Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք կորցնում ենք ռուսական ավանդական շուկաները․ խնդիր ունենք դրամի կուրսի հետ»․ գյումրեցի գործարար

Մարտ 11,2023 21:27

Այսօր Գյումրու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի դահլիճում «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագիրը կրող բիզնես ֆորումի ժամանակ «Լենտեքս» տեքստիլ գործարանի հիմնադիր Կարեն Գոմցյանը նշեց, որ ստեղծվել է հրաշալի միջավայր՝ բիզնեսի զարգացման համար, որը չեն կարող թաքցնել։

«Մի քանի ժամում կարելի է բիզնես ստեղծել, վարձել կազմակերպություն, որը շատ դրական է։ Ես 20 տարի առաջ եմ եկել Հայաստան, ու բիզնեսն այն ժամանակ եմ դրել, բայց հիմա որ էս աչքերով եմ նայում, 20 տարի առաջ ես կերազեի, որ էսպիսի օրենսդրական և նորմատիվային բազա լիներ Հայաստանում, ինչ-որ հիմա կա»,-ասաց գործարարը։

Նա, թվարկելով առավելությունները, միաժամանակ նշեց, որ դրամի փոխարժեքը որոշակի խնդիրներ է ստեղծել գործարարների համար։

«Մենք՝ որպես արտադրող և արտահանող կազմակերպություն, հիմա խնդիր ունենք դրամի կուրսի հետ, մեր արտադրանքի ինքնարժեքը շատ բարձր է ստացվում, և մենք  կորցնում ենք մեր տրադիցիոն շուկաները Ռուսաստանում, միաժամանակ կորցնում ենք նաև մեր տեղական շուկան, ավելի շուտ փոքրանում է շուկան»,-ասաց գործարարը։

Ըստ նրա, թեև կառավարությունը տալիս է հնարավորություններ՝ նորամուծություններ անելու, բայց այնպիսի մի փուլի են հասել, որ մրցում են ավանդական տեքստիլագործություն ունեցող երկրների հետ՝ Չինաստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի հետ։

«Մենք ինչպե՞ս պիտի մրցենք իրենց հետ, եկեք մի հատ մտածենք, հումքն իրենցն է, էներգառեսուրսներն իրենց մոտ մի քանի անգամ ավելի էժան են, ծրագրերը իրենց մոտ կան այն  ձևով, ինչ-որ մենք ենք խրախուսում բիզնեսին, իրենց մոտ ավելի են անում, օրինակ՝ եթե Ուզբեկստանում ներդրում ես անում, միանգամից ներդրման 50 տոկոսը պետությունը հետ է տալիս։ Էդ տարբերություն կա, համեմատենք Հայաստանի հետ, այնտեղ  արտադրողականությունը բարձր, աշխատավարձը  ավելի ցածր։

Մենք կորցրեցինք մեր տրադիցիոն եվրոպական շուկան, ավելի ճիշտ ոչ թե կորցրեցինք, այլ մենք կորցրեցինք հարաբերությունը․ 12 տոկոս մաքսատուրքը և՛ Եվրոպայում, և՛ Ամերիկայում, այսինքն՝ մեր շրջանակը շուկայի փոքր է այս առումով»։

Կարեն Գոմցյանը դժգոհեց նաև բյուրոկրատական քաշքշուկներից, որն զգալի արտահայտված է Գյումրիում։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց՝ մի քանի անգամ  լուրջ խոսակցություն են ծավալել Կենտրոնական բանկի իրենց գործընկերների հետ, որ քննարկեն դրամի փոխարժեքի հարցը, որովհետև դա բոլոր  արտահանողներին խիստ վնաս է տալիս։

«Դրամի կուրսն ազատ է, բայց կենտրոնական բանկը գործիքներ ունի, որով կարող է ազդել։ Կենտրոնական բանկի համար հիմա գլխավոր խնդիրը գնային կայունությունն է, իսկ գները դեռ բավական բարձր են, այսինքն՝ ինֆլյացիան դեռ  8 տոկոսից ավել է, որը շատ բարձր է։  Գնաճը մեզ մոտ ավելի ցածր է, քան  տարածաշրջանի երկրներում, եթե մենք դրա դեմ չենք պայքարում, ապա աղքատությունը էապես աճում է։

Հիմա ինչ ենք անում մենք, ի՞նչ է անում կառավարությունը, որպեսզի գործարարների կողքին լինենք։ Բնականաբար կան ոլորտներ, որոնք օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, բարձր արտադրողականությամբ է աշխատում և այնտեղ որևէ այլ բան, քան որևէ սուբսիդավորման ծրագիր անելը, մենք չենք կարող մտածել։ Այսինքն՝ կարճաժամկետ այդ ոլորտը էդ խնդիրը ունի, օրինակ՝ տուրիզմն էլ է այդ պրոբլեմի տակ, որովհետև ներգնա տուրիզմը բավական թանկանում է, բայց մենք  տեսնում ենք, որ տուրիզմի թվերը շատ լավ են, այսինքն՝ տուրիստների քանակը շատ է, տարվա առաջին երկու ամիսներին համարյա 300 հազար տուրիստ ունենք, որը 2019 թվականի՝ մեր ամենալավ տարվա ցուցանիշի նկատմամբ մոտ 40 տոկոսով ավելի շատ է։

Իսկ արդյունաբերության մեջ,  տեսնում ենք, որ այս խնդիրները կան, բայց ընդհանուր ծավալներն էլ են աճում, եթե վերցնենք քո օրինակը Կարեն ջան, անցած տարի՝ անկախ ամեն ինչից, քո մոտ արտահանումը կարող է  2-3 անգամ աճած լինի։ Պարզ է եկամտաբերության պրոբլեմ կա, բայց մենք տեսնում ենք, որ արդյունաբերական ոլորտի շատ ընկերությունների գործերն, այնուամենայնիվ, լավ  են գնում։ Հումքը ներմուծում են ու թեև տեղական շուկայում գները բարձրանում են, բայց այդտեղ կրկնակի օգուտ  է անում, դրամով գները բարձրանում են, բայց դոլարով ինքնարժեքը ընկել է»։

Բաբկեն Թունյանն էլ ասաց, որ եթե կենտրոնական բանկը գնաճի խնդիրը չլուծի, կունենանք անկանխատեսելի գների աճ, որից բոլորն են տուժելու։ Նա նաև նշեց, որ արտադրողի համար ամենալավ ժամանակն է սարքավորումների ներմուծման․ պետք է մեդալի երկու երեսն էլ նայել։

Կարեն Գոմցյանն առաջարկեց արտահանման մասը սուբսիդավորել կամ դրամային վարկեր հատկացնել՝  հետ վերադարձնելու պայմանով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031