Լրահոս
Օրվա լրահոսը

Ի հակադրություն՝ մենք չենք ձեւակերպել մեր վաղվա օրը. «Հայաստանի Հանրապետություն»

Մարտ 11,2023 11:56

Այդ գրողի տարած թղթե շերեփային խնդրագրային քաղաքականությունը ձեռքներիցս չենք գցում։ Բայց գցել էինք չէ՞ երեք տասնամյակ շարունակ, վայելում էինք չէ՞ հաղթողի բերկրանքը։ Ի՜նչն է խանգարում, որ նորից գցենք…

Խնդիրը հայտնի է, երեւակումներն էլ մեր տնտեսական ու քաղաքական բաղադրիչներում են։ Քանի դեռ լուծումը չենք տվել, թղթե շերեփը սոսնձված մնալու է մեր ձեռափերին։ Իսկ Ադրբեջանը շարունակելու է զինվել։ Իսրայելական «Haaretz» թերթի մարտի 5-ի հոդվածը խոսում է Ադրբեջանին մատակարարվող սպառազինության, Ադրբեջանի եւ «Մոսադի» հարաբերությունների, Իսրայելից գնված զինանոցի եւ Իսրայելի ու Ադրբեջանի օրեցօր խորացող փոխհարաբերությունների մասին։  Բնականաբար, այդ գործակցությունը լա՜վ երեւաց 44-օրյային։ Միայն թե միամտորեն նորից չխոսենք այն մասին, թե ինչպես կարող է Հոլոքոստ տեսածը աջակցել մեկին, ով ցեղասպանություն է արել, անում է եւ չի հրաժարվում այն ապագայում էլ անելուց։ Այդ հարցը տալուց առաջ պիտի հիշենք, որ Հոլոքոստ ու ցեղասպանություն տեսածների մեջ մեծ տարբերություն կա. Հոլոքոստ տեսածը իր հայրենիքո՛ւմ չի բնաջնջվել եւ իր հայրենիքի՛ց չի վտարվել։ Հոլոքոստ տեսածի ստեղծած տնտեսական կարողությամբ պետություն չեն հիմնել (ինչպես Թուրքիան դա արեց մեր հաշվին)…

Ինչեւէ, ունեն ընդհանուր շահեր ու համագործակցում են։ Ոչ ոք չի խանգարում մե՛զ համագործակցել այն երկրների հետ, որոնց հետ ունենք ընդհանուր շահեր եւ, մասնավորապես, հակաթուրքական շահեր։ ԱՄՆ ազգային հետախուզական ծառայության ղեկավարի գրասենյակը հրապարակել է ԱՄՆ հետախուզական համայնքի չգաղտնազերծված սպառնալիքների գնահատման տարեկան զեկույցը, ըստ որի Ադրբեջանը պատրաստակամ է ռազմական ճնշում կիրառել՝ Հայաստանի հետ բանակցություններում իր նպատակներն առաջ տանելու համար: ԱՄՆ հետախուզությունը պարզապես հաստատել է իրականությունը։

Թյուրքական կողմի քաղաքականությունը վկայում է՝ դրանք իրենց վաղվա օրվա մասին մտածում են՝ շարունակելով հայատյացությունը եւ զինվելը։ Ի հակադրություն՝ մենք չենք ձեւակերպել մեր վաղվա օրը։ Խաղաղության ցանկությունը վաղվա օրվա ձեւակերպում չէ, մանավանդ, երբ աշխարհաքաղաքականությունը վկայում է, որ հակված չէ աղավնիների շատացմանը, իսկ տարածաշրջանային ծավալումներն էլ խոսում են հավանական նոր պատերազմների մասին։ Մեզ բաժին հասած թշնամին հարգանքի արժանի թշնամի չէ՝ ռազմական հանցագործ է ու ցեղասպան։ Նաեւ՝ ոչ միայն աղավնիներին չի շատացնում, այլեւ՝ աղավնի տեսնելիս գազազում-սպանում է։ Այս կարգի թշնամուն զսպելու մեկ ճանապարհ կա՝ մեր տնտեսական ու ռազմաքաղաքական զարգացումը։ Անընդհա՛տ զարգացումը։ Հնարավոր բոլոր եղանակներով։ Ինչու ոչ՝  նաեւ կիրառելով «մեր թշնամու թշնամին մեր բարեկամն է» սկզբունքը։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031