ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Երևանի Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մարտի 10-12-ն անցկացվող «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական համաժողովի շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը։
Պանելային քննարկումը նվիրված էր Հայաստանում ԳՏՃՄ (STEM) մասնագիտացումներում կրթության որակի հիմնախնդիրների բացահայտմանը և լուծումներ գտնելուն։
Արաքսիա Սվաջյանը, հանդես գալով որպես քննարկման բանախոս, նախ անդրադարձել է Հայաստանում ՏՏ ոլորտի առաջընթացին, ձեռքբերումներին և զարգացմանը, այնուհետև նշել է, որ կան նաև բազմաշերտ ու բազմամակարդակ խնդիրներ։
«Ինչպես այս, այնպես էլ նախորդ պանելային քննարկումները փաստում են, որ մասնավոր հատվածը շատ ավելի ճկուն է, ավելի արագ է արձագանքում մարտահրավերներին, քան կրթական համակարգը, որը բնական է։ Այսօրվա քննարկումն ավելի շատ վերաբերում է կրթական մակարդակներին, մասնավորապես` մասնագիտական, բուհական և հետբուհական կրթության շարունակականությանն ու զարգացմանը։ Պետք է նշեմ, որ որակյալ ու մրցունակ կրթություն ունենալու համար պետք է սկսենք հանրակրթության ոլորտից։ Այսօր հանրակրթության ոլորտում մի շարք բարեփոխումներ են սկսվել, ներկայում ներդրման փուլում է Հանրակրթության պետական չափորոշիչը, որը Տավուշի մարզում արդեն երկու տարի փորձարկվում է։ Հանրակրթության պետական չափորոշչի գերակա ուղղություններից մեկը ԲՏՃՄ առարկաների ուժեղացումն է»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։
Կարդացեք նաև
Նախարարի տեղակալը շեշտել է նաև նախնական ու միջին մասնագիտական կրթության կարևորությունը՝ նշելով, որ տարիներ շարունակ աշակերտները դպրոցից միանգամից ընդունվել են բուհ, և նրանք հնարավորություն չեն ունեցել կողմնորոշվելու աշխատաշուկայում մրցունակ մասնագիտություն ընտրելու հարցում, իսկ այսօր փորձեր է արվում լրացնելու բացը։
Ըստ Արաքսիա Սվաջյանի՝ ոլորտի հիմնախնդիրները հնարավոր է լուծել կրթության բովանդակության և վերջնարդյունքների ապահովման մակարդակներում։ Նա նաև նշել է, որ արդեն ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», ինչպես նաև հաստատման փուլում է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը»։
Քննարկման ընթացքում Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ծրագրի վերջնական նպատակին, խոսել է ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, ՀՀ զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգի ձևավորման տեսլականի մասին: Նախարարի տեղակալը մանրամասնել է նաև ծրագրի ռազմավարական ուղղությունները, որոնք են՝ ստեղծել մասնակցային կրթական միջավայր, բարձրացնել կրթության արդյունավետությունը, միջազգայնացնել և արտահանել կրթական ծառայությունները:
Հայաստանում ԳՏՃՄ (STEM) մասնագիտացումներում կրթության որակի հիմնախնդիրների վերաբերյալ պանելային քննարկմանը որպես բանախոսներ մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայաստանի ազգային-պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, «EPAM»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Բենիամին Գյուրջյանը, «Quantori» ընկերության ծրագրերի գծով փոխտնօրեն Արտյոմ Խոզյաինովը, «Վոլո» ընկերության տնօրեն, համահիմնադիր Արմեն Քոչարյանը։ Քննարկումը վարել է «Ամերիա» խորհրդատվական ընկերության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը։
Նշենք նաև, որ պանելային քննարկումն անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով, ներկաները հնարավորություն են ունեցել իրենց հուզող հարցերն ուղղելու բանախոսներին։
«ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական համաժողովը համախմբել է տեխնոլոգիական ոլորտի շուրջ 120 ընկերությունների և ավելի քան 30 բանախոսների 9 երկրներից։
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ