«Ապագա հայկականը» եւ «Ավրորա» նախաձեռնությունների համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտից տեսակապով ողջունելով «Ապագա հայկականը» նախաձեռնության առաջին համաժողովին՝ ասաց. «Ուզում եմ բոլորիդ ողջունել Ստեփանակերտից եւ ասել, որ չնայած բոլոր դժվարություններին, կյանքը շարունակվում է, մարդիկ ապրում են կյանքով, պահպանում ոգին եւ արժանապատվությունը, զգացողությունը, որ մենք չենք հանձնվել եւ չենք հանձնվելու: Կողքի դպրոցից լսվում է երեխաների ձայնը: Արցախցիները շատ դիմացկուն են: 90-ական թվականներին, երբ արցախյան առաջին պատերազմն էր ու արցախցիները կրկին չունեին ոչ լույս, ոչ գազ եւ ավելի վատ վիճակում էին, երեխաները էլի դպրոց գալիս էին, նստում վերարկուներով եւ այդ ցրտին սովորում էին: Իրենց պահանջը, որ դպրոցները չպետք է փակվեն, ու չնայած ծանր պայմաններին դասերը պետք է շարունակվեն, շատ կարեւոր է մեր բոլորի համար: Չնայած երեկվանից էլի գազամատակարարման խնդիրներ կան, բայց դասերը շարունակվում են: Հիմա մի փոքր ավելի հեշտ է, որովհետեւ եղանակները լավ են եւ այնքան էլ ցուրտ չէ դասասենյակներում»:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե պետնախարարի պաշտոնը թողնելուց hետո ինքը հայտարարել է, որ մնալու է Արցախում եւ խոստումը կատարում է, եթե կառավարման համակարգում ինքը անհամեմատ շատ բան կարող էր անել, ապա հիմա ինչպե՞ս է կարողանալու Արցախի համար արդյունավետ քայլեր իրականացնել՝ Ռուբեն Վարդանյանն ասաց. «Առաջին հերթին ուզում եմ բոլորին տեղեկացնել, որ մենք մեր ծրագրերը սկսել էինք ավելի շուտ, քան Արցախ իմ տեղափոխվելը: Տարածքային զարգացման «Մենք ենք, մեր սարերը» գործակալությունը զարգացման եւ անվտանգության շուրջ ծրագրեր էր մշակել: Այդ առումով, սեպտեմբերին Արցախ գալու իմ նպատակն էր, որպեսզի պետական-մասնավոր համագործակցության մոդելն իրականացնենք, որովհետեւ ես վստահ եմ, որ խնդիրների այն քանակը, որ կանգնած է մեր առջեւ տարբեր ոլորտներում, չի կարող լուծվել միայն պետության կողմից: «Մենք ենք, մեր սարերը» շատ կարեւոր դեր էր խաղալու: Եվ վերջին վեց ամսվա մեջ շատ ծրագրեր է իրականացրել:
Ես վստահ եմ նաեւ, որ երբ խոսում ենք հայրենական պատերազմի մասին, ամբողջ հասարակությունը պետք է մասնակցի պայքարին եւ ամեն մեկը պետք է իր լուման դնի այդ գործում: Մենք միշտ պատրաստ ենք, միշտ արել եւ անում ենք ու աշխատում ենք եւ կառավարության, եւ Ազգային ժողովի եւ ուրիշ ինստիտուտների հետ: Այլ ճանապարհ մենք չենք տեսնում: Ամբողջ ժողովուրդը պետք է միախմբվի եւ հասկանա, որ այս դժվարությունները հաղթահարելու միակ ճանապարհը մեկ ամուր բռունցք դառնալն է»:
«Ապագա հայկականը» նախաձեռնության համաժողովի «Պատմական պատասխանատվություն» թեմայով քվեարկության արդյունքների մասին, որով փորձագետները հաստատեցին, որ Արցախը ոչ միայն արցախցիների, Հայաստանում ապրողների խնդիրն է, այլեւ ամբողջ 10 միլիոն հայերի խնդիրն է, Ռուբեն Վարդանյանը ասաց. «Շատ կարեւոր է, որ ամբողջ աշխարհում նորմալ մարդիկ հայ չլինելով ցանկանում են աջակցել Արցախին: Բայց նաեւ շատ կարեւոր է, որ դա իրականացվի կոնկրետ քայլերով, այլ ոչ թե միայն խոսքերով: Ես վստահ էի եւ առաջին օրվանից ասում էի, որ Արցախի խնդիրը, Արցախի առջեւ կանգնած մարտահրավերները ընդհանուր են: Մենք բոլորս արցախցի ենք: Մեր առջեւ կանգնած է հայ ոգին, հայ ազգայինը պահպանելու հարցը: Ուրախալի է, որ քննարկման ժամանակ այդ մտայնությունը եղել է դոմինանտ: Պետք է կոնկրետ քայլեր արվեն եւ սփյուռքում, եւ Հայաստանում: Եվ Արցախի կողմից պետք է ամեն ինչ արվի, որ այդ համագործակցությունը իրականանա»:
Կարդացեք նաև
Ռուբեն Վարդանյանը եւս մեկ անգամ վերահաստատեց, որ Արցախը երբեք չի ինտեգրվի Ադրբեջանին, չի լինի նրա կազմում: «Մենք ապրում ենք մեր օրենքներով եւ միակ ճանապարհը պայքարելը, միասնական լինելը, ռեսուրսները միավորելը ու չհանձնվելն է: Կուբան էլ պայքարեց Ամերիկայի դեմ ու չհանձնվեց: Մենք 35 տարի պայքարի մեջ ենք: Պետք է պատրաստ լինենք, որ, հնարավոր է, 35 տարի էլ պայքարի մեջ լինենք: Այլ տարբերակ չկա: Այդպես եղել է աշխարհի տարբեր երկրներում: Դա մեր ճանապարհն է, որ ընտրել ենք՝ արժանապատիվ, անկախ, հայկական եւ ազատ Արցախի համար»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ