Մենք ուզում ենք այս համաժողովից գաղափարներ ստանալ, սա քաղաքացիական հավաք է, մեր հայության մեջ այդքան էլ սովորություն չկա խոսել ապագայի մասին՝ մեր նպատակն է մանրամասնորեն ծրագրավորել, գաղափարներ փոխանցել իրական ապագայի վերաբերյալ: Պետք է հասկանալ՝ ո՞րն է ժողովրդի կարծիքը, մոտեցումը, ըստ այդմ առաջ ընթանալ, այսինքն քաղաքական գործիչները պետք է հետաքրքրվեն քաղաքացիների գաղափարներով, կապ չունի այդ քաղաքացիները հայրենիքի՞ց են, թե՞ սփյուռքից, կարևորը, որ նրանք հետաքրքրված լինեն Հայաստանի ապագայով: Այսօր լրագրողների հետ զրույցում այսպես նկարագրեց «Ապագա հայկականը» առաջին համաժողովի նպատակը «Ապագա հայկականը» համահայկական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:
Նրա կարծիքով, ամենակարևոր արդյունքը լինելու է գաղափարների համախմբումը:
Ի պատասխան Aravot.am-ի այն հարցին, թե պետական մարմինների կողմից գործակցության որևէ առաջարկ եղե՞լ է, պարոն Աֆեյանն ասաց. «Հուսով եմ, ընդհանրապես կառավարության ներկայացուցիչները հետաքրքրվում են ժողովրդի գաղափարներով, մանավանդ հայազգի գաղափարներով, և հուսով եմ, որ այս արդյունքը, որ մեջտեղ կուգա, պիտի ընդունվի թե՛ կառավարության, թե՛ ընդդիմության, թե՛ տարբեր ՀԿ-ների կողմից, իբրև կարևոր գաղափարներ»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Հայրենիքի-Սփյուռք համաժողովների ու այս համաժողովի տարբերություններին՝ պարոն ԱՖեյանն ընդգծեց, որ նախ մասնակիցները ընտրությունը կատարվել է ընտրության պատահականության սկզբունքով, նրանք հայրենիք-սփյուռք կապերով չեն զբաղվում, պարզապես հայեր են, որոնք հետաքրքրված են հայապահպանության ապագայի խնդիրներով:
«Երկրորդ տարբերությունն այն է, որ ձևաչափը բոլորովին տարբեր է, մենք այստեղ դասախոսություններ չենք լսում, այլ իրար հետ կոնկրետ թեմաների շուրջ խոսում ենք, նույնիսկ վիճաբանում, առաջարկներ են տալիս և ընտրությամբ պետք է որոշեն, թե որն են այն ամենակարևոր նյութերը, որ պետք է ապագայում զբաղվենք , ինչ ծրագրեր կան, որ կարող ենք հետևել , որ կարողանանք մեր ապագան ավելի լավ ձևակերպել» -ասաց նա:
Մանրամասները ՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ