«Ապագա հայկականը» առաջին համահայկական քաղաքացիական համաժողովի մասնակիցների ճնշող մեծամասնությունը՝ 93.7 տոկոսը, կարծում է, որ Արցախի հիմնախնդիրը 10 մլն հայության խնդիրն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ապագա հայկականը» առաջին համաժողովի հաշվիչ հանձնաժողովի նախագահ ամերիկահայ Արիկ Գևորգյանը՝ ամփոփելով համաժողովի առաջին օրվա քննարկումների արդյունքները:
«Մտահոգություններից առաջինը Արցախի հարցն է, դա իմ, քո, մեր մտահոգությունն է, յուրաքանչյուր հայի մտահոգությունն է, որ Արցախը մեր մի մասնիկն է, Արցախը Հայաստանն է»,-ասաց նա՝ հավելելով, որ ամբողջ աշխարհի հայությունը պետք է միասնաբար ստանձնի Արցախի պատասխանատվությունը և չթողնի խնդիրը միայն պետության և Հայաստանի քաղաքացիների, առավել ևս՝ արցախցիների ուսերին: Հայ ազգը չպետք է վախենա հաղթանակներից:
Արիկ Գևորգյանը նշեց նաև, որ մասնակիցների 31 տոկոսը քվեարկել է այն տեսակետի օգտին, որ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը մինչև օրս պետության, համայնքների, հայկական կազմակերպությունների և անհատների կողմից արդյունավետ են եղել, սակայն այսօր համահայկական ջանքերն ավելի շատ պետք է ուղղել անվտանգային խնդիրների լուծմանը: Եվս 31 տոկոսը գտնում է, որ դրանք ոչ այնքան արդյունավետ են եղել և անհրաժեշտ են շտկումներ:
«Հաջորդ հարցը Հայաստանի հետ ոչ տուրիստական, այլ կենսական կապի ամրապնդումն է: Քննարկվում է այն հարցը, որ Սփյուռքին չնայենք այն աչքով, որ 30 տարի աջակցություն է ցուցաբերել, իսկ մեր հայրենիքին էլ «մուրացկան» չմեծացնենք, այլ այնպես անենք, որ Սփյուռքը Հայաստանի զարգացման հարցում դերակատար լինի և՛ դրամով, և գիտելիքներով, և՛ ռեսուրսներով, ու դրանով էլ իրեն զգա հայրենիքի մի մասնիկը, քանի որ Հայաստանը իմը, քոնը և նրանը չէ՝ այլ մերն է»,- եզրափակեց Գևորգյանը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ