանր, մեկ հոգի վերակենդանացման բաժանմունքում է։

Տուժած երեխաների լուսանկարներն ու տեսանյութերը  հրապարակվում են նրանց ծնողների համաձայնությամբ

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031