Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցական ավտոբուսի վթարի պատճառով 13 տուժող ստացիոնար բուժում է ստանում․ ավտոբուսը տեխնիկական խնդիր ունե՞ր (ֆոտոշարք, տեսանյութ)

Մարտ 11,2023 22:42

Կապանի բժշկական կենտրոնում շարունակում են բուժում ստանալ 13 պացիենտները, որոնք տուժել են մարտի 10-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով։ Հիշեցնենք, երեկ ժամը 14.30-ի սահմաններում Կապան-Նորաշենիկ ճանապարհին վթարի է ենթարկվել Օխտարի միջնակարգ դպրոցի ավտոբուսը, որի հետեւանքով 1 ուսուցչուհի հիվանդանոցում մահացել է։ 24 տուժողից 13-ը շարունակում են մնալ հիվանդանոցում։ «13 հոգի ենք ընդունել՝ 6 մեծահասակ, 9 երեխա, մեկը տեղափոխվել է Երեւան, մեկը վերակենդանացման բաժանմունքում է, մնացածը՝ բաժանմունքներում։ Ճիշտ է, ծանր տրավմա չկա, ունենք բազուկի բաց կոտրվածքով հիվանդ, երեխաներից մեկի մոտ ազդրի կոտրվածք, մյուսների մոտ  սալջարդ է»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասում է Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը։

Aravot.am-ի տեղեկություններով, Օխտարի դպրոցը պայմանագիր էր կնքել «Լավ ընկեր» ՍՊ ընկերության հետ, որն էլ իրականացնում էր աշակերտների ու մանկավարժների տեղափոխումը։ Ավտոբուսի 75-ամյա վարորդի ծնոտն է վնասվել։ 50 տարվա ավտովարորդ է, առաջին օրն էր աշխատանքի ընդունվել եւ նստել ավտոբուսի ղեկին։ 11-րդ դասարանցի Անի Բաղդասարյանը դասասենյակի պատուհանից նկատել  էր, որ վարորդը ավտոբուսի վրա ինչ-որ գործ է անում։ Նստեցին, շարժվեցին։ Անիի պատմելով՝ շատ դանդաղ էր ավտոբուսի ընթացքը։ Գյուղերից մեկում հազիվ կարողացավ արգելակել, որպեսզի  դասընկերուհին իջնի։ «Ինքն անընդհատ խուճապի էր մատնվում, ընկեր Դավթյանը Տիգրանին ասում էր ասա՝ թող պահի։ Վարորդը ասաց՝ չեմ կարողանում պահել։ Ընկեր Սեդան ասաց՝ երեխեք բռնվենք։ Մենք բռնվեցինք, ավտոբուսը ընկավ մեծ փոսի մեջ, ու ավտոբուսը  ամբողջովին թեքվեց, մենք սկսեցինք ծվալ ու հետո բան չեմ հիշում։ Երեխեքը ասում են երեսս արյուն ու յուղ էր»,-ասում է Անին։ Վերջինս չի կարող ասել՝ կշարունակի սովորել Օխտարի դպրոցում թե չէ՞։ «Շատ եմ սիրում իմ դպրոցը, ուսուցիչներին, բայց վախ կա մեջս»,-ասում է Անին։

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն են այցելել Կապանի բժշկական կենտրոն, տեսակցել բուժում ստացող դպրոցականների եւ դպրոցի աշխատակիցների հետ։ Սյունիքի մարզպետի խոսքով՝ դպրոցում ուսումնական պրոցեսը չպիտի ընդհատվի, ու երկուշաբթի օրը արդեն կհստակեցվի, թե ինչպես են անելու։ Ի՞նչը կարող է վթարի պատճառ լիներ։

«Իրականում տարբեր ինֆորմացիա կա, չէի ցանկանա հիմա բան ասել, Քննչական կոմիտեն այդ ամենը մանրամասն կասի։ Բայց խոսելով երեխաների հետ՝ հասկացա, որ մեքենայի տեխնիկական խնդիր է եղել, բայց սպասենք պաշտոնական հաղորդագրության»,-ասաց Ռոբերտ Ղուկասյանը։

Նախարար Ժաննա Անդրեասյանը նախ ցավակցեց  մահացած մանկավարժի հարազատներին, աշակերտներին, գործընկերներին ու նշեց՝  այսուհետ պետք է ուշադիր լինեն, թե ինչպես է կազմակերպվում երեխաների փոխադրումը։ «Սյունիքի մարզում նախօրեին տեղի ունեցած ավտովթարն իսկապես ողբերգություն է։  Պետք է կատարվի  վերլուծություն, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել։ Իրավապահ մարմիններն, իհարկե, իրենց գործն անում են, քննությունն ընթացքի մեջ է, բայց ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես կրթության ոլորտի լիազոր մարմին, պետք է հատուկ վերլուծություն իրականացնի, թե  երեխաների տեղափոխման գործընթացը, ընդհանրապես, ինչպես է կազմակերպվում։ Մեր ուշադրությունն ու զգոնությունը պետք է բազմապատիկ մեծ լինեն, երբ գործ ունենք երեխաների անվտանգության հետ: Համապատասխան չափորոշիչերն ու պահանջները պետք է շատ հստակ  լինեն։ Վերահսկողության մեխանիզմները  նույնպես կարգավորված և խիստ պետք է լինեն, երբ խոսում ենք երեխաներին տեղափոխող տրանսպորտային միջոցների մասին»,- նշել է նախարարը:

Ավելացնենք՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը տուժած երեխաներին գրքեր ու պլանշետներ նվիրեց, իսկ նախարար Ժաննա Անդրեասյանը քաղցրավենիք ու հյութեր էր բերել։

Տուժած երեխաների լուսանկարները հրապարակվում են նրանց ծնողների համաձայնությամբ։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031