Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականացնել ռուս «խաղաղապահ» զորքերի փոխարինում, Լեռնային Ղարաբաղի հանդեպ ՄԱԿ-ի խնամակալության հաստատում․ հայտարարություն

Մարտ 11,2023 12:44

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը Լաչինի միջանցքի 3 ամիս շարունակվող շրջափակման, Արցախի երեք ոստիկանների սպանության եւ Վրաստանում ծավալվող վերջին իրադարձությունների կապակցությամբ

Ս.թ. մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն-ահաբեկչական խումբը՝ ներթափանցելով Արցախի տարածք՝ իրագործել է ռազմական հանցագործություն՝ սպանելով երեք եւ վիրավորելով մեկ ոստիկանի, ովքեր մեքենայով տեղաշարժվում էին Արցախի տարածքով: Սա ադրբեջանական կողմից Արցախի բնակչության դեմ անընդհատ շարունակվող ահաբեկումներից հերթական ոճիրն է: 2020թ. Ադրբեջանի իրագործած հերթական պատերազմական գործողությունից՝ լայնածավալ ագրեսիայից ի վեր ադրբեջանցի զինծառայողները սպանել են տասնյակից ավելի խաղաղ բնակիչների եւ սահմանապահների:

2022թ. դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ պահելով Արցախի բնակչությանը, փակելով թե՛ սննդի, դեղորայքի եւ այլ հումանիտար բեռների, թե՛ էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարումները, ձգտելով հասնել Արցախի հայության շրջանում սովի եւ ցրտահարության, տնտեսության քայքայման, ալիեւյան դիկտատուրան եւս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախը եւ Արցախի քաղաքացիները չեն կարող լինել Ադրբեջանի կազմում եւ պետք է օր առաջ ճանաչվի միջազգային հանրության կողմից Ադրբեջանից դուրս՝ հանուն փրկության:

Ռուս այսպես կոչված խաղաղապահների անգործությունը, իսկ իրականում՝ հանցակցությունը Բաքվի կլեպտոկրատիայի հետ՝ Արցախի բնակչության դեմ եւս մեկ «սպեցօպերացիա» իրագործելու հարցում, որեւէ կասկած չի թողնում, որ Կրեմլի նպատակը Արցախի հայ բնակչության պատանդի կարգավիճակում պահելն է եւ նրա կյանքի եւ առողջության, նրա հայրենիքի հաշվին Ալիեւի ռեժիմի հետ աշխարհաքաղաքական առեւտուրը, ինչպեսեւ Արցախի ժողովրդին սովամահ անելու սպառնալիքի ներքո Հայաստանին ստիպելը հրաժարվել սեփական ինքնիշխանությունից եւ միանալ Ռուսաստան-Բելառուս դաշինքին:

Մերօրյա Ադրբեջանում համակարգային կերպով խախտվում են անգամ էթնիկ ադրբեջանցիների իրավունքները: Ալիեւյան՝ աշխարհի ամենահետադեմ դիկտատուրայի հետապնդումներից փրկվելու համար Ադրբեջանից վերջին 20 տարիների ընթացքում արդեն արտագաղթել են հազարավոր ադրբեջանցիներ՝ ընդդիմադիրներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, շարքային քաղաքացիներ: Ադրբեջանում իշխող կլեպտոկրատիկ ռեժիմը հայերի հանդեպ պետական մակարդակով վարում է ատելության քարոզ, ինչի մասին փաստել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը 2021թ.-ի դեկտեմբերի 7-ի իր որոշմամբ եւ պարտավորեցրել Ադրբեջանին դադարեցնել այդ ատելության սփռումը: Իսկ օրերս նույն դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը եւ ապահովել բեռների եւ մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը: Երկու որոշումներն էլ մնում են չկատարված:

Այս ամենը նշանակում է, որ Արցախի հայության հանդեպ Իլհամ Ալիեւի արյունարբու ռեժիմը պատրաստել է շատ ավելի վատ ճակատագիր, քան սեփական ժողովրդի եւ սեփական քաղաքացիների հանդեպ: Ալիեւը չի էլ թաքցնում, որ Ղարաբաղի բոլոր այն հայերը, ովքեր չեն ենթարկվի իր ռեժիմին պետք է լքեն իրենց հայրենիքը: Նման պայմաններում Արցախի բնակչության անվտանգության ապահովման եւ իրավունքների պաշտպանության միակ տարբերակը մնում է Արցախի անջատումը Ադրբեջանից հանուն փրկության՝ հիմնվելով Կոսովոյի նախադեպի վրա: Դրա կարեւոր հիմնավորումներից մեկն էլ այն է, որ Արցախը, համաձայն միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականի, իր ժողովրդավարական հաստատությունների մակարդակով գտնվում է շատ ավելի բարձր դիրքում, քան Ադրբեջանն է:

Այդ առումով մենք ողջունում ենք Եվրախորհրդարանի՝ 2023թ հունվարի 18-ին ընդունած «ԵՄ 2022թ. ընդհանուր արտաքին եւ անվտանգային քաղաքականության իրականացման մասին տարեկան զեկույցը», որում պահանջում էր անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը, ինչպես նաեւ վերահաստատում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որպես խնդրի կարգավորման երեք հիմնարար սկզբունքներից մեկը: Մենք նաեւ ողջունում ենք ԵՄ որոշումը քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայել Հայաստանի արեւելյան սահմաններին, որը արդեն դարձել է Հայաստանի անվտանգության եւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման կարեւոր բաղադրիչ:

Մենք նաեւ բարձր ենք գնահատում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ս.թ. մարտի 3-ին արած հայտարարությունը այն մասին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները պետք է կարգավորվեն տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, իսկ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժողովուրդը պետք է ունենա ինքնորոշվելու իրավունք, որը Գերմանիայի կանցլերը իրավահավասարազոր է համարել տարածքային ամբողջականության սկզբունքին:

Մենք նաեւ երախտապարտ ենք Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներին, որոնք մինչ այդ, գրեթե միաձայն որոշում են ընդունել՝ հորդորելով Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն:

Մենք նաեւ խիստ արժեւորում ենք Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի համանախագահների՝ 2022թ. դեկտեմբերի 23-ին ընդունած հայտարարությունը Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Միաժամանակ, նկատի ունենալով Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները, եւ դրանց վրա կրեմլյան նարատիվների վտանգավոր ազդեցությունը, մենք համերաշխություն ենք հայտնում Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Վրաստանի ազգային պլատֆորմին եւ Վրաստանի ժողովրդավարական ուժերին եւ շնորհավորում նրանց Վրաստանի խորհրդարանի՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» տխրահռչակ օրենքի նախագիծը ետ կանչելու կապակցությամբ: Մենք հույս ենք հայտնում, որ Վրաստանի իշխանությունը այսուհետ կպահպանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար բարենպաստ միջավայրի պահպանման և լրատվամիջոցների ազատության ապահովման իր հանձնառությունը։

Նկատի ունենալով այս ամենը, ինչպես նաեւ Արցախի ժողովրդին՝ Ադրբեջանի հակամարդկային քաղաքականությունից օր առաջ փրկելու անհրաժեշտությունը, Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը կոչ է անում.

Եվրամիությանը՝ ջանքեր գործադրել հետեւյալ քայլերի իրականացման համար.

1.Ռուս «խաղաղապահ» զորքերի փոխարինում ՄԱԿ-ի մանդատով հաստատված խաղաղարար զորքերով, նրանց տեղակայում Արցախում եւ դրա շուրջ գտնվող 7 շրջաններում՝ ստեղծելով դեմիլիտարիզացված անվտանգային գոտի, ինչպես որ դա նախատեսված է եղել Արցախյան խնդրի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում նախապատրաստված խաղաղ կարգավորման փաթեթներում.

2.Արցախի բնակչության հանդեպ ցեղասպանությունը կանխելու նպատակով եւ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումները չկատարելու հիմնավորմամբ՝ Ադրբեջանի դեմ միջազգային պատժամիջոցների սահմանում.

3.Տարածաշրջանում իրականացված բոլոր ռազմական հանցագործությունների միջազգային հետաքննություն եւ պատժում.

4.Դեպի Արցախ ադրբեջանցի փախստականների վերադարձին զուգահեռ նաեւ Արցախի հայ փախստականների վերադարձի իրավունքի ապահովում եւ իրացում Արցախի չճանաչված հանրապետության Հադրութի, Շուշիի, Շահումյանի, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջանների՝ ներկայում ադրբեջանական զորքերի կողմից օկուպացված բնակավայրեր.

5.Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հանդեպ ՄԱԿ-ի (միջազգային) խնամակալության հաստատում, որից հետո Արցախում հանրաքվեի անցկացում, որի միջոցով Արցախի ժողովուրդը կորոշի իր սեփական ճակատագիրը:

Հայաստանի Հանրապետության կառավարությանը.

1.Սկսել ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, Ռուսաստանի հետ ռազմական եւ տնտեսական դաշնակցային ձեւաչափերից եւ պայմանագրերից դուրս գալու գործընթաց՝ ռուսական կողմի՝ իր դաշնակցային պարտավորությունները հետեւողականորեն եւ չարամտորեն չկատարելու հիմնավորմամբ.

2.Դիմել Եվրամիությանը՝ ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիր ստորագրելու, միաժամանակ՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու խնդրանքով.

3.Դիմել ՆԱՏՕ-ին` այդ կառույցին Հայաստանի անդամակցության խնդրանքով:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031