Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք հոգանոց կոմիտեն փլուզվեց՝ մտավորականների կողմից աջակցություն չստանալու պատճառով

Մարտ 11,2023 13:00

«Աշխատանքային ռեզերվներ» հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ վաստակավոր մանկավարժ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր, ՀՀ ԿԳ նախկին նախարարի օգնական Արա Մեհրաբյանը հիշում է 1988թ.-ը, Արցախյան շարժման օրերը:

– Պարոն Մեհրաբյան, հիշո՞ւմ եք ձեր առաջին մասնակցությունը Օպերայի հրապարակի միտինգներին:

– 88-ի գրեթե բոլոր միտինգներին մասնակից եմ եղել: Հիշում եմ Վաչե Սարուխանյանի միտինգներում ելույթները …1988թ. փետրվարի 21-ին կամ 22-ին Երեւանում կազմավորվեց առաջին «Ղարաբաղ» կոմիտեն, որը ղեկավարում էին տնտեսագետ Իգոր Մուրադյանը, թատերագետ Վաչե Սարուխանյանը եւ պատմաբան Համբարձում Գալստյանը: Շատ կարճ տեւեց երեք հոգանոց կոմիտեի գործունեությունը եւ այն փլուզվեց մտավորականների կողմից աջակցություն չստանալու պատճառով, քանզի նրանք չէին կարողանում ղեկավարել 100 հազարանոց ցույցերը:


Կենտրոնական լրատվական միջոցներն ամենուր գրգռում էին ոտքի ելած ժողովրդին, անվանելով մեզ «մի խումբ էքստրեմիստներ», «նացիոնալիստներ» եւ «շեղվածներ» բառակապացություններով… Վաչե Սարուխանյանը Ղարաբաղում տիրող իրավիճակների մասին կարճ ինֆորմացիա հայտնելուց հետո չէր կարողանում տիրապետել ստեղծված իրավիճակին, չէր կարողանում զսպել ժողովրդի զայրույթը եւ անկանոն հրահանգներ տալուց հետո հեռանում էր հարթակից: Իգոր Մուրադյանը կոչ էր անում զինվել եւ պայքարը տեղափոխել ուժային դաշտ, Համբարձում Գալստյանն էլ պատմական էքսկուրսիաներ կատարելուց հետո, ոչ մի առաջխաղացման ծրագիր չէր կարողանում ներկայացնել: Մի խոսքով, 1988թ. մայիսին հակասությունները սրվել էին «Ղարաբաղ» կոմիտեի ներսում եւ, ի վերջո, հետագայում ստեղծվեց տասնմեկ հոգանոց «Ղարաբաղ» կոմիտե:

Լավ հիշում եմ, Օպերայի հրապարակում հավաքվել էին բավական մեծ թվով մարդիկ, սպասում էին Ղարաբաղի մասին ինչ-որ ինֆորմացիայի: Այդ պահին հրապարակ մտավ Վանոն: Նա շատ կարճ ելույթ ունեցավ, հայտարարելով, որ մտավորականները որոշել են ստեղծել նոր «Ղարաբաղ» կոմիտե, եւ կարդաց անդամների անունները՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Մանուկյան, Բաբկեն Արարքցյան, Աշոտ Մանուչարյան, Ռաֆայել Ղազարյան, Սամսոն Ղազարյան, Դավիթ Վարդանյան եւ Սամվել Գեւորգյան: Հետո Վանոն առաջադրված ցուցակը դրեց քվեարկության՝ հայտարարելով, թե ով է կողմ: Բնականաբար, 100-150 հոգի ձեռքերը վեր բարձրացրին, հետո դեմ, ձեռնպահ չկար: Վանոն հրճված հայտարարեց, որ որոշումն անցավ միաձայն, նշանակեց հետագա միտինգի օրը եւ հեռացավ: Նոր «Ղարաբաղ» կոմիտեի առաջին միտինգը տեղի ունեցավ կարծեմ հունիսին…

– Իմ հիշելով, դուք «Ղարաբաղ» կոմիտեից գիտեիք Վազգեն Մանուկյանին:

– Հայրս է ճանաչել Վազգենին: Նրա քույրը՝ Հասմիկը, քրոջս հետ է սովորել, Շարժման օրերին «Պիծյոռկա» էին ստեղծել:

– Պարոն Մեհրաբյան, երկու տարի առաջ ձեր հեղինակած «Կադրեր չնկարահանված ֆիլմից. Մի երեւանցու գրառումներ» գրքում գրել եք ձեր հայրիկի՝ ՀՀ պետանվտանգության աշխատակցի՝ Ռաֆայել Մեհրաբյանի մասին: Նա եղել է «Հայրենիք» կինոթատրոնի տնօրենը, նախկինում աշխատել է «Ավանգարդ» թերթում…Գրել էիք, որ նա կանխատեսել էր խորհրդային միության փլուզումը, վկայակոչել նրա ընկերների ասածը՝ «դաշնակ Ռաֆոյի մասին», ինչպես որ անվանել են նրան:

– Հայրս ասում էր, որ «Բոլորս համոզված ենք, որ Մոսկվան արցունքների չի հավատում» եւ անշուշտ հայերի համար ընդունվելու է բացասական որոշում: Եվ հասկանալով այդ ամենը եւ առաջ նայելով, միմյանց միշտ հարց ենք տվել. «Հետո ի՞նչ է լինելու»…

Հիշում եմ, մի քիչ գինովցած այդ օրերին վերադարձա տուն եւ սկսեցի հորս հետ քննարկել Ղարաբաղի հարցի լուծման տարբերակը: Նա ասաց, որ ռուսները հաշվի են նստում ուժի հետ, նրանք հեչ չեն սիրում, երբ իրենց անվանում են «ավագ եղբայր», հասկանալով, որ դա լրացուցիչ պարտականությունների իմաստ է հաղորդում: Հայրս պատմեց. «Ուրեմն, 1975 թվականն է: Մոսկվայի ԿԳԲ-ից Երեւան ստուգող էր եկել: Գնացինք ռեստորան՝ մի կտոր հաց ու աղ կիսելու եւ ռուսին հյուրասիրելու: Ստուգողին միշտ վրդովեցնում էր այն փաստը, որ Հայաստանում ռուսական համայնքը փոքրաթիվ է եւ ուզում էր պատճառաբանել, թե հայերը նացիոնալիստ են: Այդ պատճառով Հայաստանում ռուսներ չեն ապրում: Ես հասկացրի նրան, որ հայերը ինտերնացիոնալիստ են եւ աշխարհում ամենաշատը հայերն են սիրում ռուս կանանց: Ռուսը զայրացավ, թե՝ դուք այլասերված ազգ եք, ասաց՝ հիմա ցույց կտա… Նա ԽՍՀՄ սպորտի վարպետ էր… ես էլ պատասխանեցի՝ բռնցքամարտի սիրահար եմ, եւ բոքսեցի ռուս ԿԳԲ-իստին: Նա բոյով մեկ պառկեց «Արմենիայի» դիմաց: Կյանքում առաջին անգամ հանեցի ԿԳԲ-ի գրքույկս, երբ ոստիկաններ եկան, ու նաեւ՝ նրան տարան ոստիկանություն: Նա ՍՍՀՄ գնդապետ էր: Երբ ուշքի էր եկել, ասել էր, որ գնդապետ է: Նա Մոսկվա գնալուն պես զեկուցել էր, թե հայերը բարիդրացիական ժողովուրդ են»:
Հայրս՝ Ռաֆայել Մեհրաբյանը, «Ղարաբաղ» կոմիտեին ասել էր, որ լիիրավ տիրապետում է ռուսական ռազմավարական ծրագրերին: Իսկ կոմիտեից նեղվել էին՝ «Մենք երկար ժամանակ կանգնած ենք հարթակին, դու ուզում ես մեզ բան սովորեցնես»: Հայրս իր անմիջական գործի արդյունքն էր համարում շուրջ հարյուր հազար սփյուռքահայերի վերադարձը Հայաստան: Նա սովորել է Թիֆլիսի ռազմական ուսումնարանում, ապա Մոսկվայի ԿԳԲ-ի բարձրագույն դպրոցում, նա առաջին հետախուզության վարչության պետն էր: Տիրապետում էր անգլերենին, մասամբ՝ արաբերենին: Նա կանխատեսում էր պատերազմը, սովետի փլուզումը…

Հայրս ասում էր. «Հայկական կողմից ցանկացած փորձ, քաղաքակիրթ փորձ, որն ուղղված էր Ղարաբաղի հարցը լուծելուն, հանդիպում է դաժանության, հայ ազգաբնակչության իրավունքների մասսայական ոտնահարմանը, տնտեսական շրջափակմանը»: Հետո տեսաք, եղավ Սումգայիթ, Կիրովաբադ, Շամխոր, Բաքու: Դրա մեղավորները միայն օտարները չէին, այլեւ մենք մեր միջոցով էինք անում, մեր չուզողությամբ, նախանձով:

– Հայրդ ունե՞ր արխիվ, նա հաճախակի տպագրել է պատմվածքներ, գեղարվեստական գործեր մամուլում: Այս պահին ձեռքիս տակ գտնվող ձեռագրերում անդրադարձել է լեզվին, իսկ քչախո՞ս էր իր մասնագիտության բերումով:

– Նա չէր սիրում պատմել իր աշխատանքից: Բայց վերջերս գտա մի գրառում, երբ պատմել էր «Զա բեզուպրեչնույու սլուժբու» մեդալի մասին:

«Ուրեմն, մեզ հանձնարարված էր վերահսկել բոլոր արտասահմանցիների մուտքը Հայաստան, -գրել էր հայրս,- դա ԿԳԲ-ի պարտադիր գործառույթներից մեկն էր: Մոսկվայից հանձնարարում էին, որ արտասահմանցիներին պետք է ցուցաբերել յուրովի վերաբերմունք եւ նրանց առջեւ պետք է բաց լինեին կենցաղային սպասարկման բոլոր օբյեկտները, կարճ ասած, նրանք պետք է լինեին ուշադրության կենտրոնում: Ցանկացած վայրում այդ օբյեկտները պարտավոր էին ստեղծել ջերմ պայմաններ եւ նրանց ցանկությունները դարձնեին իրականություն… Արտերկրից մի հետաքրքիր անձնավորություն էր ժամանել Հայաստան, ում անցուդարձը Մոսկվայի հանձնարարությամբ պետք է վերահսկեր վարչությունը եւ տասներկու ժամը մեկ զեկուցեր վերադասին: Արտասահմանցին «Արմենիա» ռեստորանում մի փոքր չարաշահել էր ոգելից խմիչքը, որի հետեւանքով ավելացել էր նրա ցանկությունների պահանջը: Վերջինս որոշել էր գնալ «Կազինո»: Մոսկվայից մեզ պարտադրեցին իրականացնել նրա պահանջները… սովետում չկային կազինոներ, բայց կար կրիմինալ շղթա՝ «հանցաշխարհ»: Մեր արխիվներում կային բազմաթիվ նյութեր, որ այդ կառույցներում միշտ էլ գործել են ոչ լեգալ կազինոներ, որտեղ ապահոված են եղել խաղատների համար նախատեսված պայմաններ… Շատ «արագ» բացվեց կազինոն, որի «ատրիբուտիկան» չէր զիջում Լաս Վեգասինը: Հաղթում էր, պարտվում էր, աղջիկներ եկան, ըմպեց վիսկի, քանակի դոլարներ էր ծախսում, մատուցողներին հարցուփորձ էր անում, բարմեններին շաբաշ էր անում, նա զգում էր ինչպես իր տանը: Հետո վիսկիից հրաժարվեց, սկսեց ըմպել հայկական կոնյակ: Իսկ երբ կատարը տաք էր, որոշեց զբաղվել սեքսով… նա մատուցողուհուն կլորիկ գումար տվեց… Մոսկվայի հանձնարարությունը կատարվեց անթերի: Իսկ այդ կնոջը հետագայում շնորհվեց նրանից ստացած բացառիկ տեղեկությունների համար «Զա բեզուպրեչնույու սլուժբու» մեդալը»: «Իրո՞ք նա հերոսուհի էր, այդ կինը ընտանիք ունե՞ր»,- հարցրեցի հայրիկիս: Նա ասաց. «Ընտանիք, այո, ունի, բայց ԿԳԲ-ն հանուն հայրենիքի ընտանիք չունի: ԿԳԲ-ն միայն հայրենիք ունի»…

Մենք մեզ ուժեղ էինք զգում: Մայրաքաղաքի Մելիք Ադամյան փողոցի վրա գտնվող Համագումարների պալատում 1990թ. օգոստոսի 23-ին ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը: Այդ հռչակագրով Խորհրդային սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն….Այդ օրը, իսկապես, «երջանկության արցունքների» օր էր բոլորիս, հայության, մեր պապերի հոգիների համար…Սպորտկոմիտեից տղաներով իջանք «Խլամանոց», որպեսզի նշենք այդ պատմական օրը: Սակայն այնտեղ շամպայն չէր մնացել: Մենք իջանք «Արարատի պադվալ», եւ մինչեւ լույս արբեցինք…

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031