Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Աբրահամյան. «Հարյուր տոկոսով եմ ասում եւ խնդրում եմ ինձ հավատալ. եթե չլինի Արցախի պետականությունը, չի լինի հայկական պետականություն»

Մարտ 11,2023 15:21

«Ապագա հայկականը» առաջին համահայկական քաղաքացիական համաժողով երկրորդ օրվա թեման Հայաստան-Սփյուռք միասնականության նպատակի քննարկումն է:

Փորձագիտական հանձնախմբի անդամ, հրապարակախոս եւ լրագրող Արամ Աբրահամյանը ներկայացրեց իր մոտեցումները եւ ամփոփեց հանձնախմբի աշխատանքները: Նա տեղեկացրեց, որ հանձնախմբում քննարկվել է խնդիրների երեք խումբ, որոնց շուրջ քվեարկություն չի կազմակերպվել՝ վերջնական որոշումը թողնելով համաժողովին:

Առաջին խումբ

Ո՞վ է հայը: Անկախ արյան բաղադրությունից, անկախ թե նա զրո տոկոս էթնիկ հայ է կամ հարյուր տոկոս էթնիկ հայ, դա այն մարդն է, որը պատրաստ է մասնակցել հայկական օրակարգերին, որոնք տարբեր են ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ ընդհանրապես որեւէ հայկական  օրակարգի համար: Մենք ունենք հարյուր տոկոսանոց հայեր, որոնք ոչ մի բանի չեն մասնակցում, եւ կան այլազգի մարդիկ, որոնք ոչ մի տոկոսով հայ չեն, բայց մասնակցում են:

Ի՞նչ է Հայաստանը: Հայաստանը՝ Հայաստանի Հանրապետությունն է, Արցախի Հանրապետությունն է: Եվ դա այն է, ինչ ցանկացած հայ համարում է իր հայրենիքը:

Ի՞նչ է Սփյուռքը: Դա մի կառույց չէ, որը կարող է դառնալ ինչ-որ ներկայացուցչություն, որի հետ Հայաստանը, որպես պետություն, Արցախը որպես պետություն՝ մենք հայաստանցիներս, կարող ենք շփվել: Սփյուռքը կառույցների համակցություն է: Եվ այդ կառույցները կարող են, ի վերջո, կազմել ինչ-որ մի ցանց:

Եթե իմ անձնական կարծիքը հարցնեք, ապա մենք այդ ցանցի սաղմը ունենք, որտեղ կա հայկականություն, որտեղ կան հայկական հետքեր եւ հայկական կազմակերպություններ, հայ համայնք: Սինգապուրում, Սան Պաուլոյում եւ Մոնրեալում եւ որտեղ էլ լինի, դա, բնականաբար, Հայ Առաքելական եկեղեցին է, որը իմ կարծիքով կարող է լինել ցանցային կառույցի սաղմը: Եվ այն խաչը, որ մենք կրում ենք, դարձյալ իմ սուբյեկտիվ մոտեցմամբ, վկայում է ոչ միայն հավատի, այլեւ  ինչ-որ մի թիմի անդամ լինելու մասին: Որովհետեւ հայերի մեծամասնությունը մկրտված են որպես Հայ Առաքելական եկեղեցու զավակներ:

Երկրորդ խումբ

Ի՞նչ է նշանակում հայաստանակենտրոն: Դա նշանակում է՝ համախմբվել հայկական պետականության շուրջ, Հայաստանի եւ Արցախի պետականությունների շուրջ: Ես հատուկ նշում եմ Արցախի պետականությունը, որովհետեւ հարյուր տոկոսով եմ ասում եւ խնդրում եմ ինձ հավատալ. եթե չլինի Արցախի պետականությունը, չի լինի հայկական պետականությունը: Դա ինձ համար աքսիոմա է:

Հայը պետք է մասնակցի պետական կյանքին, իհարկե, լայն իմաստով: Հայաստանի եւ Արցախի պետական կյանքին: Դա մշակութային, կրոնական, կրթական, քաղաքական, տնտեսական կյանքն է: Ճանապարհները քննարկվել են, ծրագրերը ներկայացված են ձեզ եւ դուք, հուսով եմ, կկայացնեք ճիշտ որոշումը:

Երրորդ խումբ

Ի՞նչ է պետք անել հայապահպանության համար: Դա իմ համար ճիշտ նույն ազգային արժանապատվության խնդիրն է, ինչ հայոց բանակ ունենալը, Հայաստանում հարկեր մուծելը, Հայաստանի օրենքներին ենթարկվելը: Հայաստանում ապրող բոլորիս համար դա պետք է լինի արժանապատվության, ազգային արժանապատվության  խնդիր, ինչի համար ոչ մեկս չպիտի ջանքեր խնայի, Հայաստանի ցանկացած քաղաքացի դա պիտի համարի իր պարտքը:

Պարզ է, որ այս բոլորի մեջ մի շատ կարեւոր բան կա՝ պետք է իմանալ այն մարդկանց տեղը, որոնք իրենց հայ են զգում, որոնք կան սփյուռքում եւ որոնք տարբեր մասնագետներ են: Իմանալ, թե որտեղ է գտնվում այն ճարտարապետը, ֆիզիկոսը, քիմիկոսը, ՏՏ մասնագետը, որը պատրաստ է այդ ցանցին մասնակցել:

Եվ վերջում: Ով հայ ժողովուրդ: Քո միակ փրկությունը, բոլորը ասում են՝ միասնականության, բայց իրականում՝ հավաքական ուժի մեջ է: Միասնականությունը ենթադրում է միեւնույն ձեւով մտածել: Մենք պետք է հավաքական ուժ լինենք, տարբեր ձեւով մտածող մարդկանց թիմ, որտեղ տարբեր ձեւով են մտածում, բացի այն սկզբունքներից, որոնք , հուսով եմ, դուք կմշակեք»:

Արամ Աբրահամյանը անչափ կարեւորեց գործը, որը կարող է միավորել: «Իրավամբ, շատ է խոսվում հայաստանցիների եւ սփյուռքի մեր հայրենակիցների միջեւ փոխադարձ անվստահության մասին: Փոխադարձ անվստահությունը, հաղթահարվում է գործով: Երբ մենք անում ենք մի գործ, գտնում ենք այն կոնկրետ մարդկանց եւ կոնկրետ կազմակերպությունները, որոնք կարող են մեկ գործ անել: Եվ այդ համատեղ արվող գործը հաջողության է հասնում, կոտրում է անվստահությունը: Իսկ միայն խոսելով անվստահությունը չի հաղթահարվում ու վստահություն չի ստեղծվում»,-ասաց պարոն Աբրահամյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031