Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքի հետ դասական հին մեխանիզմներն արդեն չեն աշխատում. Վարդան Մարաշլյան

Մարտ 11,2023 19:17

«Ապագա հայկականը» համաժողովի ընթացքում հնարավորություն կա Հայաստանի և սփյուռքի տարբեր շերտերի հետ քննարկել և հասկանալ իրենց մոտեցումները, պատկերացումները, որի արդյունքում կարող են ձևավորվել առաջնահերթությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ապագա հայկականը» համահայկական առաջին համաժողովի փորձագետ «Վերադարձ Հայաստան» կազմակերպության ղեկավար Վարդան Մարաշլյանը:

Նա հույս հայտնեց, որ առաջնահերթությունների ձևավորումից հետո գործնական քայլեր կարվեն՝ համախմբելու Հայաստանի և սփյուռքի հայերին կոնկրետ նպատակի հասնելու համար:

«Սա այլ համաժողովներից տարբերվում է, քանի որ դասական Հայաստան-սփյուռք համաժողով չէ և հարցերի զգալի մասը վերաբերվում է Հայաստանին և հայաստանցիներին: Այս համաժողովի ձևաչափն է նոր և հետաքրքիր, որտեղ հասարակության տարբեր շերտերի  ներկայացուցիչները մասնակցում են քննարկմանը»,-ասաց նա:

«Սփյուռք-պետություն հարցերում վստահության խնդիր կա, ինչպե՞ս կարելի է սփյուռքի հետ անվստահության մթնոլորտը փոխել, ինստիտուցիոնալ առումով գործնական կոնկրետ առաջարկներ կան: Հայաստանն էլ պետք է հոգ տանի սփյուռքի տարբեր համայնքների մասին, հասկանա սփյուռքը ինչ խնդիրներ ունի: Աշխատանքները պետք է այնպես կազմակերպել, որպեսզի սփյուռքը դրա հավասար մասնակիցը լինի, այսինքն ապաքաղաքականացվի, համապատասխան կառույցներ ստեղծվի, որտեղ և՛ սփյուռքն է ներկայացված, և՛ Հայաստանը»,-ասաց նա:

Նա համոզված է, որ կան հայրենադարձության կազմակերպման արդյունավետ մոդելներ, որոնք պետք է պարզապես կիրառել:

Ի պատասխան Aravot.am-ի այն հարցի, թե հարյուրամյակից ավելի հայ եկեղեցու ու կուսակցությունների շուրջ է համախմբվել սփյուռքը, արդյո՞ք քաղաքացիական այս նախաձեռնությունն ավելին կարող է անել, քան այդ կառույցները՝ Վարդան Մարաշլյանը պատասխանեց. «Տարբեր հաշվարկներով սփյուռքում 7 մլն հայ է ապրում, գործում են  30 հազարից ավել կազմակերպություններ, բայց  այդ կազմակերպությունների շնորհիվ մենք կարողանում ենք կանսոլիդացնել  սփյուռքի ընդամենը 20-25 տոկոսը: Սա նշանակում է, որ  սփյուռքի զգալի մասը որևէ կառույցի միջոցով չի մասնակցում, մենք պետք է ձև գտնենք այդ մարդկանց ևս ներգրավելու: Դասական հին մեխանիզմներն արդեն չեն աշխատում, չի  նշանակում, իհարկե, որ մենք պետք է լիովին հրաժարվենք  այդ մեխանիզմներից, բնավ՝ ոչ Պետք է ձևավորենք այնպիսի մեխանիզմներ, որտեղ յուրաքանչյուր մարդ կարողանա իրեն գտնել: Գտնելը պետք է լինի շատ կիրառական և կոնկրետ, ոչ թե երազների ու ընդհանուր գաղափարների շուրջ»,-եզրափակեց Մարաշլյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031