Տավուշի մարզի Իջևան խոշորացված համայնքի սահմանամերձ 8 բնակավայրերում «խելացի» կանգառներ կտեղադրվեն։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց Իջևանի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետ Արարատ Պարոնյանը։
«ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակներում Իջևան համայնքի սահմանամերձ 8 գյուղում տեղադրվող կանգառները հագեցած կլինեն արևային վահանակով, անվտանգության տեսախցիկով և USB լիցքավորման վարդակներով։ Կանգառների վրա տեղադրված սարքերը մարդկանց հնարավորություն կընձեռեն լիցքավորելու հեռախոսները՝ օգտագործելով արևային էներգիան: Կմշակվի նաև Իջևան համայնքի էլեկտրոնային քարտեզը, որի շնորհիվ QR կոդի միջոցով հնարավոր կլինի հեշտությամբ կողմնորոշվել տեղանքում։ Նախատեսվում է տեղադրել նաև Wi-Fi ծառայություն: Կանգառներում կտեղադրվեն նաև լեդ լամպեր: Նախագծի նպատակն է Իջևան համայնքի 8 բնակավայրերում առաջադեմ թվային և ինժեներական լուծումների ներդրմամբ կառուցել խելացի կանգառներ՝ նպաստելով համայնքային ենթակառուցվածքների արդյունավետության բարձրացմանը և բնակչության կենսամակարդակի բարելավմանը»,-հավելեց Պարոնյանը։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ