Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Էկոնոմիկայի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների ու պրոֆեսիոնալ ծառայությունների համաշխարհային առաջատար, Google Cloud-ի գործընկեր SADA-ի միջև ստորագրվել է հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կրթության հավասար հնարավորություններ ունենալու, թվային հմտություններին տիրապետող քաղաքացիների կյանքի որակը բարելավելու նպատակով։ Համագործակցության հուշագիրը կնքվել է «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական համաժողովի շրջանակում, որն անցկացվում է մարտի 10-12-ը Երևանի Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը և SADA-ի նախագահ, գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը։
Հուշագիրը կնքելիս կողմերն առաջնորդվել են ՀՀ հանրակրթական դպրոցներում կրթության մակարդակի բարելավման, կրթական որակի չափելիության համար անհրաժեշտ գործիքների ներդրման փոխադարձ ցանկությամբ։ Հուշագրի համաձայն՝ Հայաստանի պետական մարմինները և SADA-ն համատեղում են ջանքերը՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կրթության հավասար հնարավորությունների, կրթական համակարգի թվայնացման զարգացման համար Google Workspace for Education Fundamentals ծառայությունների և գործիքակազմի ներդրման ուղղությամբ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել և հաջողություն է մաղթել կողմերին՝ ընդգծելով կրթական բովանդակության հասանելիության կարևորությունը. «Այս գործիքակազմի և համակարգի ներդրմամբ էապես առաջընթաց է ապրելու հասանելիությունը դեպի կրթական բովանդակություն, իսկ յուրաքանչյուր ժողովրդավար, լուսավորյալ և կիրթ հանրության կայացման գործում անվիճելի է հասանելի կրթությունը։ Վստահ եմ՝ այս գործիքակազմի ներդրման արդյունքները շուտով արդեն կտեսնենք։ Ուրախ ենք նաև, որ սա ուղղակիորեն բխում է կրթության ոլորտում ՀՀ կառավարության ռազմավարությունից»։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ Հայաստանի պետական մարմինները կարևորում են տեխնոլոգիական ծառայությունների մատակարարման համաշխարհային առաջատար ընկերությունների փորձը։ Վահան Քերոբյանը նշել է, որ Google Workspace for Education ծառայությունների և գործիքակազմի համակարգի ներդրման արդյունքում մեր երեխաները կունենան այն նույն թվային միջավայրը, որը Google-ն արդեն ներդրել է աշխարհի բազմաթիվ երկրներում։
Առաջին փուլում համակարգը ներդրվելու է Հայաստանի մի քանի հանրակրթական դպրոցներում, իսկ պիլոտային ծրագրի հաջող իրականացումից հետո տարածվելու է նաև մյուս բոլոր դպրոցներում։
SADA-ի նախագահ և գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը կարևորել է Հայաստանում կրթական համակարգի թվայնացման, դրա արդյունքում կրթության որակի բարելավման և հեռավար կրթության զարգացման անհրաժեշտությունը:
«SADA-ն ՀՀ կրթական համակարգում կապահովի Google Workspace for Education գործիքակազմի և ծառայությունների ինտեգրումը, կներդնի Chrome OS-ը և Chrome OS սարքերը՝ Google-ի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ»,- ասել է Սաֆոյանը։
SADA-ն նաև կտրամադրի ռեսուրսներ նախագծի կառավարումը, ճարտարագիտությունը, փոփոխությունների կառավարման կարգերն ապահովելու համար, կաջակցի ՀՀ պետական մարմիններին արտոնագիր ստանալու հարցում՝ Google-ի որակավորման պայմաններին համապատասխան:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ