Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ մեր հանդիսատեսին առաջին անգամ ներկայացած գերմանացի ճանաչված երաժիշտների՝ դիրիժոր Դիրք Կաստանի եւ սոպրանո Դորոթեա Հերբերթի ելույթը նրանց առաջին հանդիպումն էր։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում հայտնեց մաեստրո Կաստանը, նշելով. «Անհամբեր սպասում էի Դորոթեայի հետ մեր համագործակցությանը, որի արտիստիզմը բազմիցս ոգեւորել է խստապահանջ երաժշտական քննադատներին։ Երգչուհին հռչակված է իբրեւ վագներյան սոպրանո, ինչի առիթով մամուլը հատկապես առանձնացնում է նրա մեկնաբանմամբ Գերհիլդեի դերերգը «Վալկիրիա» օպերայում, Սենատան՝ «Թռչող հոլանդացին», Էլզան՝ «Լոհենգրին» օպերաներում եւ այլն։ Ես եւ Դորոթեան տպավորված ենք մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ գործող ձեր ֆիլհարմոնիկ նվագախմբի պրոֆեսիոնալիզմով եւ, իհարկե՝ հայ նրբաճաշակ հանդիսատեսի վերաբերմունքից»։ Ծրագրում ընդգրկված էր Բրուքների 4-րդ սիմֆոնիան եւ Շտրաուսի «Վերջին չորս երգը»։ Իսկապես բուռն էր հանդիսատեսի արձագանքը։ Սիմֆոնիայում մեկտեղված են բեթհովենյան սիմֆոնիաների կառուցողական սկզբունքները, Շուբերտին բնորոշ երգայնությունը եւ Վագների երաժշտությունից եկող հագեցած հարմոնիաներն ու գունեղ գործիքավորումը՝ պղնձյա փողայինների գերակշռությամբ։ Իսկ Շտրաուսի երկը նրա մտորումների արտահայտությունն է մարդու, բնության, ընդհանրապես կյանքի մասին։ Նշենք, որ այս գործը կոմպոզիտորի վերջին խոսքն է ուղղված մարդկանց։ Իսկապես, նշյալ ստեղծագործությունները մատուցվեցին հիանալի եւ ինքնատիպ։
Եվրոպական մամուլը, անդրադառնալով Դիրք Կաստանի գործունեությանը, հաճախ է նշում, որ Բոննի «Բեթհովեն» նվագախմբի եւ օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը, որը հաճախ է հյուրախաղերի մեկնում տարբեր երկրներ, բայց, այնուամենայնիվ, նրա ուշադրության կենտրոնում են հարազատ նվագախումբն ու օպերային թատրոնը։ Հետաքրքրությանը, թե հրավերների հարցում ինքը բծախնդի՞ր է, մաեստրոն նախ կատակեց՝ եթե հարցը կոնկրետ Հայաստանի ֆիլհարմոնիկի հրավերին է վերաբերում, ապա մեկ վայրկյան էլ չի վարանել եւ սիրով է ընդունել։ Հետո էլ մանրամասնեց. «Թեեւ առաջին անգամ եմ ձեր երկրում, բայց շատ վաղուց տեղյակ եմ ձեր ազգի մշակութային նկարագրին, մասնավորապես՝ երաժշտական։ Գիտեի, նաեւ համոզվեցի, որ Հայաստանը՝ լինելով այսքան փոքր, ունի աննկարագրելի պատրաստված հանդիսատես։ Մի մոռացեք, որ ես Գերմանիայից եմ, որտեղ ստեղծագործում են բազմաթիվ հայեր։ Ունեմ շատ հայ ընկերներ ու գործընկերներ, որոնց հետ արդեն հարազատացել եմ։ Իմ ղեկավարած նվագախմբում էլ բարձրակարգ հայ երաժիշտներ են աշխատում, էլ չխոսեմ վոկալի ձեր ներկայացուցիչների մասին։ Իմ հայերը շատ են, դրա համար անունները չեմ բարձրաձայնում՝ վախենալով այս պահին հանկարծ մեկին չմտաբերեմ»։
Վերջերս ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության գրասենյակը «Բեթհովեն» նվագախմբին՝ Դիրք Կաստանի ղեկավարությամբ, հայտարարեց «Միացյալ ազգերի կազմակերպության կլիմայի փոփոխության բարի կամքի դեսպան»։ Իհարկե, գլոբալ տաքացում, օդի աղտոտվածություն, անտառահատումներ, համաշխարհային օվկիանոսների թունավորում, կենդանիների ոչնչացում. սա միայն գլոբալ խնդիրների ոչ ամբողջական ցուցակն է, որով մտահոգված են շատ արեւմտյան երաժիշտներ, դերասաններ, մոդելներ, պրոդյուսերներ, օրինակ՝ համաշխահային շատ աստղեր, այդ թվում՝ Անջելինա Ջոլին, Մադոննան, Բրեդ Փիթը, Պամելա Անդերսոնը, Լեոնարդո Դի Կապրիոն եւ մյուսները, հյուրախաղերից, նկարահանումներից ազատ ժամանակ օգնում են անօթեւան կատուներին, շներին, փորձում կանխել շրջակա միջավայրի աղտոտումը, փրկել կենդանիների հազվագյուտ տեսակները եւ այլն։ Ընդ որում, վերջին շրջանում ավելի ու ավելի շատ հայտնի մարդիկ են ներգրավվում նման բարեգործական նախագծերում, բայց նկատենք, որ «Բեթհովեն» նվագախումբն իր ղեկավարի գլխավորությամբ միակ երաժշտական կոլեկտիվն է, որին ՄԱԿ-ը հայտարարել է բարի կամքի դեսպան։ Այս առիթով մաեստրոն ասաց. «Մեզ համար պատիվ է մասնակից դառնալ մոլորակի էկո համակարգի պահպանմանն ու պաշտպանությանն ուղղված գործին։ Ի դեպ, այդ աշխատանքը մենք համատեղում ենք մեր երաժշտական նախագծերի հետ, մասնակցում ենք գիտաժողովների ու նման այլ միջոցառումների։ Նման վերջին համաժողովը Մադագասկարում էր։ Չգիտես ինչու, մարդիկ անխնա սպանդի են ենթարկում կանաչ տարածքները, չմտածելով իրենց կյանքում դրանց անհրաժեշտության մասին։ Առանց այն էլ բնական աղետներն իրենց սեւ գործն անում են…»։ Ռեպլիկին՝ կան ծառատեսակներ, որ կտրվում են երաժշտական գործիքներ դառնալու համար, մեր զրուցակցի արձագանքը հետեւյալն էր. «Իհարկե կան նման ծառատեսակներ, բայց դրանք պետք է աճեցնել որոշակի տարածքներում՝ հատուկ այդ նպատակով, ինչին այսօր գնում է աշխարհը։ Բնության նկատմամբ հոգատարությունը, որն այսօր, կարելի է ասել՝ դարձել է նոր միտում, պետք է մտահոգի յուրաքանչյուրիս՝ անկախ մասնագիտությունից»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
10.03.2023