Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրիին պետք չէ նայել որպես խաշ ու քյալլա ուտելու քաղաք․ տեղյա՞կ եք, որ փակում են «Ստրոմմաշինա» գործարանը»․ գործարարը՝ նախարարներին

Մարտ 11,2023 19:49

Գյումրու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր տեղի ունեցած  «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով բիզնես ֆորումի ժամանակ գործարարներից մեկը՝ Աշոտ Մերուժանյանը, նախարարներին բողոքեց, որ այսօր ոչ ստանդարտ պայմաններում հնարավոր չէ աշխատել ստանդարտ որոշումներով։ Նա առաջարկեց ուրիշ բան մտածել, դժգոհեց նաև բանկերից։

«Ներկա բանկերը մեր խա՞չն են։ Ուրիշ բանկեր չկա՞ն էստեղ եվրոպական, որ գան, բացեն ու փակեն սաղ էս բանկերը, Հայաստանի հերոս բանկերը»,-ասաց գործարարը։ Նախարարները սկսեցին ծիծաղել։

Աշոտ Մերուժանյանը նաև ասաց, որ քաղաքը սիրել է պետք ու կառավարության անդամներին հորդորեց՝ իրենք էլ սիրեն Գյումրին։

«Երբ լսեցի ՀՆԱ-ի մասին, ուզում էի գետինը մտնել, ուղղակի երկրորդ հարկում էի՝ փրկվա»,-ասաց Աշոտ Մերուժանյանը։

Նա նշեց, որ Գյումրին 36 գործարան է ունեցել, մինչդեռ այսօր ամենահին գործարաններից մեկը՝ «Ստրոմմաշինան» փակում են։

«Տեղյա՞կ եք, որ գործարանը փակում են, 25 հոգի որակյալ աշխատողներ՝ տարիքով, կրճատվում են։ Գործարանը կարող էր լինել պրոֆտեխուսումնարանների կամ մեր չգործող, կյանքից բացարձակ հեռու ինստիտուտների ռեկտորների պատրաստած ուսանողների համար՝ որպես պրակտիկայի կենտրոն։

Մեզ հաստոցաշինարարներ են պետք, բայց այսօր պլոմբը խփել են ու ուզում են վաճառել «Ստրոմմաշինա» գործարանը։ 150 հազարով գնել են 2002 թվականին, զրո ներդրում մինչև էսօր, հողը իրենցը չէ ու  հենց ասում ենք՝ հնարավոր չէ՞ ոչ մի բան անել, կարծես ոչ,  որովհետև սեփականությունն է  Քոչարյանի հորեղբոր տղայի, հետո՞, վերջը։

Քաղաքի մեջ ճահիճներ են, 36 գործարանի տեղանքներ են, որոնք կամաց-կամաց մաշվում են։ Մեր քաղաքին պետք չէ նայել որպես խաշ ուտելու, քյալլա ուտելու քաղաք»,-ասաց գործարարը։

Նա, մատնացույց անելով Գյումրու նախկին փոխքաղաքապետ, այժմյան Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Առուշանյանին, ասաց, որ նրա կյանքի կեսն անցավ, մինչև որ Հաղթանակի պողոտայի մայթերից հանել տվեց փողոցում առևտուր անողներին։

«Մի հատ եկեք, ուրիշ ձև մտածենք, ե՞րբ է եղել երկրաշարժը՝ 1988 թվականին, անցել է 35 տարի, մենք արժանի չե՞նք մի հատ ծածկած շուկայի։ Ծածկած շուկան սարքեք, ով որ չի կարող սարքել, թող գա, բացատրենք ինչ ձևի կարելի է սարքել»։

Գործարարը խնդրեց, որ  կառավարությունը Շիրակի մարզի համար մտածի զարգացման ռազմավարական պլան մշակելու մասին։

Ըստ նրա, մենք  այսօրվա դրությամբ ունենք քար, հող, ջուր, ուղեղ։

Գործարարի ասելով՝ կարելի է գիտնականներին առաջադրանք տալ, որ չոր ապրանքի վրա սարքեն նոր տնտեսություն։

«Զոռ չէ»,- ասաց նա։

Դավիթ Առուշանյանն էլ իր հերթին պարզաբանեց, որ նախնական քննարկում են ունեցել էկոնոմիկայի նախարարի հետ՝ Գյումրիում ոչ թե փակ շուկա, այլ  մեծ շուկա, «Վերնի Սաժ» ունենալու մասին, որը սակայն դեռ միս ու արյուն չի ստացել։

«Պարոն Քերոբյանը մի շատ հզոր շուկայի նախագիծ էր ուղարկել, բայց էնքան վախենալու էր էն գումարի չափը, որը պետք է դրվեր այդ շուկայի վրա։ Պարոն Քերոբյանի հետ նայել ենք, քննարկել ենք, հավանաբար աշխատանքներ տարվում են, որ ունենանք այն շուկան, որը մենք ուզում ենք»,- ասաց Դավիթ Առուշանյանը։

Նա պարզաբանեց, որ դա մի վայր է լինելու, որտեղ կայցելեն ոչ միայն մեր քաղաքացիները, այլ զբոսաշրջիկները։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ, անդրադառնալով Գյումրիում զարգացող զբոսաշրջությանը, նշեց, որ չեն ուզում Գյումրին փչնա այնպես, ինչպես Երևանը՝ իր անկանոն շինարարությամբ։

Էկոնոմիկայի նախարարը խոստացավ ուսումնասիրել «Ստրոմմաշինա» գործարանի հարցը, Աշոտ Մերուժանյանի հիշեցմանն ի պատասխան՝ հայտնեց, որ գրել է իր մոտ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031