Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չէ: Սա ՀԱՊԿ-ում մեր դիրքերը թուլացնելու գործընթաց է. «Առերեսում»

Մարտ 11,2023 15:00

Հայաստանն առաջարկ է ներկայացրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)` հրաժարվելու ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի քվոտայից: Մեկնաբանություններ կան, թե այս քայլը ՀԱՊԿ-ից Հայաստանի տարանջատվելու գործընթացի շղթայում է, որի օղակներից էին ՀԱՊԿ-ի զորավարժություններից հրաժարումը, չընդունելը ՀԱՊԿ-ի դիտորդներին, հրաժարվելը մասնակցել զորավարժություններին, որոնք Հայաստանի տարածքում չէին եւ այլն: «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ, պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը հարցին՝ ի՞նչ խնդիր է լուծում ՀՀ-ն` ցույց է տալիս նեղացածությո՞ւնը, պատասխանեց. «Երբ որ քո տարածքի վրա հարձակվում են 2022-ին ու ՀԱՊԿ-ից չես ստանում անհրաժեշտ գոնե գնահատական, երբ որ ՀԱՊԿ գեներալները գալիս են՝ պտտվում, ամբողջն իրենց աչքերով տեսնում, բայց վերջնական գնահատական չունես, երբ որ դու նախագահում ես ՀԱՊԿ-ում եւ այն դառնում է հիփերակտիվ մարմին ու ցանկացած ռիսկի վայրկյանական արձագանքում են մեր նախագահության ժամանակ՝ միգուցե դրանից հետո պետք է մտածել, էլի, այս ամենի մասին: Բայց չեմ կարծում, թե դա ՀԱՊԿ-ից արդեն դուրս գալու հստակ գործընթաց է. մի քիչ չափազանցված է»:

Հաղորդման մյուս հյուրը՝ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ռոբերտ Ղեւոնդյանի մեկնաբանությունն էր. «Սա ՀԱՊԿ-ում մեր դիրքերը թուլացնելու գործընթաց է, եւ գործընթացի մեկ քայլն է: Ցավոք սրտի, Հայաստանի իշխանությունները հստակ քայլեր չեն իրականացնում, այլ այսպիսի կիսաքայլեր: Ինչպես կիսաքայլ էր հրաժարվելը զորավարժություններին մասնակցելուց, կիսաքայլ էր դժգոհություն հայտնելը: Այն վերլուծաբաններս, որոնք տեսնում ենք ՀԱՊԿ-ում Հայաստանի գտնվելու խնդիրները՝ տեսնում ենք, որ դուրս գալու դեպքում կան այլ հնարավորություններ (իհարկե, խոսքը որեւէ դեպքում ՆԱՏՕ-ի մասին չէ) ավելի լավ վերազինելու, բարեփոխելու Հայաստանի բանակը…Որեւէ համակարգի մասին չէ խոսքը՝ խոսքը այլ համակարգերի տարբեր տարրեր ներմուծելու եւ դրանց միջոցով Հայաստանի բանակը վերազինելու մասին է»: Հավելեց. «Հուսանք, որ այդ կիսաքայլերն ի վերջո կբերեն նրան, որ Հայաստանը դուրս կգա այդ խմբակից եւ կկարողանա իմ նշած այդ համակարգային հնարավորություններն օգտագործել, ու ի վերջո մեր ռազմական ներուժը կկարողանանք ինչ որ չափով ավելացնել՝ Ադրբեջանի հետ ավելի կոշտ դիրքերից խոսելու համար»:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031