Խաղաղության տանող որևէ գործընթաց չեմ տեսնում՝ անկախ նրանից, թե ինչ են այս փուլում հայտարարում կամ ավելի վաղ ինչ էին հայտարարում Նիկոլ Փաշինյանի վարչակարգի տարբեր տրամաչափի ներկայացուցիչները: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի վերջին ակտիվացումներին թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի Հանրապետությունների ուղղությամբ:
«Որքան էլ խոսեն խաղաղությունից, նման որևէ գործընթացի նշույլ անգամ չկա: Կան Ադրբեջանի սպառնալիքներ, Ադրբեջանի՝ գնալով ավելի լկտիացող պահանջներ, տարբեր ձևերով քողարկված տարածքային պահանջներ նաև ՀՀ-ից: Արդեն ադրբեջանական բնակչությանը, այսպես ասած, Հայաստան տեղափոխելու և իրենց պաշտպանելու համար թուրքական ինչ-որ զինված ներկայության մասին խոսակցություններ կան, որոնք վերածվելու են թուրքական զորքեր մտցնելու հստակ պահանջի: Էլ չասեմ, որ արցախցիներից կապիտուլ յացիա ու Ալիևի բռնապետական ռեժիմին հնազանդվել են պահանջում: Վստահ եմ՝ եթե այդ շանտաժին ենթարկվեն, շատ արագ նաև էթնիկ զտումներ են սկսվելու: Այս իրավիճակում Ադրբեջանի՝ դեռևս համեմատաբար փոքր ծավալով ռազմական ագրեսիվ գործողությունները ցանկացած պահի կարող են մեծածավալ ռազմական արկածախնդրություն դառնալ»,-ասաց Կարեն Վրթանեսյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանի նման պահվածքն իրեն չի զարմացնում:
Կ. Վրթանեսյանը հավելեց. «Շատերս ենք հասկանում, որ այսօր գոյաբանական սպառնալիք կա: Անգամ Փաշինյանի շրջապատից են խոսույթներ լսվում այն մասին, որ Հայաստանն այսօր գոյաբանական իրական ու մոտալուտ վտանգի առաջ է կանգնած: Երբ ասում են, որ ցեղասպանության սպառնալիք կա, նշանակում է, որ հայերն այլևս կարող է և չլինեն: Բայց այս ֆոնին Փաշինյանի որևէ գործողություն ուղղված չէ այդ սպառնալիքը նվազեցնելուն: Օրինակ՝ եթե իսկապես այդպիսի սպառնալիք կա, ապա ցանկացած մարդ, որը ներկայացնում է ՀՀ շահերը, առաջին հերթին պետք է կենտրոնանար զինված ուժերի վերազինման, կատարելագործման վրա: Անվտանգության հարցն առաջնահերթը պետք է լիներ: Բացի այդ, պետք է լրջագույն աշխատանք տարվեր դաշնակիցներ ձեռք բերելու ուղղությամբ»:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։