Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշխարհի ուժեղների հետ եթե չկա համաձայնություն՝ լայնածավալ պատերազմ լինել չի կարող. «Առերեսում»

Մարտ 11,2023 22:00

«Մարտի 5-ի ահաբեկչությամբ Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդում: ԼՂ ներկայացուցիչների հետ հետագա բանակցությունների վիժեցումն ու նոր ռազմական սադրանքի համար անհրաժեշտ ֆոն ստեղծելն է»,- կառավարության նիստում հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այն հանգամանքը, որ Ադրբեջանը հերթական անգամ Արցախի պաշտպանության բանակի զինաթափման թեման է հնչեցնում՝ առիթ է տալիս եզրահանգման, որ տեղեկատվական հող է նախապատրաստվում նոր լարման համար: Այս մասին վկայել էր նաեւ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ ստեղծված իրավիճակը որակելով «զգայուն». «Դա մի իրավիճակ է, որը չափազանց մոտ է բռնության, ինչպես մենք տեսանք վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում»:

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ, պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը համաձայնեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը հերթական լարվածության շեմին են. «Այո, եւ այստեղ որեւէ զարմանալի կամ նոր բան չենք ասի: Առաջատար պետությունների հատուկ ծառայությունները, դիվանագիտական ներկայացուցիչները, ուսումնասիրությունների կենտրոնները վերջին 6 ամսում շուրջ 15 հետազոտություններ են հրապարակել, թե շատ մոտ է էսկալացիան… Ինչո՞ւ է բոլորի մոտ այդ կանխատեսումը. որովհետեւ Ադրբեջանը չի հասել իր վերջնական նպատակին եւ օգտվելով առիթից, որ այս պահին աշխարհը խառը իրավիճակում է, իսկ ինքն ունի տեխնիկական առավելություն, որը 44-օրյայից հետո է ձեւավորվել՝ բնականաբար, պիտի փորձի դա օգտագործել, քանի որ միգուցե մի տարի հետո այդ շանսը չունենա այլեւս: Եվ հիմար կլինի որեւէ մեկը, եթե լինի Ալիեւի փոխարեն՝ չփորձի այդ պահը չօգտագործել: Եվ հիմար կլինի, եթե ի սկզբանե՝ միանգամից անցնի մարտական գործողությունների՝ չստեղծելով դրա համար համապատասխան նախապայմաններ, չկիրառելով նաեւ կիսափափուկ-կիսակոշտ հիբրիդային մեթոդներ»:

Հաղորդման մյուս հյուրը՝ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ռոբերտ Ղեւոնդյանն առարկեց. «Պետք է այնքան էլ չհամաձայնեմ, թե այս պահին շատ մոտ ենք էսկալացիային, քանի որ այս պահին նոր թեժ կետ միջազգային հանրությանը պետք չէ: Առավել եւս՝ այն մարազմատիկ վախերը, որ կան ռուսական շրջանակներում, թե երկրորդ ճակատ են բացում մեկ Վրաստանում, մեկ Արցախում… Լարվածություն՝ այո, սադրանքներ՝ այո, փոքր, լոկալ բախումներ՝ այո, բայց լայնամասշտաբ էսկալացիայի հավանականությունը քիչ եմ գնահատում, ուղղակի այն պատճառով, որ դրա համար անհրաժեշտ է ուժային հիմնական կենտրոնների համաձայնությունը, բայց աշխարհի ներկա պայմաններում նման համաձայնություն Ալիեւը չի կարող ստանալ»:

Արծրուն Հովհաննիսյանի արձագանքն էր. «Ես, իհարկե, այդքան վատատես չեմ: Բայց ավելի լավ է՝ լինեմ վատատես ու սխալ դուրս գամ, թե լարվածությունը որքանով կվերաճի լայնածավալ պատերազմի: Քաղաքագիտական օրինաչափությունների տեսանկյունից՝ այո, համաձայն եմ, որ աշխարհի ուժեղների հետ եթե չկա այդ համաձայնությունը՝ լայնածավալ պատերազմ լինել չի կարող՝ ողջ աշխարհում է այդպես»:

Միջանկյալ նշենք, որ հաղորդման երկու մասնակիցներն էլ դրական պատասխանեցին այն հարցադրմանը, թե փաստորեն ենթադրում են, որ 44-օրյա պատերազմի դեպքում կար այդ համաձայնությունը:

«Այսօր դա չկա,-շարունակեց Արծրուն Հովհաննիսյանը:-Եվ կարծում եմ՝ լինել էլ չի կարող: Ու ոչ միայն ամենակարեւոր կենտրոնների հետ, այլ, կարծում եմ, նույնիսկ մյուս կենտրոնների հետ էլ շատ դժվար կլինի համաձայնության գալը, քանի որ ինքն ինչքան ուզում է զենք կուտակի եւ այլն՝ պատերազմը միշտ եղել ու մնում է խոշոր քաղաքականության գործունեության շարունակություն կամ հետեւանք; Բայց այդ փոքրերն էլ, որոնք մենք համարում ենք ռիսկային, եւ որոնց մասին նաեւ Վաշինգթոնում են խոսում՝ ինչպես տեսնում եք, այնքան էլ փոքր չեն: 2022 թվականի սեպտեմբերի գործողությունների հետեւանքով ինչ կորուստներ ունեցանք՝ մարդկային, տարածքային եւ այլն: Ու ցավոք սրտի, այսօր այն մասնավորապես տեխնիկական առավելությունը, որ իրենք դեռ ունեն մեր նկատմամբ՝ բավական շոշափելի է եւ վտանգավոր»:

«Հենց 2022-ի սեպտեմբերի իրադարձությունների ժամանակ ապացուցվեց, որ նրանք այդ համաձայնությունը չունենալով՝ չեն կարող իրականացնել,- արձագանքեց Ռոբերտ Ղեւոնդյանը:- Քանի որ մենք գիտենք զանգերը Բաքու եւ գիտենք, թե ինչ տեղի ունեցավ այդ զանգերից հետո»:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031